ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

«Ռուսական անօդաչուները սպառնում են ողջ Եվրոպային»․ Զելենսկին առաջարկում է արագ արձագանքման ուժեր ստեղծել

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում առաջնորդվելու իր ազգային շահերով, այդ թվում նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լիարժեք վերականգնելով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է, որ նույն կերպ իր ազգային շահերով է առաջնորդվում նաև Միացյալ Նահանգները։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ երկրներին կոչ է արել միասնական պայքար տանելու Ռուսաստանի դեմ։ Նա հայտարարել է, որ Մոսկվան կարող է ԱԹՍ– ներ կիրառել Եվրոպական ցանկացած երկրի դեմ։

Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Մոսկվան կարող է անօդաչու սարքեր կիրառել եվրոպական ցանկացած երկրի դեմ։ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) հանդիպման ժամանակ նա առաջարկել է արագ և արդյունավետ արձագանքման ուժեր ստեղծել:

«Եվրոպական երկրների տարածքը հատելու ռուսական անօդաչուների վերջին միջադեպը իրավիճակը լարելու միտում ունի։ Եթե ռուսները համարձակվեն անօդաչու սարքեր օգտագործել Լեհաստանի դեմ կամ խախտել հյուսիսային Եվրոպայի երկրների օդային սահմանը, դա կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում՝ Արևմտյան Եվրոպայում, հարավում»։

Զելենսկին ընդգծել է անօդաչու սարքերին հակազդելու ունակ արագ և արդյունավետ արձագանքման և պաշտպանության ուժեր ստեղծելու անհրաժեշտությունը: Նա ներկաներին վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով Ուկրաինան հնարավոր է՝ աշխարհում ամենամեծ փորձն ունի անօդաչու սարքերի հարձակումներին հակազդելու հարցում և պատրաստ է այն կիսելու:

Այդ թեման հրատապ է դարձել Եվրոպական որոշ երկրներում անհայտ անօդաչու սարքերի հայտնվելուց հետո։ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ դանիական օդանավակայանների և ռազմական օբյեկտների վրայով բազմաթիվ ԱԹՍ–ների թռիչքները մեծ մտահոգություն են առաջացրել: Չնայած այդ սարքերի ծագումը դեռևս պարզված չէ, եվրոպական մի շարք երկրների կառավարություններ կասկածում են, որ դրանց հայտնվելը Դանիայի երկրնքում Ռուսաստանի ձեռքի գործն է: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։

Վերջին շաբաթներին ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Լեհաստանը, Էստոնիան և Ռումինիան նույնպես հայտնել են ռուսական անօդաչու սարքերի և ռազմական ինքնաթիռների կողմից իրենց օդային սահմանը խախտելու մասին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կոպենհագենում հայտարարել է, որ անօդաչու սարքերին պետք է հարվածել ու վերջ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցում են ԵՄ առաջնորդները, ինչպես նաև այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարներ: Հարթակը ստեղծվել է 2022 թվականին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո, որպեսզի ընդգծվի ռուսական սպառնալիքի առջև եվրոպական միասնությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ անհեթեթություն է հաարել Եվրոպական երկրների դեմ ռուսական հնարավոր հարձակման մասին հայտարարությունները․

«Նրանք չեն կարող հավատալ այն ամենին ինչ ասում են՝  թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել իրենց վրա, բայց սեփական ժողովրդին փորձում են հավատացնել։ Սա նշանակում է, որ նրանք կամ ոչ կոմպետենտ են, եթե իսկապես հավատում են դրան, քանի որ դրան հավատալ հնարավոր չէ, դա անհեթեթություն է։ Կամ էլ նրանք անպարկեշտ են, քանի որ իրենք չեն հավատում դրան, սակայն փորձում են հավատացնել իրենց քաղաքացիներին»։

Կոպենհագենից հնչող հայտարարություններին զուգահեռ Լեհաստանը մեղադրում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին անօդաչու սարքերով հարձակումներ նախապատրաստելու մեջ։ Լեհական Gazeta Wyborcza-ն, հղում անելով հետախուզական գործակալությանը, գրում է, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը, հնարավոր է, անօդաչու սարքերով հարձակումներ է պլանավորել Լեհաստանում, Լիտվայում և Գերմանիայում։

Պարբերականը նշում է, որ այդ գործով ձերբակալվել է 27-ամյա մի տղամարդ։ Նա կասկածվում է ռուսական հետախուզության համար աշխատելու, մասնավորապես՝ անօդաչու սարքերի բաղադրիչներ և պայթուցիկ նյութերով լի տարաներ Լիտվայի, Լեհաստանի և Գերմանիայի տարածքներում տեղակայելու մեջ։

Հետախուզական գործակալության տվյալներով՝ հարձակման ժամանակ կարող էին օգտագործվել անօդաչու սարքեր և եգիպտացորենի տարաներ, որոնք պարունակում են հզոր պայթուցիկներ և նախատեսված են անօդաչու սարքերին ամրացնելու համար: Տարաները հայտնաբերվել են Լիտվայի գերեզմանատաներից մեկում:

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի հետախուզական ծառայությունները կարող են հարձակումներ իրականացնել Լեհաստանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա և անօդաչու սարքեր ուղարկել այնտեղ՝ մեղադրելով Ուկրաինային:

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը երկու օր առաջ հայտարարել էր, որ Կիևը դիվերսիոն և հետախուզական խմբերի միջոցով սադրանք է նախապատրաստում Լեհաստանում:

Ավելի վաղ լեհական կողմը հայտարարել էր, որ սեպտեմբերի 10-ի գիշերը, առնվազն 19 ռուսական անօդաչու սարքեր  հատել էին Լեհաստանի սահմանը, հիմնականում՝ Բելառուսից:

Լեհական ինքնաթիռներից բացի, ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչներ են տեղակայվել սահմանին՝ անօդաչու սարքերը որսալու համար: Վարշավան հայտարարում է, որ Ռուսաստանը միտումնավոր է ԱԹՍ- ներ ուղարկել Լեհաստանի ուղղությամբ։ Լեհաստանի ղեկավարությունը խնդրել է խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բունդեսթագում ընդգծել է որ ռուսական անօդաչու սարքերը ակնհայտորեն դիտավորյալ են հատել Լեհաստանի սահմանը։ Նա պնդել է, որ չկա որևէ հիմք կարծելու, որ կատարվածը սխալմունք է։

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը սեպտեմբերի 19-ին հայտնել էր, որ երկու ռուսական կործանիչներ, խախտելով անվտանգության գոտին, ցածր բարձրության վրա մոտեցել են Բալթիկ ծովում գտնվող լեհական հորատման հարթակին։

Եվրոպական երկրներում տիրող այս մտավախությունների ֆոնին ՌԴ նախագահ Պուտինը զգուշացնում է ՄՆ-ին Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրելու դեպքում էսկալացիայի վտանգի մասին։ Նա ասել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրելը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում նոր էսկալացիայի կհանգեցնի, բայց չի փոխի իրավիճակը մարտի դաշտում։

Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ն քննարկում է Tomahawk, ինչպես նաև 800 կմ հեռահարության այլ հրթիռներ Կիևին տրամադրելու հարցը, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին: Ըստ աղբյուրի, սակայն, վերջնական որոշում դեռ չկա:

Հարցին, թե ինչ կնշանակի Tomahawk հրթիռների տրամադրումը, ՌԴ նախագահը պատասխանել է՝ «Անհնար է Tomahawk հրթիռներն օգտագործել առանց ամերիկացի զինվորականների անմիջական մասնակցության, իսկ դա կնշանակի էսկալացիայի որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։

Լարված հեռտորաբանությանը զուգահեռ ՌԴ–ն ու ԵՄ–ն իրենց երկրներում առկա միմյանց պատկանող ֆինանասական միջոցները իրենց հայեցողությամբ ծախսելու մտադրության մասին են հայտարարում։

DW–ն գրում է, որ ԵՄ-ն վերանայել է իր դիրքորոշումը սառեցված ռուսական ակտիվների հարցում և քննարկում է դրանք որպես փոխհատուցում Ուկրաինային տրամադրելու հնարավորությունը։ Այլ կերպ ասած ԵՄ սպառնում է ռուսական ակտիվները հատկացնել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։

Կրեմլը  սպառնում է այդ դեպքում դատական ​​​​հայցերով պատասխանել և ոչ միայն․․․ Մոսկվան զգուշացնում է, որ կազգայնացնի իր երկրում գտնվող արտասանհանյան ակտիվները։ Եվրոպական հանձնաժողովը ռուսական ակտիվների նկատմամբ այս մոտեցումը չի համարում բռնագրավում։

Լարված հայտարարություններին զուգահեռ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների ևս մի խումբ են փոխանակել։ Յուրաքանչյուր կողմից իրենց երկրներ են վերադարձվել 185– ական զինծառայողներ։  

Կարդացեք նաև

Back to top button