ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հնարավոր է՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն տեսակցած լինի Բաքվում պահվող որոշ հայ գերիների․ Սահակյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը: Այս մասին Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկման ժամանակ ասել է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Վերջինիս խոսքով՝ դեռ հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնելու հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը, սակայն Հայաստանի կառավարության և եվրոպական դատարանում գերիների ներկայցուցիչների առարկություններից հետո դատարանը, ի վերջո, մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնելու:

Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է՝ կատարյալ մեկուսացման մեջ են, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել են հունիսին: Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրել է իր գործունեությունը Բաքվում:  

Ադրբեջանական կողմը հաստատում է իր մոտ 23 անձի՝ անազատության մեջ գտնվելը՝ ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկման ժամանակ։
Սահակյանի խոսքով՝ դա նշանակում է, որ 23-ի որպիսությունը հայտնի է։ Կարմիր խաչի գործունեության շնորհիվ կառույցի աշխատողները տեսակցել են այդ մարդկանց։ Այսինքն՝ կա ստուգելի տեղեկություն նրանց ողջ լինելու վերաբերյալ, սակայն, Սահակյանի խոսքով, դա ամենևին չի նշանակում, որ ի սկզբանե գերեվարվել է հենց այդքան մարդ։

«Ցավոք, եղել են բացահայտված պատերազմական հանցագործություններ, մասնավորապես, գերիների սպանություններ։ Ընդ որում, այնպիսի դրվագներով, երբ գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին»։

Նշված դեպքի կապակցությամբ կա համադրված ապացույց․ նախ այն, որ անձը գերեվարվել է, ապա, որ սպանվել է՝ նշում է Սահակյանը։ Կա նաև հարցի երկրորդ կողմը․

«Երկրորդը, որ գերիներն ուղղակի բռնի անհետացել են։ Այսինքն, գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնցով պայմանավորված՝ մենք կորցրել ենք տեղեկատվությունը այս մարդկանց վերաբերյալ, և ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ, հրաժարվում է տրամադրել տեղեկություն»։

Այդպիսի անորոշության պայմաններում չկա որևէ անկախ միջազգային կազմակերություն, որը որոնողական աշխատանքներով կարողանա հայտնաբերել փնտրվող անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը, տեղեկություն փոխանցել։

Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, որ թեև հայտարարվում է 23 գերու մասին, բայց կան նաև մի քանի տասնյակ բռնի անհետացած անձինք։

«Բազմիցս խոսվում է 80 անձի մասին։ Դրանք, ըստ էության, իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են։ Ընդ որում, սա երբեք չի կարող որակվել որպես սպառիչ թվաքանակ։ Առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում և հանրությանը տեղեկացնում։ Բայց, փաստացիորեն, այդ թվերը կարող են շատ ավելին լինել»։

Ադրբեջանում պահվող 23 գերիներից 8-ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից են, 5 անձ դեռ 2020 թ․ պատերազմի ժամանակ է գերեվարվել։

«Այսինքն, ֆիքսենք, որ Ադրբեջանն այս պահին ապօրինաբար անազատության մեջ է պահում ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերի ընկածների, այնպես էլ 2023 թվականի իրադարձությունների հետևանքով գերեվարված, ձերբակալված, կալանավորված հայերի»։

Կարմիր խաչն իր վերջին տեսակցությունը կարողացել է կազմակերպել հունիսին։ Դա Բաքվի արտոնած վերջին այցելությունն էր։ Ադրբեջանը դադարեցրել է իր տարածքում ԿԽՄԿ-ի գործունեությունն ու փակել ՄԱԿ-ի բոլոր գրասենյակները։ Այս պահին չկա որևէ չեզոք միջազգային անկախ կազմակերպություն, որը կարողանա այցելել Բաքվում պահվող հայերին ու անմիջական դիտարկումներով պարզել նրանց իրական դրությունը։ Իրավապաշտպանները հենց այդ պատճառով էլ Բաքվից եկած ամեն տեղեկություն համարում են հատվածական, միակողմանի ու, ամենակարևորը, ոչ ստուգելի։

ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Բաքվում դատավարությունները շարունակվելու են, պարտադրվելու է միակողմանի ճշմարտություն։ Միջազգային իրավունքի մասնագետը հույս ունի, որ միջազգային ատյաններում դատական գործընթացները կլինեն շարունակական, քանի որ դրանք կարևոր անվտանգային երաշխիքներ են պարունակում, առաջին հերթին՝ պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Իմ անձնական, նեղ մասնագիտական ընկալմամբ, առհասարակ խաղաղությունն առաջին հերթին նաև ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Ես այդպես եմ պատկերացնում առհասարակ խաղաղության տրամաբանությունը՝ հատկապես գերեվարված անձանց վերադարձի մասով»։

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ևս հարցը մտահոգիչ է համարում։ Ավելի վաղ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, նա վստահեցրել է, որ թեման քննարկվում է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումների ժամանակ։

«Այս հարցը ամենօրյա ռեժիմով է քննարկվում։ Ես ինքս պարբերաբար հանդիպումներ եմ ունենում միջազգային տարբեր գործընկերների հետ։ Օրինակ` բոլորովին վերջերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ եմ հանդիպել և, բնականաբար, կարևորագույն հարցերից մեկը Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերին վերաբերելի խնդիրն է, գտնվելու վայրն անհայտ անձանց և նրանց հարազատների իրավունքների հետ կապված հարցերը։ Միայն այս տարի մի շարք արտասահմանյան այցեր եմ ունեցել որտեղ հատուկ քննարկման առարկա եմ դարձրել հենց այս հարցը։ Օրինակ` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ եմ Ստրասբուրգում հանդիպել, որտեղ հատուկ քննարկման առարկա է դարձել հենց այս հարցը։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ եմ այս տարի հանդիպել դարձյալ Ստրասբուրգում, պաշտոնական հանդիպման շրջանակում այս հարցը հատուկ քննարկման առարկա եմ դարձրել նաև Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում։ Բոլոր պաշտոնական հանդիպումներում՝ ՄԱԿ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հենց այս հարցն եմ քննարկման առարկա դարձրել»:

Մանասյանն առանցքային էր համարել մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային դերակատարների՝ այս հարցի պատշաճ հասցեավորումը։

«Կան նաև այլ մոնիթորինգային մեխանիզմներ, օրինակ` Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կառուցակարգը, որը, իհարկե, անընդհատ կառուցակարգ չէ։ Բնականաբար, դրանք մեկանգամյա այցեր են, բայց, իհարկե, կարևոր դերակատարություն կարող են ունենալ ցանկացած տեսանկյունից։ Մինչև այս պահը, այս տարվա ընթացքում դեռևս չի գրանցվել, բայց ես հույս ունեմ, որ կգրանցվի այց»:

Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ տեղեկություն ունեն, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան։ Սահակյանը չի բացառում, որ այդ այցելությունների շրջանակում Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ներկայացուցիչները մեկանգամյա տեսակցություն ունեցած լինեն որոշ հայերի հետ։

Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավարն այս պահին ձեռնպահ մնաց մանրամասներ ներկայացնելուց, ասաց՝ ապագայում հայտարարությամբ հանդես կգան։

Կարդացեք նաև

Back to top button