ԿարևորՀասարակություն

Արմավիրյան «Ֆեստիվառը» անկախության տոնին

«Ֆեստիվառ» մարզային երաշտական-զբոսաշրջային փառատոնի վերջին կանգառը եղել է Արմավիրը, որտեղ միջոցառումն ընթացել է անկախության տոնի ուղեկցությամբ: Քաղաքի կենտրոնական՝  Հանրապետության փողոցում բացվել են տաղավարներ, որտեղ տնտեսվարողները ներկայացրել են իրենց արտադրանքը, իսկ կրթական, մշակութային հաստատությունները՝ իրենց  հմտություններն ու նորարարությունները: Տրամադրությունը Արմավիրում տոնական է եղել ողջ օրվա ընթացքում։

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից Արմավիրի կենտրոնական փողոցում անսովոր աշխուժություն էր: Տաղավարներում արմավիրցիները հյուրերին ներկայացնում էին իրենց  արտադրանքը՝ մրգեր, մեղր, գինի, խեցե իրեր և այլն: Լուկաշինցի մեղվաբույծ Համլետ Եղշատյանը հյուրերին հրավիրում է համտեսելու Շիրակի դաշտավայրի ծաղիկներից ստացված մեղրը:

«Ունենք 250 մեղվաընտանիք, ամառվա բերքի սեզոնին սար ենք տանում, Շիրակի դաշտավայր: Բազմածաղկի մեղր է, ժողովուրդը համտես արեց, բոլորը գոհ էին»:   

«Ես համտեսեցի, շատ համեղ էր, շատ հավանեցի մեղրը և որոշեցինք գնել: Մենք Դաղստանից ենք, հարազարտներին էինք հյուր եկել Գյումրիում և իրենց հետ եկանք այստեղ»:

Արմավիրի մարզային գրադարանը դուրս է եկել ավանդական ձևաչափից ու հանրությանը ներկայանում է նորովի՝ կազմակերպելով կրթական ու մշակութային տարբեր միջոցառումներ: Մարզային  գրադարանի տնօրեն Արևիկ Սարգսյանն ասում է, որ երիտասրադները հետաքրքված են հայ ստեղծագործողներով և տաղավարի կողքով անտարբեր չեն անցնում:

«Սա մշակութային լավ հարթակ է, որտեղ գրադարանը  կարող է ներկայանալ, ընթերցասեր հասարակության մեջ տարածել ու նոր շունչ տալ կրթությանն ու մշակույթին ևս»:

Արմավիրի տարածաշրջանային քոլեջի ուսանողներն էլ շտապում են ցուցադրել  իրենց հմտությունները խոհարարական արվեստում: Այն Տիգրանի ու Ռոբերտի սիրելի գործն է.

«Ներկայացնում ենք գունավոր թիթեռնիկներ, որոնք պատրաստված են բնական գունանյութերով. դեղինը՝ քրքումով, կանաչը՝ սպանախով, իսկ կարմիրը՝ բազուկով: Դեղին թիթեռնիկները լցոնված են նաև կարտոֆիլով: Պատրաստել ենք հայկական գաթա, ղափամաներ»:  «Պատրաստել ենք շոգեխաշման սարքով, մենք այստեղ  ենք հունցել  խմորն ու պատրաստել, շատ համով է»:

Փառատոների կազմակերպումը կարևոր է համայնքների զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու, հանրահռչակելու համար: Այս հարթակում համայնքը ներկայանում է  տնտեսական ու արտադրական կարողություններով, զբոսաշրջային հնարավորություններով, որը նոր ճանապարհ է հարթում համայնքի զարգացման համար՝ ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Փառատոնը հյուընկալող և շրջակա համայնքների տնտեսական ակտիվությունը բարձրացնելու, մշակութային ժառանգությունը պահպանելու, զարգացնելու, հանրահռչակելու հզոր միջոց է: Բացի դրանից դա մի հարթակ է, որտեղ տարբեր բիզնեսներ հանդիպում են: Հյուրընկալող համայնքը, որ  ներկայացնում է  իր բոլոր տնտեսվարողներին, դրանով բացահայտում է այդ համայնքն ու մարզը իրենց ողջ հնարավորություններով»:

Անկախության 34 ամյակին կազմակերպված «Ֆեստիվառի» մասնակիցների շրջանում անկախության գնահատման, սրտի խոսքի ու երախտիքի պակաս չկար:

«Սեպտեմբերի 21-ը մեզ հիշեցնում է, որ մենք ազատ ենք ոչ միայն մեր հողում, մեր լեզվով, մեր հավատով ու մեր երազանքներով, այլ ազատ ենք ամբողջովին: Կցանկանամ, որ յուրաքանչյուրիս համար մեր հիշողությունը լինի անցյալի մասին, նաև ուժ՝ ապագան կառուցելու համար: Հայաստա՛ն, շնորհավոր քո սիրուն տոնը»:

«Թույլ տվեք շնորհավորել բոլորիս անկախության տարեդարձի կապակցությամբ: Շատ հաճելի է նմանատիպ փառատոներ կազմակերպելը»:

«Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում այսպիսի միջոցառումներ են կազմակերպում: Բոլորը շահագրգռված սպասում էին այս օրվան»:

Արմավիրյան  «Ֆեստիվառն» ավարտվեց համերգով ու հրավառությամբ: 

Կարդացեք նաև

Back to top button