ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

«Արևելյան պահակախումբը»՝ ընդդեմ ռուսական հնարավոր հարձակման․ ԵՄ–ն օգտակար է համարում ուկրաինական փորձը

ԵՄ-ն կօգտագործի ուկրաինական տեխնոլոգիաները անօդաչու սարքերի դեմ «պատ» ստեղծելու համար։ Ռուսական անօդաչուների՝ Լեհաստանի օդային տարածքը խախտելուց հետո ԵՄ–ն որոշել է ամուր պաշտպանական համակարգ ստեղծել միության սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Բրյուսելը մտադիր է դիտարկել Ուկրաինայի մարտական ​​փորձը։

Վերջերս ՆԱՏՕ-ի օդային տարածքը, մասնավորապես Լեհաստանի և Ռումինիայի երկնքում խախտեցին ռուսական անօդաչու սարքերը։  Այդ աղմկահարույց միջադեպերից հետո Եվրամիությունը մտադիր է օգտագործել մարտադաշտում փորձարկված ուկրաինական մեթոդները և իր արևելյան սահմաններին անօդաչուների դեմ, այսպես կոչված, պատ ստեղծել՝ հաղորդում  է Financial Times-ը։

Պարբերականը գրում է, որ համեմատաբար էժան անօդաչու սարքերը ՆԱՏՕ-ի թանկարժեք տեխնոլոգիաներով որսալը ձեռնտու է Մոսկվային․ ըստ այդմ՝ անհրաժեշտություն կա փոխելու այդ մոտեցումը։

Վերջերս Բրյուսելը կոչ արեց անդամ պետություններին ԵՄ միջոցներով  պաշտպանական համակարգեր ձեռք բերելու։ Համակարգեր, որոնք ցույց են տվել իրենց արդյունավետությունը Ռուսաստանի դեմ ուկրաինական մարտական ​​գործողություններում։

Լեհաստանի օդային տարածք ներխուժած երկու տասնյակ անօդաչու սարքերից մի քանիսը խոցել էին ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ։ Դրանից կարճ ժամանակ անց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրոպան պետք է անօդաչու սարքերի դեմ «պատ» կառուցի իր արևելյան սահմանին։

Նա այդ ծրագիրը նկարագրեց որպես համատեղ մշակված, համատեղ տեղակայված և եվրոպական ուժերի կողմից աջակցվող քայլ, նախաձեռնություն, որը հարձակման վտանգին կարող է արձագանքել իրական ժամանակում։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հայտարարեց Ուկրաինայի հետ անօդաչու սարքերի դեմ դաշինք ստեղծելու մասին, որը Եվրոպային թույլ կտա օգտվել Ուկրաինայի հարուստ փորձից։ Նախագծով առաջարկվում է 6 մլրդ եվրո տրամադրել այդ նպատակին։

Մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական անօդաչու սարքերը խախտել էին Լեհաստանի օդային տարածքը: Անվտանգության ծառայությունները ընդհանուր առմամբ 21 անօդաչու սարք էին արձանագրել, որոնցից մի քանիսը խափանվել էին: Reuters-ը գրում է, որ զգալի թվով անօդաչու սարքեր Լեհաստանի սահմանը խախտել են նաև Բելառուսից:

Լեհական ռազմական ինքնաթիռներից բացի՝ անօդաչու սարքերը որսալու համար կիրառվել էին ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների կործանիչներ: Վարշավան հայտարարել է, որ Ռուսաստանը միտումնավոր կերպով է հարձակվել Լեհաստանի վրա, ուստի, համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի, խնդրել է խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:

Լեհաստանի օդային տարածքը խախտելու միջադեպից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է դաշինքի արևելյան անդամներին պաշտպանելու գործողության մեկնարկի մասին: «Արևելյան պահակախումբ» կոչվող առաքելությունը կներառի տարբեր դաշնակից ուժեր և միջոցներ: Առաքելության մասնակիցների շարքում են Դանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա․

«Մենք կշարունակենք առաջին հերթին թուլացնել ռուսական ռազմական մեքենան՝ համակարգված և ուժեղ պատժամիջոցներով։ Փաստորեն, մենք աշխատում ենք պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա, քանի որ բանակցությունները շարունակվում են։ Մենք կխթանենք մեր մարդասիրական, ռազմական և դիվանագիտական աջակցությունը Ուկրաինային և կխորացնենք մեր համագործակցությունը միջազգային գործընկերների հետ և ներդրումներ կանենք Ուկրաինայի տնտեսության մեջ»։

Մեցոլայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ֆինանսական նոր աջակցություն է ակնկալում ԵՄ-ից․

««Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» ծրագրի շրջանակում  մենք մեր գործընկերներից ստացել ենք ավելի քան 2 մլրդ դոլար: Հոկտեմբերի ընթացքում, կարծում  եմ, կստանանք լրացուցիչ ֆինանսավորում: Ընդհանուր առմամբ կունենանք մոտ 3,5 մլրդ դոլար: Դուք հարցնում եք, թե ինչ կներառեն այդ փաթեթները։ Ես չեմ բացահայտի բոլոր մանրամասները, բայց դրանք անպայման կներառեն Patriot և HIMARS համակարգերի համար նախատեսված հրթիռներ»։

Եվրոպական Politico պարբերականն էլ, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրում է, որ Եվրահանձնաժողովը  կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ պաշտոնական առաջարկ ներկայացնել առաջիկա օրերին։ Մասնավորապես՝ նշվում է սեպտեմբերի 19-ից 22–ն ընկած ժամանակահատվածը։ Ըստ պարբերականի՝ ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներն ավելի խիստ են լինելու նախորդներից։

ՌԴ–ի դեմ նոր սահմանափակումների փաթեթը պետք է ընդունվեր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հետաձգվեց, քանի որ ԵՄ–ի ուշադրության առանցքում Հունգարիայի և Սլովակիայի նկատմամբ կիրառվող ճնշումներն էին, որոնց նպատակն է՝ նվազեցնել ռուսական նավթից նրանց կախվածությունը։

Կարդացեք նաև

Back to top button