Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը խոսում է իր հետազոտության մասին: Խորհրդային կարգերի հաստատման սկզբնական շրջանի փոխակերպումները, դրանց ազդեցությունը հայկական ինքնության, մտածողության և արժեքների վրա, ինչպես նաև այդ փոփոխությունների հետքերը մեր օրերում:
Նա նշում է, որ իրեն առավել հետաքրքրել է ոչ թե պատմագիտական, այլև մարդաբանական հարցեր՝ կապված հայկական ինքնության, մտածողության, աշխարհայացքի և արժեքային համակարգի մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետ: Նա պնդում է, որ այդ փոփոխություններն այնքան խորքային են, որ դրանց ազդեցությունը պահպանվում է մինչև այսօր:
Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերից հասարակական կառուցվածքը սկսեց փոխվել բռնի ուժով և ճնշումներով իշխող ուժի կողմից:
Աղասի Թադևոսյանը մատնանշում է մի հետաքրքիր փաստ։ Հայաստանում պրոլետարական հեղափոխություն տեղի ունեցավ, չնայած պրոլետարիատ, գրեթե, չկար, քանի որ բնակչության ավելի քան 90 տոկոսը գյուղաբնակ էր: Այդ իսկ պատճառով արհեստականորեն ստեղծվեցին երկու ծայրահեղ դասակարգեր՝ «չքավորներ» և «սեփականություն ունեցողներ» (կուլակներ)։ Սա ուղիղ Ռուսաստանից ներմուծված «ռազմական կոմունիզմի» արդյունք էր, որը պահանջում էր ժողովրդի սեփականությունը խլել՝ բանակը պահելու համար:
Անդրադառնալով «բոլշևիկյան մոդեռնիզացիային»՝ Աղասի Թադևոսյանը այն բնութագրում է որպես «պայթյունային» գործընթաց, որը արմատապես տարբերվում էր այն ժամանակ աշխարհում տեղի ունեցող մոդեռնիզացիայի առաջադեմ գործընթացներից: Խորհրդային մոդելում իշխող ուժը մյուսներին զրկում էր «ճիշտը լինելու» և «ճշմարիտ համարվելու» իրավունքից՝ ընդհուպ մահապատժի ենթարկելով նրանց։
Այս քաղաքականությունը հատկապես վերաբերում էր այն մարդկանց, ովքեր չէին ցանկանում հրաժարվել իրենց սեփականությունից: Նրանց պիտակավորում էին որպես «կուլակներ», «ժողովրդի թշնամիներ» և խիստ պատիժների էին ենթարկում։ Դա պետական քաղաքականություն էր, որը հիմնված էր խտրականության վրա և նպատակ ուներ փոխել հասարակության կառուցվածքը։
Թադևոսյանն ընդգծում է, որ այս ամենի հետևանքով հասարակության մեջ ձևավորվեց թշնամական վերաբերմունք ազատ մտածողության նկատմամբ: Ցանկացած տարբերվող կարծիք կամ միտք պիտակավորվում էր որպես թշնամական և անհանդուրժելի, իսկ ազատությունը բացասական էր դիտվում և համարվում «ապազգային» երևույթ: Այս խորը ազդեցությունը, ըստ մարդաբանի, մեր հասարակությունը դեռևս չի կարողանում հաղթահարել:




