ԿարևորՄիջազգային

ԵՄ-ն ևս 4 միլիարդ եվրոյի վարկ է տրամադրել Ուկրաինային

Եվրամիությունն Ուկրաինային է փոխանցել ևս 4 միլիարդ եվրոյի վարկային տրանշ։ «Տրանշը ֆինանսավորվել է ԵՄ-ում Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցներից ստացված եկամուտների միջոցով»,-չորեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, Telegram-ում գրել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Սվիրիդենկոն շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսին՝ ցուցաբերած օգնության համար։

Կիևի ֆինանսների նախարարությունը բացատրել է, որ վարկը կարող է օգտագործվել սոցիալական վճարումների, ենթակառուցվածքների վերականգնման և ռազմական կարիքների համար։

Ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն ընդգծել է, որ ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործումը մնում է Ուկրաինայի և իր եվրոպացի գործընկերների բանակցությունների օրակարգում։

Ուկրաինան ավելի քան 3,5 տարի պայքարում է ռուսական ռազմական ներխուժման դեմ։ Կիևի տվյալներով՝ երկրի բյուջեի ավելի քան 40 տոկոսը գոյանում է արտաքին օգնությունից։ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր Եվրամիությունը դարձել է Ուկրաինայի բյուջետային աջակցության ամենամեծ դոնորը։

Կարդացեք նաև

Back to top button