ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Մի քանի օր է` այն Նյու Յորքում կարևոր հանդիպումներ է ունենում։ Օրակարգում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և հատկապես հումանիտար հարցեր։ Նյույորքյան հարթակում Հայաստանի արտգործնախարարը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Էգերի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրները։

Երեք կարևոր իրադարձություն` միացյալ նահանգներում. Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանին Իրանի նախագահն ամբիոնից խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին, իսկ Մարկո Ռուբիոյի հրավիրած ճաշկերույթի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, նստաշրջանի ընթացքում էլ Արարատ Միրզոյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը առանձին հանդիպման ձևաչափով քննարկել ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։
Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն անդադարձավ տարածաշրջանի կայունության մասին խոսելիս, նախ՝ նշելով, որ խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում իրական են, բայց կողմերից մեկն էլ Իրանն է։
Փեզեշքիանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է․ «Իրանը ողջունում է խաղաղությունն ու կայունությունը։ Տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է կառուցվի գործակցության, վստահության և համատեղ զարգացման վրա:
Դրա շրջանակում Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»։

Նյույորքյան հանդիպումներից ամենաուշագրավը, սակայն, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավիրած «Տրանսատլանտիկ ընթրիքին» էր: Այդ ու բանակցային սեղանի շուրջ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Ընթրիքից հրապարակված միայն լուսանկարներից հասկանալի է դառնում, որ երկու երկրների արտգործնախարարները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ շփվել են այսպես ասած «ոտքի վրա»` միջանցքում, ապա՝ սեղանի շուրջ այնպես են նստել՝ ոչ հեռու իրարից, որ ցանկության դեպքում զրույցը կարող էին շարունակել նաև սեղանի շուրջ։
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Տրանսատլանտյան ընթրիքը» հյուրընկալել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներին։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել էր տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու գործում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը՝ ավելացնելու պաշտպանական ծախսերը՝ զսպման միջոցները ուժեղացնելու և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու առումով։ Ռուբիոն խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերման մասին՝ Հայաստանին ու Ադրբեջանին երկարատև խաղաղության ուղղորդելու գործում։
Ընթրիքից փոքր տեսանյութ X-ի միկրոբլոգում հրապարակել է ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկը, և այդ հրապարակման տակ քննարկում է ծավալվում, որ Հարավային Կովկասից այդ ընթրիքին մասնակցում են Հայաստանը և Ադրբեջանը։ Տարածաշրջանի երբեմնի ամենաամերիկամետ Վրաստանը հրավիրված չի եղել ընթրիքին, ինչը, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, ակնհայտ ցուցադրում է Հարավային Կովկասի իրողությունները և հաստատում, որ «վրացական երազանքը» այժմ հիասթափեցնում է վրացիներին։
Հայաստանի համար երրորդ առանցքայինը, թերևս, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հանդիպումն էր։ Պաշտոնական հաղորդագրությունից բացի, այս առումով էլ մանրամասներ հայտնի չեն։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հաստատում է, որ պաշտոնյաները քննարկել են հումանիտար հարցեր, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը։
Ի դեպ, այս առումով Հայաստանում նորությունների էին սպասում օրերս, երբ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երկօրյա այցով մեկնել էր Բաքու` միջազգային համաժողովի։ Պաշտոոնյայի վերադարձից հետո կառույցը ոչինչ չհրապարակեց։ Այցից չցանկացավ խոսել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ազգային անվտանգության ծառայությունը մամլո հաղորդագրություն է տվել, դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել։ Եթե ինչ-որ բան լինի ԱԱԾ-ն կհաղորդի»։

Վերջին օրերին համառ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը հենց գերիների հարցերով էր հանդիպումներ ունեցել Բաքվում և անգամ տեղեկություն կար, թե 10 հոգանոց ցուցակ է ներկայացրել ադրբեջանական կողմին՝ կոնկրետ անուն-ազգանուններով։ Պաշտոնական հաստատում, սակայն, այս վարկածը չստացավ։
Փոխարենը Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատեց․
«Դուք գիտեք, որ ԱԱԾ նախկին տնօրենը, լինելով այդ հանձնաժողովի նախագահ՝ պարոն Աբազյանը, միշտ ունեցել է հանդիպում, իսկ վերջին երկու հանդիպումները միտված են եղել գերիներին և անհետ կորածներին։ Քանի որ տվյալ կառույցի ղեկավարը հիմա պարոն Անդրանիկ Սիմոնյանն է, ինքը շարունակելու այդ աշխատանքը, որովհետև աշխատանքը արդեն կառավարության որոշումով հաստատված է, և այդ միջգերատեսչական հանձնաժողովը գործում է։ Դա այն խնդիրն է, որը անընդհատ մեզ ուղեկցելու է մինչև վերջնական լուծումներ գտնելը»։
Հումանիտար խնդիրների մասին պարբերաբար և տարբեր հարթակներից խոսում է նաև Հայաստանի Մարդու Իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Այո՛, մարդու իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով՝ կոնֆլիկտի, թե կոնֆլիկտից դուրս ժամանակահատվածներում, կարևոր է հիմնարար իրավունքների խախտումների հետ կապված հետևողական լինելը, և այս տեսանկյունից միջազգային տարատեսակ կառուցակարգերը, իհարկե, մի մեթոդ են, բայց սա չի նշանակում, որ դրանով սահմանափակվում են մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնման կառուցակարգերը։ Ի՞նչն է կարևոր, որ կան իրավունքների տեսակներ, օրինակ՝ խոշտանգումների բացարձակ արգելքը, կյանքի իրավունքը և այլն, որոնք, ըստ էության, պետություններից ենթադրում են, անկախ կառուցակարգից, իրավունքների վերականգնման ուղղությամբ պատշաճ քայլերի իրականացումը»։
Այն պայմաններում, երբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակվեցին Ադրբեջանում, հայ գերիներին այլևս տեսակցող չկա։ Արդյո՞ք Հայաստանը կդիմի՞ որևէ երրորդ երկրի՝ հյուպատոսական այցելություններ կազմակերպելու և հայ գերիների վիճակը վերահսկելու համար։ Այս հարցը պաշտոնական մակարդակով դեռ պատասխան չունի։
Օրեր առաջ վարչապետը հաստատվող խաղաղության մասին խոսել էր գերզգայուն հարցերի տեսանկյունից։ Ընդունել, որ դրանք շատ են, բայց խոստովանել․ սկզբնական շրջանում ընկալումն այն էր, որ գերզգայուն հարցերը պետք է լուծվեն, որպեսզի հասնենք խաղաղության։ Ավելի ուշ, ասաց վարչապետը, հայկական կողմը հասկացավ, որ եթե այս մարտավարությունը որդեգրի, երբեք չի հասնի խաղաղության։ Հետևաբար՝ հումանիտար հարցերը հետագայի, ամենակայուն շրջանների թեմաներ են, ասել էր Փաշինյանը։

Բաքվուն պաշտոնապես հաստատում է իրենց մոտ 23 հայ գերի ունենալու փաստը։ 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։ Իսկ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ահազանգում է, որ Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել։




