
Արմավիրի մարզի խաղող վերամշակողներն երկու շաբաթ է՝ սկսել են մթերումները․ ընդունում են գինու և կոնյակի հումք հանդիսացող տեխնիկական սորտի խաղող, որի միջին գինը 140-150 դրամ է: Այս տարի տեխնիկական սորտի խաղողի իրացման խնդիր չկա: Մարզի խաղողի այգիներից ակնկալվում է մինչև 85 հազար տոննա բերք: Մինչև հիմա մթերվել է մոտ 46000 տոննա:
Խաղող վերամշակող գործարանների մուտքի մոտ բեռնատարների շարասյունը երկար է ձգվում: Խաղողագործները նախօրոք են կնքում պայմանագրերն ու նշված օրը հավաքում բերքը: Այգեգործները մթերման գործընթացից, սակայն, այս տարի առանձնակի դժգոհություններ չունեն:

Հացիկ գյուղից Նորիկ Մկրտչյանն արդեն երեք ժամ Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում սպասում է խաղողի մթերման իր հերթին: Ասում է՝ երեք ժամից արդեն տանը կլինի: Ռկածիթելի տեխնիկական սորտի խաղող է հանձնում:
«Էս տարի շատ լավ է խաղողի մթերումը, լավ ընդունում են: Արդեն 10 տարի է՝ պայմանագիր ունեմ գործարանի հետ, ամեն տարի իր նորմայի չափով բերում հանձնում ենք: 1 հա-ից մոտ 30 տոննա բերք կստանանք, 30 տոննայի էլ պայմանագիր ենք կնքնել»:
Գործարանը խաղողն ընդունում է 1կգ-ը 140 դրամով: Նորիկ Մկրտչյանն արդեն 20 տոննա խաղող մթերել է, այս տարի մի անգամ էլ կմթերի, ու բերքը կվերջանա: Առավոտ շուտ են սկսում հավաքել, այդ օրը օգնության են գալիս վարձու աշխատողները:

«Վճարում ենք օրը 8000 դրամ ամեն մեկին՝ հավաքողին, կրողին: Ժամավճարով չէ, օրավարձով, ժամը 8-ից գալիս են մինչև ժամը իրիկվա 5ը կամ 6-ը, նայած օրը ինչքան ժամանակ»:
Այգեկութի շրջանում վարձու աշխատողները բարձրացնում են իրենց աշխատանքի գինը: Սարդարապատ գյուղից Սեյրան Պողոսյանն այս տարի 1 հա-ից համեմատաբար քիչ ՝ 22 տոննա խաղող է ստացել, բերքահավաքին էլ ավելի բարձր վճարել աշխատողներին:

«Ես միշտ 2 օր եմ հավաքել, բայց այս տարի 3 օր տևեց: Արթիկից եկան, օրը 9000 դրամով հավաքեցին: Առավոտ ժամը վեցն անց կեսից մինչև յոթը գալիս էին, ցերեկը ժամը 1-ին, 2-ին ասում էին՝ գործը պրծավ: Դե, ես իրենց ոչ հացի փող եմ տվել, ոչ էլ ճանապարհածախս, ասել եմ՝ ինչքան է պետք, տամ ձեզ, միայն թե եկեք աշխատեք, գնացեք: Ամեն օր վճարել եմ, վարկ եմ վերցրել, բերել տվել»:
Սեյրան Պողոսյանն արդեն այգեկութն ավարտել է: Ռկածիթելի սորտի ամբողջ խաղողը հանձնել է տարբեր գործարանների՝ 1 կգ-ը 150 դրամով:
«Շուրջ 13 տոննա հանձնել եմ Լուկաշինի գործարանին, 9 տոննա էլ՝ Մյասնիկյանին»:

Այգետերը երկար տարիներ խաղողը հանձնում էր Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղին, սակայն անցած տարի պայմանագրային պարտավորությունները չի կատարել, ու այս տարի նրա հետ պայմանագիր չեն կնքել:
«Մենք ավելի քան 30 տարի աշխատել ենք այս գործարանի հետ ու դժգոհ չենք: Ուղղակի անցած տարի չկարողացանք պլանը կատարել. 17 տոննա էր պետք, բայց տվեցինք 11,5 տոննա: Այնպես էր ստացվել, որ մթերման վերջին օրն էր, ու ես չէի կարող խաղող բերել, դադարեցրին: Այս տարի պիտի խնդրենք, որ նորից վերականգնեն»:
Արմավիրի մարզում խաղողի շուրջ 4400 հա բերքատու այգի կա, որից սպասվում է մոտ 80-85 հազար տոննա տեխնիկական սորտի խաղող: Մարզի գլխավոր գյուղատնտես Արթուր Այվազյանն ասում է, որ մարզում խաղող են մթերում 12 վերամշակող ընկերություն, միջինը՝ 140-150 դրամով:
«Ես խոսել եմ բոլոր մթերող կազմակերպությունների հետ, ճշտել նրանց հնարավոր ծավալները, թե ինչ քանակությամբ են պատրաստ մթերելու: Վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանց մթերվող քանակությունն ավելի շատ է, քան մեր առաջարկը: Այսինքն՝ այս բնագավառում ես խնդիրներ չեմ տեսնում, իհարկե, եթե ընթացքում այդ կազմակերպություններում լուրջ տեխնիկական կամ այլ բնույթի խնդիրներ չառաջանան»:
Մարզում մինչև օրս մթերվել է մոտ 46 000տ տեխնիկական սորտի խաղող:




