
Սիրիայի Դամասկոս քաղաքից տասներեք տարի առաջ իր զավակների և թոռների հետ Հայաստան է տեղափոխվել պարոն Սարգիս Գազանճեանը։ Այդ ժամանակ նրա ավագ որդին՝ Շանթը, գտնվում էր Ամերիկայում և արդեն աշխատանք ուներ, սակայն, նա ևս որոշում է միանալ իր ծնողներին։ Կնոջ և որդու հետ գալիս է Հայաստան ու հաստատվում այստեղ։
Նրանք Սարյան 24 հասցեում հիմնում են «Acoustika» խանութը, որը մասնագիտանում է երաժշտական գործիքների և ձայնային համակարգերի վաճառքով։

«Բնականոն կեանք․․․ տեղաշարժ մըն էր, հաստատուեցանք Երեւան քաղաք եւ բախումներ չունեցանք։ 2 ժամ 10 րոպէ տեւեց եւ արդէն արձանագրուեցանք որպէս ձեռնակատէր, ուրիշ երկիրներ այսքան արագ չէր ըլլար»,- ուրախությամբ պատմում է պարոն Սարգիսը։
«Ես պարտաւորութիւն կը զգամ Նոր Երզնկայի պատանիներուն օգտակար դառնալու, Նոր Երզնկայի մշակոյթի կեդրոնին երաժշտական գործիքներ նուիրելը մեր պարտաւորութիւնն է»,- ասում է նա՝ պատմելով գյուղի ջերմ հյուրընկալության մասին։ Նա գոհ է այնտեղի իր կյանքով և խոսում է նաև կանաչապատման մասին։
Պարոն Սարգիսը հորդորում է. «Հայը ուր որ ալ ապրի՝ չի մոռնայ Հայաստանը, մենք կզգանք, որ հայ մնալու համար պէտք է զոհողութիւններ ընենք , այդ զոհողութիւնները հաճոյքով պէտք է ընենք։ Ամէն մարդու փափաքները իրականանայ եւ Հայաստանն ալ բարգաւաճի»,- այսպես եզրափակեց իր խոսքը Սարգիս Գազանճեանը։




