ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ԵՄ-ն աստիճանաբար դադարեցնում է ռուսական նավթի և գազի ներմուծումը. հարցը կքննարվի առաջիկայում

Բրյուսելում ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները ռուսական գազից և նավթից հրաժարվելու ծրագրի վերաբերյալ քննարկման փաստաթուղթ են պատրաստել։ DW-ի տվյալներով՝ միության գրեթե բոլոր երկրները աջակցել են ռուսական էներգակիրների ներմուծումն արգելելու քաղաքական առաջնահերթ նպատակին։ Առանձին քննարկման հարց է նավահանգիստների վերահսկողությունը՝ չթողնելու, որ ռուսական էներգակիրները հասնեն ԵՄ երկրներ։

ԵՄ խորհուրդն առաջիկայում կքննարկի ռուսական նավթից և գազից հրաժարվելու ծրագիրը։ Միության անդամ երկրները մեծ մասամբ համաձայն են այդ նախաձեռնությանը։ Որոշակի վերապահումներ ունեն միայն Հունգարիան ու Սլովակիան։ Առանձին քննարկման թեմա է ԵՄ նավահանգիստներում հեղուկացված բնական գազի ծագումը վերահսկելու հարցը։ Միության համար կարևոր է, որ ԵՄ հասնող նավթն ու գազը ռուսական չլինեն։

Բրյուսելում ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին Միության էներգետիկայի խորհրդի քննարկման համար համապատասխան փաստաթուղթ են պատրաստել՝ DW-ին հայտնել է ԵՄ պաշտոնյան։ Աղբյուրի համաձայն՝ միության գրեթե բոլոր երկրներն աջակցել են ռուսական գազի ներմուծումն արգելելու և ԵՄ խորհրդի նիստում ընդհանուր մոտեցում մշակելու քաղաքական առաջնահերթ նպատակին։

Որոշ երկրներ առաջարկել են թուլացնել արգելքի կիրառման մեխանիզմները, սակայն մեծ մասը դեմ է արտահայտվել նման քայլին։

Մշտական ​​ներկայացուցիչները հավանաբար կվերսկսեն ռուսական էներգակիրներից հրաժարվելու ծրագրի քննարկումները հոկտեմբերի 15-ին, սակայն հնարավոր է, որ փաստաթղթի տեքստը ներկայացվի ԵՄ անդամ երկրների էներգետիկայի նախարարներին առանց հետագա վերանայման՝ գրում է DW-ն։

Հոկտեմբերի 8-ին Reuters-ը, հղում անելով դիվանագիտական ​​իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները հաստատել են մինչև 2028 թ․ ռուսական նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ծրագիրը:

«Չորեքշաբթի՝ փակ նիստի ժամանակ, ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնել են առաջարկվող օրենքն ուղարկելու իրենց նախարարներին՝ հոկտեմբերի 20-ի նիստին հաստատելու համար»,— գրում է գործակալությունը։

Ռուսական էներգակիրների ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ծրագիրը պետք է հաստատի, այսպես կոչված, որակյալ մեծամասնությունը, այսինքն՝ ԵՄ անդամ երկրների 55 %-ը: Այսպիսով, ըստ Reuters–ի, հակառակ Հունգարիայի և Սլովակիայի վերապահումներին, ակնկալվում է, որ փաստաթուղթը կընդունվի, քանի որ ԵՄ մյուս՝ գրեթե բոլոր երկրները պատրաստ են աջակցելու դրան: Կարևոր հարցերից է ԵՄ նավահանգիստներում հեղուկացված բնական գազի նախնական ստուգումների և վերահսկողության անհրաժեշտությունը՝ համոզվելու, որ այն ռուսական չէ։

RePowerEU ծրագրի տվյալներով՝ ռուսական գազի ներմուծումը կարգելվի 2026 թ․ հունվարի 1-ից նոր պայմանագրերի համար, որոնք կնքվել են 2025 թ․ հունիսի 17-ից հետո։ 2026 թ․ հունիսի 17-ից հետո կարգելվեն կարճաժամկետ պայմանագրերով նախատեսված ներմուծումները, իսկ 2028 թ․ հունվարի 1-ից՝ երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումները։

Միևնույն ժամանակ օրենքը կպարտավորեցնի Հունգարիային և Սլովակիային, որոնք ռուսական նավթ են ներմուծում, պատրաստելու ազգային ծրագրեր՝ 2028–ից սկսած այդ գնումները փուլ առ փուլ դադարեցնելու համար։

Reuters-ը գրում է, որ Հունգարիան, Ֆրանսիան և Բելգիան դեռևս ներկրում են ռուսական գազ, որի ներմուծումը կազմում է ԵՄ գազի գնումների 12 %-ը։ Համեմատության համար նշենք, որ 2022 թ․ Ռուսաստանից  գազի ներմուծումը կազմել է ԵՄ գազի ընդհանուր ներմուծումների 45 %-ը։

Ռուսական էներգակիրների ներմուծումն արգելելու մոտեցումը միտված է Մոսկվային զրկելու եկամտի զգալի աղբյուրից, որը Ռուսաստանն ուղղում է Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելուն։

Կարդացեք նաև

Back to top button