ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Ռուսական ակտիվները՝ Կիևին․ ԵՄ ծրագրերն ու Մոսկվայի պատասխանը

Ռուս-ուկրաինական պատերազմում ոչ միայն ռազմական գործողություններն են խստանում, այլև քաղաքական հայտարարությունները։ ԵՄ–ն սպառնում է ռուսական ակտիվները տրամադրել Կիևին։ Մոսկվան էլ հայտարարում է, որ կազգայնացնի Ռուսաստանում գտնվող արտասահմանյան ակտիվները։ Սրան զուգահեռ՝ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Մոսկվան միտումնավոր կերպով հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին, որպեսզի միջուկային վտանգ առաջացնի Ուկրաինայում։ Վաշինգտոնն էլ խոստանում է հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին Ռուսաստանին խորքային հարվածներ հասցնելու համար։

Ռուս-ուկրաինական պատերազմը նոր, ավելի լարված փուլ է մտնում։ Ուկրաինայի նախագահն ահազանգում է, որ ռուսական ուժերը հարվածել են Չեռնոբիլի ատոմակայանի հարակից տարածքներին։ Կիևը պնդում է, որ Մոսկվան դա անում է Ուկրաինայում միջուկային վտանգ առաջացնելու նպատակով։ Վաշինգտոնը խոստանում է հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին Ռուսաստանի խորքերին հարվածելու և նավթավերամշակման գործարաններն ու խողովակաշարերը վնասելու համար։

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական անօդաչու սարքերի հարձակման պատճառով մի քանի ժամով ընդհատվել է Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրասնուցումը: Ուկրաինայի նախագահ Զելենսկին X-ում գրել է, որ անջատվել է վնասված ռեակտորը շրջապատող և ռադիոակտիվ փոշու տարածումը կանխող բետոնե պաշտպանիչ կառույցի էլեկտրամատակարարումը։ Զելենսկին պնդում է, որ Ռուսատանը քայլեր չի անում Զապոռոժիեի ատոմակայանի էլեկտրասնուցումը վերականգնելու ուղղությամբ։ Ատոմակայանն այժմ սնվում է գեներատորներով։

Զելենսկին տողատակերում մեղադրել է ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ այս հարցում խիստ դիրքորոշում չհայտնելու համար։

ՌԴ նախագահ Պուտինը օրեցօր խորացող պատերազմական լարվածության այս փուլում հրամանագիր է ստորագրել՝ երկրում առկա արտասահմանյան ակտիվներն ազգայնացնելու մասին։ Մոսկվան մտադիր է բռնագրավել և վաճառել դրանք՝ ի պատասխան ԵՄ-ում ռուսական սեփականության հնարավոր բռնագրավման:

Ըստ Bloomberg-ի՝ փաստաթուղթը ներառում է արագացված սեփականաշնորհման ընթացակարգ և կկիրառվի, եթե ԵՄ-ն որոշի բռնագրավել ռուսական ակտիվները: Ռուսաստանում դեռևս գործող արտասահմանյան ընկերությունների ցանկում են UniCredit-ը, Raiffeisen Bank International-ը, PepsiCo-ն և Mondelez International-ը:

ԵՄ ղեկավարները Դանիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնել են Ուկրաինային 140 միլիարդ եվրո վարկ տրամադրելու՝ սառեցված ռուսական ֆինանսների հաշվին: Այդ քայլի համար հիմք էր դարձել Ուկրաինային ամերիկյան ֆինանսական օգնության դադարեցումը։ Դրանից հետո, ըստ էության, Եվրոպայի ուսերին է մնացել պատերազմում Ուկրաինային աջակցելու հիմնական դոնորի պարտականությունը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԵՄ ծրագիրն անվանել է ռուսական սեփականության անօրինական բռնագրավում, գողություն։ Պուտինը նախկինում զգուշացրել էր, որ Արևմուտքի՝ նման քայլերը կխաթարեն համաշխարհային ֆինանսական կարգը։

Կոպենհագենում ԵՄ առաջնորդները ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ չեն մերժել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային հատկացնելու գաղափարը, որն ուժեղ աջակցություն է ստացել և հետաքրքրություն առաջացրել որոշ շրջանակներում՝ գրում է DW-ն։

«Առաջարկում ենք գաղափար, ըստ որի՝ ռուսական սառեցված ակտիվները կտրամադրվեն Կիևին։ Կարևորն այն է, որ այստեղ չկա ակտիվների առգրավում»։

ԵՄ առաջնորդներին մտահոգում է ոչ միայն Ուկրաինային աջակցելու հարցը, այլև Եվրոպայի պաշտպանության ամրապնդումը։ Իսկ դա պահանջում է ուժեղացված անվտանգության միջոցառումներ, հատկապես երբ ԵՄ երկրների օդային տարածքում պարբերաբար անօդաչու սարքեր են հայտնվում։

G7-ի անդամ եվրոպական երկրները ճնշում են գործադրում նաև Միացյալ Նահանգների վրա ռուսական ակտիվները բռնագրավելու համար։ Եվրոպացիները կոչ են անում Ճապոնիային և ԱՄՆ-ին՝ օգնելու Ուկրաինային՝ ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելով։

Սակայն Եվրոպական կենտրոնական բանկը մտավախություն ունի, որ ռուսական ակտիվների բռնագրավումը գուցե խաթարի եվրոյի նկատմամբ վստահությունը: Մինչդեռ ԵՄ երկրները պնդում են, որ եթե ԱՄՆ-ն և Ճապոնիան միանան այդ նախաձեռնությանը՝ եվրոյի վրա ճնշումը կնվազի: Վաշինգտոնն ու Տոկիոն առայժմ զգուշավոր են այս հարցում։ Միջազգային մամուլը շեշտում է, որ ԵՄ–ն, ԱՄՆ–ն, Ճապոնիան ու Կանադան արդեն մոտ 300 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ են սառեցրել։

Կարդացեք նաև

Back to top button