ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գյումրու տոնը՝ իրեն բնորոշ կոլորիտով ու միջոցառումներով

Իրեն բնորոշ համ ու հոտով, ավանդույթներով և ավանդականի մասին հիշեցումներով․ հոկտեմբերի 4-ին հանրապետության երկրորդ քաղաքում նշվել է «Գյումրու օր» ավանդական դարձած տոնը: Հայրաքաղաքում տոնակատարությունները մեկնարկել են առավոտյան՝ քաղաքի տարբեր հատվածներում բազմազան միջոցառումներով, իսկ միջոցառումը եզրափակվել է տոնական համերգով ու հրավառությամբ:

«Հայաստանի աղն ես, Գյումրի»․ Հովհաննես Շիրազն է իր սիրելի ծննդավայրն այսպես բնորոշել բանաստեղծության մեջ, որը հետագայում, Վլադիլեն Բալյանի երաժշտությանը համադրվելով, դարձել է «Դու իմ Գյումրի» երգը, որ հնչում է որպես հայրաքաղաքի հիմն:

Հարուստ պատմություն ունեցող Գյումրին այսօր էլ փորձում է պահպանել իր ուրույն դիմագիծն ու 19-րդ դարի քաղաքի կոլորիտը: Տեղացիների ձևակերպմամբ՝ ալեքպոլցի ուստեքի՝ սև ու կարմիր քարերի համադրությամբ կառուցած շինություններն այսօր էլ հիացնում են քաղաքի հյուրերին ու ճարտարապետներին, բայց դրանց մի մասը ժամանակի ընթացքում խարխլվել ու քանդվել է:

Արվեստագետ Գագիկ Թովմասյանը հիմա հիշողությամբ վերականգնում է այդ շենքերն ու ստեղծում դրանց մանրակերտը՝ պատմելով․ «Էս աշխատանքներով ես հիմնականում ուզեցել եմ ցույց տալ հին քաղաքի էն շենքերը, էն շինությունները, որոնք  արդեն չկան կամ էլ շատ խարխուլ վիճակում են: Ես էդ շենքերը նկարում եմ ու դրանց հիման վրա սարքում եմ: Օրինակ՝ էս տունը․․․ էստեղ ես մանկապարտեզ եմ հաճախել, հիշողությունովս նկարել եմ»։

Իր հուշերում ամբարված տպավորություններով էլ գունեղ ու ինքնատիպ ակրիլային կտավներ է ստեղծում Գյումրու պատվավոր քաղաքացի, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը: Գեղանկարչուհին պատկերում է հիմնականում ալեքպոլյան շրջանում ապրած մարդկանց կենցաղն ու հագուկապը՝ կտավները համեմելով  քաղաքի կոլորիտային տեսարաններով: Գեղանկարչուհին Գյումրին անվանում է իր հոգու տունը և քաղաքի օրվա առիթով ներկայացել էր իր աշխատանքների մեծ ցուցադրությամբ:

«Պատահական չէ, որ ես ցուցահանդեսն անվանել եմ «Ին հոգու տուն Գյումրի», որովհետև յուրաքանչյուր գյումրեցի սիրում է իր քաղաքը, էդ քաղաքն իր հոգին է, առանց դրա մարմինը գոյություն չունի, և իմ աշխատանքում ես աշխատել եմ, ինչքան հնարավոր է, արտահայտել հատկապես Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանի մշակույթը, որովհետև այդ ժամանակաշրջանում էր, երբ Ալեքպոլում բուռն զարգացան և՛ երաժշտությունը, և՛ թատրոնը, և՛ օպերան»։

Գյումրին արհեստավորների քաղաք է, այստեղ բոլոր ժամանակներում էլ հնչում է դարբինների մուրճերի զնգոցն ու, տեղացիների ձևակերպմամբ, փեշակը փոխանցվել է սերնդեսերունդ: Գյումրին նույնիսկ իր բաժակն ու գաթան ունի, որոնք դարձել են քաղաքի խորհրդանիշները և քաղաքի օրը արհեստների ցուցադրությանը դրանք ներկայացված էին կողք կողքի տաղավարներում։

Մասնակիցները պատմում են․ «Ինչպես գիտեք, Գյումրու խորհրդանիշն է մուշուրբան՝ կլկլանը: Էստեղ ունենք 150 տարվա պատմություն ունեցող կլկլան, և էստեղ ունենք արդեն գյումրեցի տարբեր վարպետների պատրաստած կլկլաններ: Իրականում պատրաստման եղանակը թերևս գաղտնիք է, և վարպետները դա գաղտնի են պահում, միայն եթե տեսնեք՝ էստեղ փոքր անցք կա, և էս անցքի միջոցով խմելու ընթացքում ջուրը սկսում է կլկլալ»։

«Ավանդական սինի է։ Առաջներում՝ հացը թխելուց հետո, երբ թոնիրը սկսել է հովանալ, պատրաստել են խմորը: Դրա բաղադրիչների մեջ գերակշռողը յուղն է, դրա համար էլ ապահոված է փխրունությունը: Միշտ պատրաստում ենք, պահպանում ենք ավանդույթները»:

Գյումրեցիք ավանդապահ, տոկուն տեսակ են, թասիբով՝ հենց այսպես են իրենք իրենց բնութագրում տոնակատարության մասնակիցները՝ հպարտորեն նկատելով, որ նույնիսկ երկրաշարժն ու դժվարությունները չեն փոխել իրենց տեսակն ու լավատեսությունը, հումորի զգացումը:

«Գյումրեցիք միշտ եղել են ու կան թասիբով մարդիկ, և որևէ դժվարություն չի կարող խանգարել իրենց տեսակը պահպանել»:

«Էնքան ուրախ եմ, որ պահպանել ենք մեր դեմքը, մեր հայկականը, հենց Գյումրվա կոլորիտը պահպանված է: Բազում քաղաքներ կարծես արդեն աշխարհիս երեսից կորչում են, բայց Գյումրին դա պահպանել է, պահպանելու է միշտ»:

«Գյումրին ինձ համար առանձնահատուկ է ու ինձ համար աշխարհի կենտրոնն է՝ իր ամեն ինչով, իր նիստ ու կացով, իր մարդկանցով, իր ռեսուրսներով, իր տաղանդներով»:

Գյումրին բազմաթիվ հեղինակավոր մարդիկ է տվել հայ ազգին՝ Շիրազ, Իսահակյան, Մհեր Մկրտչյան, Խաչատուր Ավետիսյան, Շարա Տալյան, աշուղներ, չեմպիոններ: Գյումրին ամենայուրօրինակ, ամենածայրահեղ ընկալումների քաղաք է՝ նշում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ շեշտելով՝ Գյումրին պարզապես պետք է սիրել ու նվիրված աշխատել քաղաքն ավելի ճանաչելի դարձնելու համար:

«Այստեղ ոչ մի անիսկական բան կենսագրություն չունի, և ընդունվում է միայն անկեղծ նվիրումը, ընդունվում է միայն անսահման հավատը, և ես գիտեմ, որ այս քաղաքը երբեք չհանձնվող քաղաք է․ վկան այն պատմությունը, որով անցել է: Ուզում եմ մեր սիրուն քաղաքը միշտ ժպտացող տեսնել, միշտ մարդաշատ, հյուրընկալ, այնպես, ինչպես իրեն բնորոշ է»։  

Գյումրու օրն իսկական տոն էր: Բազմազան միջոցառումներ անցկացվեցին նաև թանգարաներում ու մշակութային կենտրոններում: Իսկ գյումրեցի երեխաները կենտրոնական հրապարակից սպիտակ փուչիկներ ու խորհրդանշական աղավնիներ բաց թողեցին երկինք՝ խաղաղության մաղթանքով։  

Կարդացեք նաև

Back to top button