
Թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովում նախօրեին ավարտվել է Վաղարշապատ համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրումը: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ։ Նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններում Վաղարշապատ համայնքը նաև խոշորացվելու է. Էջմիածին ու Ոսկեհատ բնակավայրերին միանալու են Խոյ համայնքի 17 գյուղերը:
Վաղարշապատում նախընտրական տրամադրություններ են: Նոյեմբերի 16-ին համայնքում ավագանու համամասնական ընտրություններ են սպասվում։ Դրանց մասնակցելու հայտ է ներկայացրել 8 կուսակցություն և մեկ դաշինք: Երեկ առաջադրման համար նախատեսված ժամկետն ավարտվել է: Ներկայացնում է թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը:

«Առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մայր Հայաստան» կուսակցությունը, «Հայրենիք», «Ազատ դեմոկրատներ», «Համահայկական ճակատ», «Ժառանգություն», «Հանրապետություն » և «Ազգային առաջընթաց» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը»:
Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցելու օգտահաշիվ էր ստացել նաև «Ազգ» կուսակցությունների դաշինքը՝ Ջիվան Աբրահամյանի գլխավորությամբ: Սակայն մինչև առաջադրման ժամկետի ավարտը դաշինքի լիազոր ներկայացուցիչը ընտրատարածքային հանձնաժողով չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Ջիվան Աբրահամյանը «Ռադիոլուրին » պարզաբանել է հրաժարման պատճառը:
«Չեմ ուզում մտնել մի պայքարի մեջ, որտեղ մանիպուլացվելու է եկեղեցին: Իմ օրակարգը համախմբումն էր, միասնությունն էր, ոչ թե պառակտումը: Իսկ այս պրոցեսները, որոնք կատարվում են, նախ՝ չեմ տեսնում, որ իրավական ընտրական մեխանիզմով առաջ են գնալու, այլ տեսնում եմ՝ ընտրակաշառքների, վախի մթնոլորտի վրա: Ես գտնում եմ, որ մեզ համապետական փոփոխություն է պետք, համայնքային փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենալու մեր քաղաքական առօրյայի վրա»:

Ջիվան Աբրահամյանը գլխավորում է Վաղարշապատ համայնքի՝ 2021 թվականին ընտրված ավագանու «Հայրենատէր» խմբակցությունը, որն ունի 2 անդամ:
Ամենամեծ ընտրացուցակը ներկայացրել է «Հաղթանակ» դաշինքը, որի կազմում ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններն են: Ընտրական ցուցակում 99 թեկնածու է։ Համայնքի ղեկավարի թեկնածուն Սևակ Խաչատրյանն է: Նա նույնպես ավագանու անդամ է, ղեկավարում է 10 անդամ ունեցող «Էջմիածին» խմբակցությունը: Մեծությամբ հաջորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության ցուցակն է՝ 85 թեկնածու։
«Մնացած կուսակցությունները ընտրացուցակներում առաջադրել են 30, 31, 32, 33, 35 թեկնածուներ, «Ազգային առաջընթացը»՝ 11, «Հանրապետությունը»՝ 22, «Ժառանգությունը»՝ 19 թեկնածու»:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի աթոռին հավակնում են «Հայրենիք» կուսակցությունից գրող Խաչիկ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցությունից՝ Հարություն Մկրտչյանը, «Ազգային առաջընթաց»-ից՝ Մովսես Մարտիրոսյանը, «Մայր Հայաստան»-ից՝ Գրիշա Հարությունյանը: Վերջինը երկար տարիներ ղեկավարել է Դողս համայնքը: «Մայր Հայաստանի» ընտրացուցակում է նաև Ծաղկունք գյուղի նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը: Ներկայացնում է Գրիգոր Նազարյանը.
« «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ Վահրամ Ազատյան, «Համահայկական ճակատը»՝ Արտյոմ Սիմոնյան, «Ժառանգությունը»՝ Արկադի Փայտյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը»:
Արգիշտի Մեխակյանը 2021թ․ ավագանու ընտրություններից հետո Խոյ համայնքի ղեկավարն էր, 2024թ դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ, իսկ այս տարվա հուլիսի 15-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է: Հոկտեմբերի 7-ին ՔՊ-ն վարչության նիստում հաստատել է ավագանու ընտրական ցուցակը՝ Մեխակյանի առաջնորդությամբ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան.
«Վստահ եմ, որ Վաղարշապատի բնակիչները ճիշտ ընտրություն կանեն, որովհետև, կարծում եմ, ակնհայտ է՝ ճիշտ ընտրություն ասելով, ում նկատի ունեմ»:
Ընտրատարածքային հանձնաժողովը մասնակիցներին գրանցելու է հոկտեմբերի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Գրանցված կուսակցություններին հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում՝ վիճակահանությամբ։




