
Միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը (ՄԿՈՒ-ն ) ոչ միայն այլընտրանք է բարձրագույն կրթությանը, այլև գործնական հմտությունների ձեռքբերման իրական հնարավորություն՝ երիտասարդների և մեծահասակների համար։
Միջին մասնագիտական կրթությունն այլևս պարզապես անցումային փուլ չէ, այլ լիարժեք հնարավորություն՝ հստակ մասնագիտություն ստանալու և տնտեսության զարգացող ոլորտներում տեղ գտնելու համար։ Այն կարող է դառնալ հաջող կարիերայի հիմք՝ եթե համատեղվի որակյալ կրթության, գործատուի ներգրավվածության և միջազգային լավագույն փորձի կիրառման հետ։



Ի՞նչ իրական հնարավորություններ է տալիս միջին մասնագիտական կրթությունը, ի՞նչ խնդիրների է բախվում այս համակարգը, և ինչո՞ւ է ոլորտը նորից արժևորվում պետական և մասնավոր հատվածների կողմից։

«ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ հանրության մտածելակերպը, վերաբերմունքը փոխվել է։ Դրա մասին վկայում են նաև վերջին երկու տարվա մեր ընդունելության արդյունքները։ Արդեն իսկ և՛ հասարակության, և՛ գործատուների շրջանակում փոխվում է մոտեցումը, որ կար մի ժամանակ, երբ բոլորը պահանջում էին բարձրագույն կրթություն և լեզվի իմացություն՝ ցանկացած մասնագիտության համար, անկախ նրանից՝ դա պետք էր իրենց, թե՞ ոչ։ Փոխվել է մոտեցումը, և գործատուին հստակ պետք է, որ անձը օժտված լինի հմտությունով և կարողունակությամբ»,– ասում է ԿԳՄՍ նախարարության ՄԿՈՒ վարչության պետ Արմենուհի Պողոսյանը։
«Դպրություն» հաղորդման հյուրն է՝ ԿԳՄՍ նախարարության ՄԿՈՒ վարչության պետ Արմենուհի Պողոսյանը։




