ԿարևորՄիջազգային

Ալ-Շարաան չի բացառել, որ Թուրքիան նոր ռազմական գործողություն կարող է սկսել քրդական ուժերի դեմ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան չի բացառել, որ Թուրքիան կարող է դեկտեմբերից հետո ռազմական գործողություն սկսել քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» դեմ, եթե նրանք չմիանան սիրիական բանակին։

«Türkiye Today»-ի փոխանցմամբ՝ Ալ-Շարաան հայտարարել է, որ «Թուրքիան կարող է դիմել ռազմական միջոցների», եթե «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հետ համաձայնագիրը չիրականացվի։ Նա նշել է, որ մարտի 10-ին քրդական ուժերը համաձայնագիր են ստորագրել Սիրիայի անվտանգության ուժերին ինտեգրվելու վերաբերյալ։ Սակայն, ժամանակավոր նախագահի խոսքով, «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» ներսում որոշ խմբավորումներ խափանել են համաձայնագրի իրականացումը և դանդաղեցրել գործընթացը»։

Ալ-Շարաան ընդգծել է, որ «Սիրիայի հյուսիս-արևելքում «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հետ կապված իրավիճակը սպառնալիք ոչ միայն Թուրքիայի, այլև Իրաքի համար»։ Նրա խոսքով՝ Դամասկոսին մինչ այժմ հաջողվել է համոզել Անկարային զերծ մնալ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» դեմ ռազմական գործողություններից։ Սակայն, «եթե ինտեգրումը չկայանա մինչև դեկտեմբեր, Թուրքիան կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել», — ասել է նա։

Պետության ժամանակավոր ղեկավարը նաև հայտարարել է, որ «Սիրիայում քրդերի իրավունքների պաշտպանությունը և հավասարության ապահովումը» իր «գլխավոր սկզբունքն է»։ «Ես քրդերի իրավունքներով ավելի եմ մտահոգված, քան որևէ մեկը», — հավելել է ալ-Շարաան։

Կարդացեք նաև

Back to top button