
2024-ից Հայաստանում մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման երկրորդ փուլը։ Ըստ այդմ՝ ընդլայնված շահառուների խումբը պետք է անցած տարվա եկամուտների հայտարարագիրը ներկայացներ մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Բայց դա երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Հետաձգման հիմնական պատճառը նույնականացման խնդիրները և հերթերն էին։ Այժմ հարցը լուծվել է, և հայտարարագրման վերջնաժամկետը մոտենում է։ Բայց հայտարարագիր ներկայացնողները նորից դժվարություններ ունեն, ուստի որոշվել է գործընթացը պարզեցնել։
Քիչ ժամանակ է մնացել, որ ՀՀ բոլոր վարձու աշխատողները ներկայացնեն 2024-ի եկամուտների հայտարարագրերը։ Սեպտեմբերի տվյալներով՝ հայտարարագիր է ներկայացրել ավելի քան 90 հազար քաղաքացի՝ ակնկալվող քանակի մոտ 15 %-ը։ Հայտարարագրման վերջնաժամկետը մեկ անգամ արդեն երկարաձգվել է․ մայիսի 1-ից հասցվել է նոյեմբերի 1-ը։ Հայտարարագիր ներկայացնելու համար նախ պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենալ։ Իսկ դրա համար՝ նույնականացման քարտ է անհրաժեշտ։ Այստեղ է, որ քաղաքացիների մեծ մասն անցած ամիսներին բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեց։ Բայց հարցն այժմ լուծված է՝ «Ռադիոլուր»-ին վստահեցնում է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը․
«Նույնականացման քարտերի մասով կարող եմ ասել, որ մենք իրականացրել ենք էական տեխնիկական վերազինում։ Հիմա ավելի մեծ քանակությամբ ենք կարողանում օրվա կտրվածքով տպագրել նույնականացման քարտեր, ընդունել դիմումներ։ Եթե նախկինում օրական մոտ 800 էր, այժմ 2 հազար է։ Ունենք դեռևս մեծ քանակությամբ օնլայն հերթագրումներ, սակայն հնարավորություններ ենք ստեղծում նաև որոշ դեպքերում կենդանի հերթով սպասարկման։ Ըստ այդմ՝ կարող եմ ասել, որ խնդիրն էականորեն մեղմվել է, և առաջիկայում ևս կտեսնեք որոշակի քայլեր այս ուղղությամբ արվելիք, որոնք կնպաստեն այս խնդրի ամբողջական լուծմանը»։
Օրերս պարզվեց, որ նախագիծ է մշակվում հայտարարագրումը պարզեցնելու համար։ Այդ մասին Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում տեղեկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:
«Եթե քաղաքացին կարծում է՝ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել: Այս դեպքում հայտարարագիրը չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի»:
Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ունի եկամուտներ, որոնք ՊԵԿ-ին հասանելի չեն եղել, և ինքը պետք է դրանք հայտարարագրի: Եթե հետագայում պարզվի, որ եղել են նման եկամուտներ, և քաղաքացին չի ներկայացրել, ապա դրա համար արդեն որոշակի պատասխանատվության կենթարկվի։ Ներդրվում է նաև օգնականի ինստիտուտը։ Եթե քաղաքացին դժվարանում է լրացնել հայտարարագիրը, ապա նրան օգնող կլինի․
«Եթե քաղաքացին այս նույն համակարգում իր համաձայնությունը տա, ապա ՊԵԿ-ը կարող է ավանդներից ստացված եկամուտները ստանալ բանկից ու լրացնել ինքնաշխատ, եթե չտա համաձայնություն, ապա քաղաքացին ինքը կփորձի տվյալները ստանալ ու ինքնուրույն անել դա»։
Սոցիալական կրեդիտներ ստանալու ակնկալիք ունեցող քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն հայտարարագիրը։ Հակառակ դեպքում նրանք կզրկվեն այդ հնարավորությունից, բայց հայտարարագիր չլրացնելու համար չեն պատժվի։ 2026-ից կընդլայնվի պարտադիր հայտարարագիր ներկայացնողների ցանկը։ ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարևորում է հայտարարագրման ինստիտուտի անհրաժեշտությունը․
«Շատ դեպքերում ասվում է՝ միջամտություն, բայց ես միջամտությանը կողմնակից չեմ։ Դա վերահսկելիությունն է բարձրացնում, հատկապես հիմա, երբ որ ֆինանսական հոսքերը, ֆինանսական մեխանիզմները, ֆինանսավորման գործիքակազմը հսկայական մեծացել են, և այդ մեծացմանը զուգահեռ՝ պետական վերահսկողական գործիքակազմը մնացել է նույնը կամ դեռևս չի արդիականացվել կամ անհրաժեշտ չափով չի արդիականացվել, հատկապես թվային գործարքների, թվային արժույթով գործարքների և մյուսների հետ կապված»։
Հայաստանում ֆինանսական ու տեխնիկական գրագիտության պակաս կա, ինչը որոշակի խնդիրների առաջ է կանգնեցնում շահառուներին։ Այժմ մի շարք պարզեցումներ են արվել և խնդիրները, ըստ էության, նվազել են։ Պետությունը հասարակության առաջ պետք է թափանցիկ լինի։ Բայց այդ թափանցիկությունը նաև հասարակությանն է վերաբերում։ Հայտարարագրման ինստիտուտի ներդրումը նաև այս հարցն է լուծում՝ ամփոփում է փորձագետը։




