
Կոպենհագենի եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաև ապատեղեկատվական հոսքերի և հիբրիդային պատերազմի մարտահրավերները։
Եվրոպական առաջնորդներն արձանագրել են ոչ միայն խնդրի լրջությունը, այլև այն, որ ապատեղեկատվական հոսքերի հիմքում սոցիոլոգիական ու գիտական վերլուծություններ են։ Կոպենհագենից վերադառնալուց հետո թեմային անդրադարձել է վարչապետը՝ այն կարևոր համարելով նաև Հայաստանի համար։
Ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմների համար կան վիճակագրական որոշակի հիմքեր, որոնցից օգտվում են դրանց հեղինակները։ Այդ գործը, կարելի է ասել, անգամ «գիտական» հենքի վրա է դրվում։ Դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում` պարզելու, թե որ ոլորտներն են ավելի բացասական ազդեցություն ապահովում։
«Պարզվել է, որ դրանք չորս ոլորտներն են` առաջինը ազգայնությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը և դրա այլընտրանքային մեթոդները, և չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է` պարզ է, թե առակս ինչ է ցուցանում, և հաջորդ հետևությունն այն է, որ մեր հանրությունը, այնուամենայնիվ, շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից»։
Ապատեղեկատվության թեման երկրների ղեկավարներն օրերս քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի՝ Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ եվրոպական երկրներից մեկի օրինակով։ Իսկ մինչև Կոպենհագենը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապատեղեկատվության և Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի մասին ահազանգել էր Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ ամբիոնից։ Ասել էր, որ պատերազմը և ապատեղեկատվությունն օգտագործելով՝ ապազգային ուժերը փորձում են թիրախավորել երկրի պետականությունը և անկախությունը։
Գործող իշխանությունը կանխատեսում է և հանրությանը զգուշացնում՝ առաջիկայում հիբրիդային գործիքակազմն ավելի մեծ թափով կկիրառվի։
Գործող իշխանության ներկայացուցիչներից շատերը պարբերաբար դժգոհում են կոնկրետ իրավիճակներից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոտ մեկ ամիս առաջ փորձեց գնալ իրեն առնչվող ապատեղեկատվության հետքերով։
«Փորձեցի գտնել ո՞վ է այդ կայքը և ի՞նչ է պարզվում։ Հիմնական աղբյուրը «Foundation to Battle Injustice» կազմակերպությունն է, ղեկավարում է Միրա Տերադայի կողմից և ընդգրկված է ԵՄ սանկցիոն ցուցակներում Պրիգոժինի ցանցերի հետ կապի պատճառով։ Այդպիսի հայտնի ինֆորմացիա կա, որ Պրիգոժինը մեծ ֆեյքերի ֆաբրիկա ուներ։ Իր մահից հետո, ենթադրում ենք չէ՞ բոլորս ուր է գնացել այդ բոլոր ռեսուրսները և այսպես կոչված հիմնադրամը բազմիցս օգտագործվել է որպես գործիք ռուսական քարոզչական օպերացիաներում։ Հեղինակը` Լուկաս Լեոշը, նույնպես հայտնի է որպես պարբերաբար ռուսական ազդեցության տակ գործող հարթակներում հանդես եկող հեղինակ։ Իսկ Ֆրանսիայի պետական Վիգնում կառույցը նրան հիշատակել է որպես ГРУ-ի հետ կապվող ինֆոօպերացիաների ակտիվ տարածող։ Պարզեցինք` որտեղից է գալիս և ինչու»։
Վերլուծաբանների համոզմամբ՝ քաղաքական պայքարում կեղծիքի մեծ չափաբաժին է տարածվում, որից հանրությանը պաշտպանելը պետության պարտականությունն է, ուստի առաջարկում են ստի դեմ պայքարել օրենքի ողջ խստությամբ, հարկ եղած դեպքում՝ նոր օրենքների ընդունմամբ:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան․ «Մարդիկ սովոր են, եթե պատերազմ է՝ զենքով պետք է գան գրավեն։ Ոչ։ Հիբրիդային մեթոդները շատ անգամ շատ ավելի էֆեկտիվ են»։
Կեղծ լուրերն ու մանիպուլյատիվ բովանդակությունը սոցիալական մեդիայի միջոցով շատ արագ հասնում են հազարավոր մարդկանց և ազդում հանրային կարծիքի վրա։ Դրանք հաճախ օգտագործում են նաև արտաքին ուժերը՝ թուլացնելու հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, սրելու հասարակական լարվածությունը և նույնիսկ ազդելու ազգային անվտանգության վրա։
Այս տարվա հուլիսին Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկում էր ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի վտանգը։ Դրան դիմակայելու համար Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել էին գնահատել Հայաստանի կարիքները։ Խոսքը տեղեկատվական մանիպուլյացիայի և կիբերսպառնալիքի մասին էր։ Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար 4 ամիս առաջ ԵՄ-ն առաջարկեց 1,5 միլիոն եվրոյի նոր փաթեթ անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար։
Հայաստանը դեռևս չունի ապատեղեկատվության դեմ համակարգված պայքարի համար պատասխանատու մեկ կառույց։ Բայց պետությունը 2023-ին հաստատել է «Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը» և դրա գործողությունների ծրագիրը 2024–2026 թթ․ համար՝ փորձելով լուծում տալ վերը նշված խնդիրների մի մասին։
Հայեցակարգը ձևակերպում է ընդհանուր մոտեցումները, որոնց վրա պետք է հիմնվեն ապատեղեկատվության դեմ պետական քայլերը։ Այն նախատեսում է ընդգրկել բնակչության առնվազն 70 %-ը՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի քայլերով։ Առանձնացվել են առաջնային խմբերը։
Քննադատություններին զուգահեռ՝ իրավիճակում որոշակի դրական տեղաշարժ է նկատում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Կարծում եմ` հասարակությունը կամաց-կամաց մեդիագրագիտանում է, և եթե առաջ շատ հաճախ ասում էին՝ ինտերնետում գրած է, հիմա մարդիկ սկսում են պատկերացում կազմել, թե քամին որտեղից է փչում, և որ հարթակը ինչ գաղափարներ և շահեր է առաջ տանում»։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը ճշգրտում է՝ միայն լրատվամիջոցները չեն, որ ապատեղեկատվություն են տարածում։
«Մեդիային քարկոծելը շատ հարմար է, մեդիան հետո ի՞նչ է քեզ անելու, ասենք` այնքան կխոսի քո մասին, որ մեռնե՞ս։ Չէ՛։ Խնդիրը նրանից է, որ մենք չենք ուզում ավելի լայն պատկերը տեսնենք, որովհետև երբ ասում ենք, որ մեդիան ծախվում է, չենք խոսում այն մասին, որ քաղաքական ուժերն էլ են ծախում։ Մենք նույնիսկ ունենք քաղաքական ուժեր, որ այնքան ռադիկալ են փոփոխվում, որ դու չես կարողանում հասկանալ` առաջ սև էր, հիմա սպիտակ է։ Ընդ որում՝ ծախվում են ոչ միայն ներքին բիզնես ուժերին, այլ ինչը տեղեկատվական անվտանգության տեսակետից առավել մտահոգիչ է, կարող են ծախվել «դրսի» ուժերին,կամ դրսից ինչ-որ ֆինանսավորողներ ունենալ, որ անհամաչափ մեծ ազդեցություն լինի խմբագրության, խմբագրական քաղաքականության վրա»։
«Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգ»-ով 2024-2026 թթ․ համար սահմանվել է տասը առաջնահերթություն։ Ըստ այդմ՝ ստեղծվելու են պետության և սոցիալական հարթակների (Facebook, YouTube, Telegram) միջև ուղիղ երկխոսության մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ բարձրացնելու սոցիալական ցանցերի պատասխանատվության մակարդակը։
Որպես արդյունք կեղծ բովանդակությունն ավելի արագ կհեռացվի սոցիալական մեդիայից, պետությունը կկարողանա ուղղակի դիմել հարթակներին։ Գործիքներից մյուսով պետությունը նախատեսում է փաստերի ստուգման հասանելի գործիքներ ապահովել, անկախ fact-check հարթակների հետ համագործակցությամբ ու կարճ հղումների միջոցով հնարավորություն տալ ստուգելու՝ արդյոք տարածվող լուրը կեղծ է, թե իրական։




