Ֆրանսիայում նոր կառավարության կազմի հայտարարումից ընդամենը 14 ժամ անց վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել։ Նա պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին։
Միջազգային մամուլը գրում է, որ Լեկոռնյուն չի հասցրել կառավարության գոնե մեկ նիստ անցկացնել։ Երկիրը դարձյալ առանց վարչապետի է։
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է․ կառավարության նոր կազմը չի հասցրել անգամ մեկ օր աշխատել, իսկ վարչապետը պաշտոնավարել է 27 օր։
Սեբաստիան Լեկոռնյուն ընդդիմության քննադատության ֆոնին, նոր կառավարության ձևավորումից 14 ժամ անց հրաժարական է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին։ Տարաձայնությունների պատճառը հենց կառավարության կազմն է։ Նոր կաբինետի 18 անդամներից 13-ը գործադիրի նախկին կազմից են, ինչն էլ դժգոհության պատճառ է դարձել։ Հրաժարականից հետո նոր և արդեն պաշտոնաթող վարչապետն ասել է․
«Այսօր՝ երկուշաբթի առավոտից, այլևս պարտադիր պայման չկա, որ ես կատարեմ վարչապետի իմ պարտականությունները, որպեսզի կառավարությունը վաղը ներկայանա Ազգային ժողով»։
Ֆրանսիայի նորանշանակ և հեռացած վարչապետի քայլին հաջորդել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի նախարար նշանակված էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո լը Մերի հրաժարականը։ Նա հույս է հայտնել, որ իր քայլով հնարավորություն կտա շարունակելու նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները։
«Ես ընդունում եմ, որ իմ որոշումը որոշ մարդկանց շրջանում անհասկանալի, կեղծ և անհամաչափ արձագանք է առաջացնում»,-գրել է նախարարը X-ում՝ հավելելով, որ պաշտոնն ընդունել է՝ ելնելով պարտքի զգացումից և հանուն Ֆրանսիայի։ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում Մերը խստորեն քննադատվում էր և մեղադրվում երկիրը տնտեսական ծանր վիճակի հասցնելու համար:
«Այդ հանգամանքների լույսի ներքո ես այսօր՝ առավոտյան, Հանրապետության նախագահին առաջարկեցի անհապաղ հրաժարականս ներկայացնել կառավարությանը և իմ լիազորությունները փոխանցել վարչապետին։ Նախագահն ընդունել է իմ առաջարկը»։
Ընդդիմությունը նախագահից հրաժարական է պահանջում կամ արտահերթ ընտրություններ։
Ըստ Le Figaro-ի՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին կողմ է ֆրանսիացիների մեծամասնությունը։ Սոցհարցումների տվյալներով՝ ֆրանսիացիների ավելի քան 52 %-ը նախագահի հրաժարական է պահանջում, շուրջ 25 %-ը՝ խորհրդարանի լուծարում և արտահերթ ընտրությունների անցկացում։
Միջազգային մամուլն իրավիճակը փակուղային է որակում։ Մինչ Ֆրանսիայի արդեն նախկին վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ փորձում է մինչև հոկտեմբերի 8-ն ինչ-որ համաձայնության հանգել կառավարության ձևավորման հարցում, խորհրդարանում մեծամասնություն կազմող ձախերի քաղաքական ճամբարում պառակտումը խորանում է՝ գրում է RFI-ն։
Այսօր նախագահ Մակրոնը ընտրության մեծ հնարավորություն չունի․ կա՛մ պետք է ցրի խորհրդարանը, կա՛մ համաձայնության եզրեր գտնի, կա՛մ հրաժարական տա։
«Ո՛չ նոր կառավարության նշանակումը, ո՛չ Ազգային ժողովի ցրումը երկիրը փակուղուց դուրս բերելու միջոց չեն․ ելքը հանրապետության նախագահի հրաժարականն է»,-RFI-ին ասել է «Անհնազանդ Ֆրանսիա» խմբակցության համակարգող Մանուել Բոնպարը։
Սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը մինչդեռ այս ուղին սխալ է համարում։
«Այս ամենն արդեն իմաստ չունի․ մենք պետք է վերադարձնենք երկիրը կառավարելու ունակությունը, միավորվենք հանուն պարզ մի նպատակի՝ էկոլոգիական-սոցիալական արդարության»,-ասել է նա։
Այսօր ձախերի ճամբարը փորձում է փրկել կանաչների առաջնորդ Մարին Տոնդելիեն։
«Հասկանում ենք, որ մեր գործընկերների միջև իրավիճակը բարդ է։ Մեր պարտքն է հաղթահարել դա, և առաջարկում ենք հանդիպել չեզոք տարածքում։ Յուրաքանչյուրը ստանձնում է իր պատասխանատվությունը՝ գալով կամ չգալով այդ հանդիպմանը»,-ասել է նա։
Կարծես սոցիալիստներն իրենց ընտրությունը կատարել են՝ նախընտրելով Էմանուել Մակրոնի հետ պոկերը, այլ ոչ թե ձախ արմատականների առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնի հետ նոր ճակատամարտը․ ստեղծված իրավիճակն այսպես է ներկայացնում միջազգային մամուլը։
Լրատվամիջոցները գրում են նաև, որ Մակրոնը, ի տարբերություն Ֆրանսիայի, պահանջված ֆիգուր է ԵՄ–ի համար և նրա հեռանալով եվրոպական քաղաքականությունը շատ հարցերում կտուժի։ Մասնավորապես ընդգծվում է ուկրաինական խնդրում Ֆրանսիայի հստակ դիրքորոշումը։
Իսկ ի՞նչ է լինելու։ Ըստ վերլուծաբանների՝ այս հարցին ամեն հրաժարականից հետո ավելի ու ավելի դժվար է պատասխանելը։ Հստակ է մեկ բան․ հոկտեմբերի 7-ը հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման վերջնաժամկետն է։ Ակնհայտ է, որ փաստաթուղթն օրենսդիր մարմնին չի ներկայացվի գործադիրի բացակայության պատճառով։




