
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տուժած և տեղահանված երեխաների խնդրի վերաբերյալ իր գրած նամակին։
Առաջին տիկինը հայտնել է, որ Պուտինի հետ «բաց հաղորդակցման ալիքի» շնորհիվ ուկրաինացի 8 երեխա վերջին օրերին վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ։
Նրա խոսքով՝ նամակը Պուտինին հանձնվել է անձամբ՝ օգոստոսին Ալյասկա կատարած այցի ժամանակ։
«Յուրաքանչյուր երեխա ապրել է խառնաշփոթի և վախի մեջ՝ պատերազմի հետևանքով։ Նրանց վերադարձը իրենց ընտանիքներ հույսի նշան է բոլորի համար»,-ասել է Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում։
Առաջին տիկինը նշել է, որ երեխաների վերամիավորումը հնարավոր է դարձել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի համագործակցության արդյունքում։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմը հաստատել է ներկայացված տվյալների իսկությունը։ Մելանյա Թրամփը նաև ընդգծել է, որ շարունակելու է իր «BE BEST» նախաձեռնության շրջանակում աջակցել երեխաների իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցերին։




