
ԵՄ 27 անդամ պետություններից 7-ը 2024 թվականի համեմատ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը: Reuters-ը նման եզրահանգման է եկել՝ վերլուծելով Հելսինկիում գտնվող անկախ կազմակերպության՝ Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) վիճակագրական տվյալները:
Այս տարվա առաջին ութ ամիսներին՝ հունվարից օգոստոս, ԵՄ ներմուծումը կազմել է 11.4 միլիարդ եվրո:
Ֆրանսիան ռուսական էներգակիրների գնումներն ավելացրել է 40%-ով՝ հասնելով 2.2 միլիարդ եվրոյի, Նիդեռլանդները՝ 72%-ով՝ հասնելով 498 միլիոն եվրոյի: Բելգիան գրանցել է 3% աճ, Խորվաթիան՝ 55%, Ռումինիան՝ 57%, իսկ Պորտուգալիան՝ 167%:
Հունգարիային և Սլովակիային, որոնք մերժում են ռուսական գազից հրաժարվելու գաղափարը, բաժին է հասնում ընդհանուր գումարից 5 միլիարդ եվրոն: Հունգարիայում ներմուծումն աճել է 11%-ով:
Ֆրանսիայի էներգետիկայի նախարարությունը Reuters-ին հայտնել է, որ թվերը աճել են, քանի որ իրենք սպասարկում են այլ երկրներից գնորդների: Kpler-ի վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանից ֆրանսիական ներմուծման մի մասը ուղարկվում է Գերմանիա։
Գերմանիայի գազամատակարարման ցանցի 10%-ը շահագործող SEFE-ի ներկայացուցիչը հաստատել է, որ ընկերությունը ռուսական գազ է ներմուծում Ֆրանսիայի և Բելգիայի միջոցով։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը Reuters-ին հայտնել է, որ ողջունում է ԵՄ ջանքերը՝ ռուսական էներգակիրների ներմուծումը աստիճանաբար դադարեցնելու համար: Միևնույն ժամանակ, SEFE-ն հեղուկացված գազ գնելու համար երկարաժամկետ պայմանագիր է կնքել ռուսական «Յամալ»-ի հետ և այն դադարեցնելու հնարավորություն չունի։
«Պայմանագրի պայմանների համաձայն… SEFE-ն պարտավոր կլինի վճարել համաձայնեցված ծավալների համար, նույնիսկ եթե մատակարարումներ չիրականացվեն», — պարզաբանել է նախարարության խոսնակը: «Այս ծավալները չընդունելը թույլ կտա «Յամալին» վերավաճառել գազը, ինչը կրկնակի աջակցություն կլինի Ռուսաստանի տնտեսությանը», — հավելել է նա։
Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի մատակարարումները լիովին դադարեցնելու ԵՄ ծրագրերին։ Սակայն, քանի դեռ այդ առաջարկները չեն ամրագրվել ԵՄ օրենսդրության մեջ, իշխանությունները չեն կարող արգելափակել եվրոպական էներգետիկ ընկերությունների և ռուս մատակարարների միջև գործող պայմանագրերը, հայտնել են կառավարությունից։
Տես նաև՝ ԵՄ-ն աստիճանաբար դադարեցնում է ռուսական նավթի և գազի ներմուծումը. հարցը կքննարվի առաջիկայում




