ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Wizz Air ավիաընկերությունը բազավորվում է Երևանում

Wizz Air ավիաընկերությունը բազավորվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ընկերությունն այստեղ երկու նոր օդանավ կունենա։ «Սա կարևոր լուր է Հայաստանի համար, և կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերում»,-ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Ճամփորդելը, աշխարհը տեսնելն առաջին հերթին ինքներս մեզ ճանաչելու, մեր բոլոր առավելություններն ու թերությունները տեսնելու միջոց է։ Ճամփորդելը, այդ ընթացքում ձեռք բերած իմացությունը ռեսուրս է, որը պետք է ներդրվի Հայաստանի զարգացման մեջ»։ Վարչապետը կարևորել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը։

Ավելի քան 240 օդանավ, 200-ից ավելի ուղղություններով չվերթեր․ Wizz Air ավիաընկերությունը բազավորման վայր է ընտրել «Զվարթնոց» օդանավակայանը։ Առաջին օդանավն արդեն Երևանում է։ Սա բիզնեսի և զբոսաշրջության համար նոր հնարավորություն է՝ նոր ուղղություններով։ «Զվարթնոց»-ի ընդլայնման աշխատանքները կսկսվեն առաջիկայում․ Wizz Air ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշների դիտարկումն է։ Նա հիշեցնում է դեռ հինգ ամիս առաջ տված խոստումը․

«Հոկտեմբերի 2-ից մենք ունենալու եք նոր բազա՝ երկու օդանավով։ Այն ժամանակ դեռ հարցեր կային։ Մեր առաջին օդանավը այստեղ է, սկսել է գործել։ Շուտով այստեղ կլինի նաև մեր երկրորդ օդանավը»։

Ինքնաթիռները նոր են։ Դրանք գնվել են անմիջապես գործարանից։ Ընկերության տնօրենը վստահեցնում է, որ այդ օդանավերը շուկայում լավագույնն են, ունեն աղմուկի ցածր աստիճան, շրջակա միջավայրը քիչ են աղտոտում։ Հայաստանի կառավարության համար միջազգային բրենդի մուտքը երկիր կարևոր է՝ ընդգծում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը հիշեցնում է՝ զբոսաշրջությունը տնտեսության ռազմավարական ճյուղերից է․

«Ռազմավարական նպատակ ունենք․ առաջիկա տարիներին նվազագույնը 3 մլն-ի սահմանը անցնել։ 2030-2031 թթ ունենալ 3 մլն և ավելի զբոսաշրջիկ։ Ուստի կարևոր է, որ Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, նաև զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ»։

«WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարևոր լուր է Հայաստանի համար և կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերում»,-ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սեպտեմբերի 30-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից առաջին թռիչքն է կատարվել դեպի ԵՄ՝ Գյումրի-Լառնակա։ Ոլորտի պատասխանատուներն ու ավիաընկերության ղեկավարությունը դա շատ են կարևորում։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյան․ «Կարևոր է WizzAir  ավիաընկերության բազավորումը Հայաստանի Հանրապետությունում, և շատ ուրախ ենք, որ առաջին անգամ Գյումրի քաղաքից դեպի Եվրոպա առաջին թռիչքը տեղի ունեցավ»։

Գերատեսչությունում հաշվարկներ ունեն՝ մեկ օրում զբոսաշրջիկը մոտ 800 դոլար է ծախսում Հայաստանում։ Այդ գումարը ներառում է գիշերակացը, սնունդը, տեսարժան վայրեր այցելելը, տաքսի ծառայություններից օգտվելը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության՝ վերջերս հաստատած աջակցության ծրագրի մանրամասներն է ներկայացնում։ Եթե ավիաընկերությունը 1 մլն և ավելի զբոսաշրջիկ է բերում Հայաստան, ապա յուրաքանչյուր ուղևորի համար սուբսիդավորում է ստանում․

«Կարևոր պայմաններից է, որ ինքնաթիռները պետք է բազավորվեն Հայաստանում։ Տեսնում ենք, որ ժամանակակից նոր ինքնաթիռները պետք է բազավորվեն Հայաստանում։ Նրանց մշտական կայանը ՀՀ-ն է՝ Երևանը»։

Սուբսիդավորման համար 3 մլրդ դրամ է նախատեսվել, բայց դա փոքր թիվ է՝ կարծում է էկոնոմիկայի նախարարը։

Մոտ երկու ամիս առաջ կառավարության հաստատած՝ Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրից դժգոհ են տեղական ավիափոխադրողները։ Նրանք կարծում են, որ անհավասար պայմաններ են ստեղծվել իրենց համար։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծում է՝ կանոնները բոլորի համար հավասար են․

«Փաստացիորեն կան մեկից ավելի շահառուներ։ Ակնհայտ է, որ անհավասար պայման չէ, և ի վերջո, մեր խնդիրը, մեր շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին են։ Ինձ համար կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չծախսի եվրոպական երկիր գնալու համար 1000 կամ 800 եվրո։ Չգիտեմ՝ ծախսի 30 եվրո, 50 եվրո, 70 եվրո և մնացածն էլ պահի իրեն։

Եվ ծախսի իր մնացած կարիքների համար։ Ինձ համար կարևոր է, որ Իտալայի, Գերմանայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ պետությունների քաղաքացիները գան Հայաստան»։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, կիսամյակային տվյալներով, տեղական ու արտասահմանյան փոխադրողները 18․670 չվերթ են կատարել։ Այդ ընթացքում օդանավակայանը սպասարկել է 2 մլն 400 հազար քաղաքացու։ Գյումրուց մեկնել ու ժամանել է ավելի քան 40 հազար մարդ։ Սրանից զատ՝ Հայաստանի վարչապետը կարևորում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը, որի շուրջ բանակցությունները ինտենսիվորեն ընթանում են։

Կարդացեք նաև

Back to top button