ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Իրանցի կանայք այլևս չեն պատժվի գլուխը բաց քայլելու համար

Իրանցի կանանց համար հիջաբ կրելն այլև պարտադիր չէ, նրանք գլխաբաց փողոց դուրս գալու համար այլև չեն տուգանի, բերման չեն ենթարկվի։ Իշխանության այս որոշումը ոգևորել է կանանց իրավունքների պաշտպաններին, զայրացրել՝ պահպանողականներին։

ԻՆչպե՞ս են արձագանքել իրանցի կանայք այս որոշմանը և ինչո՞ւ է հիմա այն կայացվել։

Համացանցում միլիոնավոր դիտումներ են հավաքել իրանցի օգտատերերի տարածած կադրերը, որոնցում երիտասարդ աղջիկներ են ու կանայք՝ եվրոպական հագուստով, որոնք առանց մազերը ծածկելու քայլում են փողոցներով, նկարվում ու անգամ պարում։ Տեսանյութը նկարահանվել է Իսլամական հանրապետության մայրաքաղաքում, որտեղ հիջաբ կրելը պարտադիր է։  

Իրանցի կանայք վայրկենական են արձագանքել իրենց՝ ազատ հագուստ կրելու մասին նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Բահոնարի հայտարարությանը․ նա ասել էր շատերի համար այդքան սպասված խոսքը՝  հիջաբ չկրող կանանց այլև չեն տուգանելու, չեն պատժելու։

«Համակարգի ընդհանուր դիրքորոշումն այժմ այն ​​է, որ հիջաբ կրելը պարտադիր լինելու մասին օրենքն այլևս պարտադիր չէ: Եթե ձեզ այնուամենայնիվ փորձեն տուգանել, կարող եք հաղորդել դրա մասին», — ասել է նա:

Ավելի վաղ հիջաբը պարտադիր կրելուն դեմ էր արտահայտվել Իրանի նախագահը։

«Մարդիկ ընտրության իրավունք ունեն»,-ասել է Մասուդ Փեզեշքիանը՝ ամերիկյան NBC News-ին։ Բարեփոխական նախագահը դեռևս 2024-ի դեկտեմբերին նախընտրական քարոզարշավի ընթացքում էր խոստացել դադարեցնել մահմեդական դրես-կոդը չպահպանելու համար կանանց հետապնդումները։ Նա մեծ կարևորություն էր տվել հանգամանքին, որ հիջաբի մասին օրենքը կարող է հասարակության դժգոհությունն առաջացնել և վետո էր դրել փաստաթղթի վրա։

Հիջաբ կրելը ոչ պարտադիր դարձնող որոշումը Իրանում ու երկրի սահմաններից դուրս պատմական են համարում։ Կանայք իսլամական հանրապետությունում տարիներ ի վեր պայքարում են իրենց իրավունքների, այդ թվում հագուստն ազատորեն ընտրելու համար։

Հիջաբի թեման պարբերաբար ալեկոծում է իրանական հասարակությունը․ 2022-ին ուսանողուհի Մահսա Ամինիի մահից հետո երկրում սկիզբ առան բողոքի զանգվածային ցույցեր․ Բարքերի ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել հիջաբը սխալ կրելու համար և տարել բաժանմունք, ինչպես աղջկա հարազատներն էին պնդել, նրան ծեծելով սպանել էին իրավապահները։  

Կանայք զանգվածաբար կտրում էին մազերը, այրում հիջաբը։ Մահացան տասնյակ ցուցարարներ, հազարավորները ձերբակալվեցին, մի քանիսին էլ ենթարկեցին մահապատժի։

Պահպանողական շրջանակներում այս որոշումը միանշանակ չի ընկալվում։ Ծայրահեղ պահպանողական խորհրդարանականներն իսկական գրոհ են սկսել իշխանության դեմ։

Սակայն, ըստ վերլուծաբանների, պաշտոնական Թեհրանը դժվար թե զիջի․ սա, ըստ նրանց սոցիալական ճնշումը նվազեցնելու փորձ է, ռազմավարական զիջում՝ հասարակությանը կոնսոլիդացնելու նպատակով։

Իսրայելի հետ 12-օրյա պատերազմն ի ցույց դրեց երկրի խոցելիությունը և կա գիտակցություն, որ Իրանին ներքին կայունություն է անհրաժեշտ։ Սոցիալական կոշտ սահմանափակումները, որոնք առաջացնում են իրանցիների դժգոհությունը, կարող են ուղիղ սպառնալիք դառնալ ազգային անվտանգությանը գոնե այս փուլում։

Ըստ փորձագետի՝ ավելի ուշ հիջաբ կրելը կարող է կրկին դառնալ պարտադիր։

Կարդացեք նաև

Back to top button