
Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ երկօրյա սեմինարը։ Դրան մասնակցում են շուրջ երկու հարյուր պատվիրակներ դաշինքի անդամ և ասոցացված երկրներից, միջազգային և տեղական փորձագետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման է, որը, ըստ մասնակիցների, այսօր առավել քան երբևէ համապատասխանում է տարածաշրջանի քաղաքական իրողություններին։ Օրակարգում է նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության թեման։
Ռոուզ-Ռոթ սեմինարը Երևանում է համախմբել ՆԱՏՕ անդամ և ասոցացված երկրներից շուրջ 160 պատվիրակների, միջազգային և տեղական փորձագետների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների: Սա լավագույն հարթակներից մեկն է՝ քննարկելու փոփոխվող աշխարհում տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը՝ ասում է ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
«Այստեղ խոսքը վերաբերում է այն խնդիրներին, որոնք մենք ուզում ենք քննարկել։ Օրակարգը մշակվել է նաև մեզ հետ։ Մենք ցանկացել ենք Կովկասին վերաբերող օրակարգ բերել Հայաստան»։
Քոչարյանի ձևակերպմամբ՝ ՆԱՏՕ–ի հետ գործընկերությունը Հայաստանի անվտանգության հենասյուներից է։ Նրա խոսքով՝ դաշինքի հետ հարաբերությունները ավելի քան երեք տասնամյակի պատմություն ունեն․ համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 1994 թ․ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, իսկ 2006 –ից իրականացվում է անհատական գործընկերության գործողությունների ծրագրերով։
ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն ասում է, որ այս փուլում քննարկումներ են ընթանում համագործակցության նոր փաստաթղթի հաստատման ուղղությամբ:
«Մենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ասոցացված անդամ ենք, բայց անցյալ տարվանից մեր լիազորությունների փաթեթը մի քիչ ավելացել է։ Այսինքն՝ մենք ոչ միայն մասնակցում ենք տեղեկացված լինելու և աշխատանքներին ըստ անհրաժեշտության՝ հնարավորության դեպքում հարցեր ուղղելու և մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու։ Մեր աշխատանքի ընթացքում դա հաջողությամբ մենք իրացրել ենք։ Այս հարթակը, այնուամենայնիվ, կարող է շատ մեզ օգտակար լինել՝ տարածաշրջանային խաղաղության մեր նպատակներին հասնելու համար»։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները գնահատում է նաև պաշտոնական Երևանի հայտարարած հավասարակշռող ու հավասարակշռման քաղաքականության համատեքստում։
«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է և մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը»։
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները չեն սահմանափակվում միջխորհրդարանական շփումներով, համագործակցությունը երկարամյա պատմություն ունի նաև պաշտպանության ոլորտում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այսօր, երբ Հայաստանը նախաձեռնել է պաշտպանության ոլորտի ակտիվ բարեփոխումներ, այդ հարաբերությունները նոր բովանդակություն են ստանում։ Պապիկյանը պաշտպանության ոլորտում բարեփոխումների համատեքստում է գնահատում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու խոսում Հայաստանի ակնկալիքների մասին։
«Կարևորում ենք նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Վերջին տարիներին կանոնավոր իրականացվում են բարձր մակարդակի բաց և թափանցիկ քննարկումներ ՆԱՏՕ-ի հրամանատարությունների և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների միջև, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնել մեր նպատակները և ստանալ թիրախային աջակցություն»։
ՆԱՏՕ-Հայաստան գործընկերությունն արդյունավետ է գնահատում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Բուրջու Սանը։ Թվարկելով ՆԱՏՕ-ի ծրագրերը, որոնցում Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել, նշում է, որ խրախուսում են Հայաստանի ակտիվ գործընկերությունը։
«Ես հավատացած եմ, որ սա նաև օգտակար կլինի մեր՝ Հայաստանի հետ երկխոսությունն ու համագործակցությունը էլ ավելի խորացնելուն։ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու վերջին ջանքերը շատ բարձր են գնահատվում։ Հայաստանի անվտանգության, պաշտպանության բարեփոխումներին աջակցելու գործում մենք մնում ենք պատրաստակամ»։
Բուրջու Սանի խոսքով՝ դաշինքը ողջունում է վերջին արտաքին և անվտանգային քաղաքականությունը բազմազանեցնելու Հայաստանի քայլերը։ Նա կարծում է, որ հաջորդ քայլը կլինի քաղաքական երկխոսությունը խորացնելը։ Շատ բան է արվել, բայց դեռ շատ անելիք կա՝ եզրափակում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը։




