
Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան հայտարարել են, որ ճանաչում են Պաղեստին պետությունը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X սոցիալական ցանցում գրել է, որ «Կանադան պատրանքներ չունի, թե ճանաչումը կլուծի բոլոր խնդիրները»՝ նշելով, որ Պաղեստինի պետության ճանաչման հիմքում ինքնորոշման և մարդու հիմնարար իրավունքների սկզբունքներն են։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն էլ հայտարարության մեջ նշել է, որ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցիների՝ իրենց սեփական պետությունը ունենալու օրինական և վաղեմի ձգտումները»։
Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որում ասվում է․ «Պաղեստինցիների և իսրայելցիների համար խաղաղության և երկու պետության սկզբունքով հակամարտությունը լուծելու հույսը վերակենդանացնելու համար, Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստին պետությունը»։
Միևնույն ժամանակ, Սթարմերը ընդգծել է, որ Համասը ահաբեկչական կազմակերպություն է, որն ապագա չունի և չի կարող տեղ գտնել Պաղեստինի կառավարությունում։ Նա խոստացել է, որ Լոնդոնը առաջիկա շաբաթներին նոր պատժամիջոցներ կկիրառի Համասի առաջնորդների դեմ։




