ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Արևմտյան առանցքային երկրներ ճանաչում են Պաղեստինը, սակայն Իսրայելը պնդում Է, որ ճանաչում չի լինի

Այսօրվա դրությամբ 147 երկիր Է ճանաչել Պաղեստինը

Վաղը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում մեկնարկում Է Ընդհանուր բանավեճը: Ենթադրվում Է, որ Գլխավոր ասամբլեայում ամենաթեժ թեմաներից կլինեն Պաղեստինի ճանաչումը և Գազայի պաղեստինցիների զանգվածային սպանդը:

Իսկ այսօր ՄԱԿ-ում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ գումարվում Է մեկօրյա համաժողով, որի ընթացքում մի շարք պետություններ, այդ թվում ծանրքաշայիններ, կհայտնեն Պաղեստինը ճանաչելու մասին: Եվրոպական միության 27 երկրներից տասը տարբեր ժամանակներում ճանաչել են Պաղեստինը:

Ընդհանուր հաշվով այսօրվա դրությամբ «Պաղեստին» անվամբ պետության գոյությունը ճանաչել Է 147 երկիր, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը: Մոլորակի պետությունների մեծ մասի համոզմամբ, միայն ճանաչումը և երկու պետությունների՝ Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ գոյակցությունը թույլ կտան հարատև և արդար կայունություն ու անդորր հաստատել Մերձավոր Արևելքում:

Համասը բարբարոսական կազմակերպություն Է

Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Իվետ Քուփերի փոխանցմամբ, Լոնդոնը հուսով Է, որ դեռ կա երկու պետությունների գաղափարը կյանքի կոչելու հնարավորություն:

«Հստակ Է, որ Համասը բարբարոսական կազմակերպություն է և շարունակում է վայրագություններ կատարել, դրանք տեղ չունեն Պաղեստինի ապագայում։ Համասը պետք է անհապաղ ազատ արձակի պատանդներին։ Ճանաչումը տալիս Է երկու պետությունների ծրագրի իրագործումը, ինչը հակասում է հենց Համասի ցանկություններին, վերջին ամիսների ընթացքում ճանաչման գործընթացը հանգեցրել է արաբական պետությունների կողմից Համասը մերժելուն, Համասը չպետք է որևէ դեր խաղա Պաղեստինի ապագայում։ Ճանաչումը երկու պետությունների գոյության և Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության մասին Է»,- ասել Է Թուփերը:

2023-ի հոկտեմբերին համասի ահաբեկիչներն անսպասելի գրոհ են կազմակերպել, սպանվել Է ավելի քան 1200 խաղաղ հրեա, պատանդառվել Է ավելի քան 250-ը, դրանից հետո Էլ սկսվել Է այս արյունալի պատերազմը, որի ընթացքում ավելի քան 65 հազար պաղեստինցի Է սպանվել: Ֆրանսիան նույնպես համոզված Է, որ հարցի լուծումը Պաղեստինի ճանաչումն Է:

«Ճանաչումը կնշանակի Համասի մերժում»

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի պնդմամբ, ճանաչումը նշանակում Է Համասի մերժում: Փարիզը պահանջում Է ամբողջությամբ բացառել Համասի մասնակցությունը Գազայի ապագա կառավարմանը: Նրա խոսքով, Պաղեստինի ժողովուրդն Էլ Է մերժում ահաբեկչությունը:

Ժան-Նոել Բարո. «Ֆրանսիան վերագտնում Է իր տեղը ազգերի համայնքի առաջնագծում, այսօր խաղաղության համար մեծ օր է և Ֆրանսիայի համար մեծ դիվանագիտական ​​հաղթանակ է»։

Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Պորտուգալիան երեկ են ճանաչել Պաղեստինը: Այսօր երեկոյան Էլ այդ խմբին Ֆրանսիան կմիանա:

Թուրքիայի ղեկավարը ՄԱԿ-ում կարծարծի Գազայի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել Է, որ Նյու Յորքում անպայման կխոսի Գազայում պաղեստինցիների կոտորածի մասին:  

«Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը մյուսներից տարբերվելու Է, քանի որ շատ երկրներ կճանաչեն Պաղեստին պետությունը։ Մենք հույս ունենք, որ դա կնպաստի երկու պետությունների գաղափարի իրականացմանը»,- ասել Է Էրդողանը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ոչ միայն դատապարտում Է ճանաչումն այլև պնդում, թե նման բան ընդհանրապես տեղի չի ունենա:

«Ես հստակ ուղերձ ունեմ այն ​​առաջնորդներին, որոնք հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածից հետո ճանաչում են Պաղեստինի պետությունը. Դուք հսկայական նվեր եք մատուցում ահաբեկչությանը։ Եվս մեկ ուղերձ ունեմ ձեզ համար. դա տեղի չի ունենա»,- ասել Է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի փոխանցմամբ, ինքը տարիներ շարունակ կանխել Է այդ ահաբեկչական պետության ստեղծումը: Ավելին, կառավարությունը կրկնապատկել Է հրեական բնակավայրերը Հուդեայում և Սամարիայում և կշարունակի այդ աշխատանքը:

Բենյամին Նեթանյահու. «Մեր երկրի սրտում ահաբեկչական պետություն հաստատելու վերջին փորձի պատասխանը կտրվի Միացյալ Նահանգներից իմ վերադառնալուց հետո։ Սպասեք դրան»։

«Այս ճանաչումը ոչինչ չի փոխի»

Երուսաղեմում հրեաներից շատերն ընդունում են, որ Պաղեստինի ճանաչումն օրինական որոշում Է, շատերի համոզմամբ Էլ այն ոչինչ չի փոխի, և թշնամանքը չի վերանա: Պատանդ Տալ Հայիմի ազգական Ուդի Գորենը հոռետես Է:

«Կարծում եմ, որ Պաղեստինը ճանաչելու քայլը եվրոպական երկրների և Ավստրալիայի կողմից արվում է ներքին քննադատներին լռեցնելու համար։ Սա ոչինչ չի փոխի։ Մենք գտնվում ենք այս աղետի երկու տարվա շեմին, որից տառապում են և՛ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները, և պաղեստինյան պետության ճանաչումը ոչ մի պատանդի չի վերադարձնի, ոչ էլ կփրկի լոկ մեկ պաղեստինցի երեխայի կյանքը»,- ասել Է Գորենը։

Այնուամենայնիվ պաղեստինցիները հուսով են, որ ճանաչումը կնպաստի խաղաղության հաստատմանը:

Կարդացեք նաև

Back to top button