ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայ գերիների վիճակին վերաբերող հարցերը քննարկվում են միջազգային գրեթե բոլոր հանդիպումներում․ ՀՀ ՄԻՊ

Հայ գերիների վիճակին վերաբերող հարցերը քննարկվում են միջազգային գրեթե բոլոր հանդիպումներում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Օմբուդսմենի գնահատմամբ՝ թեման հրատապ է հատկապես Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ու ՄԱԿ-ի գրասենյակների փակումից հետո։

Արդեն մի քանի ամիս Ադրբեջանում պահվող հայ գերիներին  միջազգային որևէ կառույց չի այցելել։ Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ նրանց տեսակցել են հունիսին և հայտնել, որ սա Բաքվի արտոնած վերջին այցելությունն է։

Ադրբեջանը դադարեցրել է երկրի տարածքում ԿԽՄԿ–ի գործունեությունը ու փակել ՄԱԿ-ի բոլոր գրասենյակները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակին միջազգային որևէ աչք չի հետևում: ՄԻՊ Անահիտ Մանասյանը հարցը մտահոգիչ է համարում ու «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում, որ թեման քննարկվում է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումների ժամանակ։ 

«Այս հարցը ամենօրյա ռեժիմով է քննարկվում։ Ես ինքս պարբերաբար հանդիպումներ եմ ունենում միջազգային տարբեր գործընկերների հետ։ Օրինակ` բոլորովին վերջերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ եմ հանդիպել և, բնականաբար, կարևորագույն հարցերից մեկը Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերին վերաբերելի խնդիրն է, գտնվելու վայրն անհայտ անձանց և նրանց հարազատների իրավունքների հետ կապված հարցերը։ Միայն այս տարի մի շարք արտասահմանյան այցեր եմ ունեցել  որտեղ հատուկ քննարկման առարկա եմ դարձրել հենց այս հարցը։ Օրինակ` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ եմ Ստրասբուրգում հանդիպել, որտեղ առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել հենց այս հարցը։ Իմ կողմից Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ եմ այս տարի հանդիպել, դարձյալ Ստրասբուրգում, և այդ պաշտոնական հանդիպման շրջանակներում ևս այս հարցը հատուկ քննարկման առարկա եմ դարձրել Ժնև կատարած իմ աշխատանքային այցի շրջանակներում։ Բոլոր պաշտոնական հանդիպումներում ՄԱԿ, Human Rights Watch կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հենց այս հարցն եմ քննարկման առարկա դարձրել»:

ՄԻՊ-ը կարևորում է անկախ մոնիթորինգային մեխանիզմների գործարկումը, սակայն ԿԽՄԿ-ն փաստացի հնարավորություն չունի այցելելու Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Բացի  Կարմիր Խաչից՝ գործում են այլ մոնիտորինգային խմբեր ևս, որոնք թեև դեռ չեն այցելել հայ գերիներին, բայց հնարավոր է դա անեն առաջիկայում։ 

Նա առանցքային է համարում նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային դերակատարների կողմից այս հարցի պատշաճ հասցեավորումը։

«Կան նաև այլ մոնիթորինգային մեխանիզմներ, օրինակ` Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կառուցակարգը, որը, իհարկե, անընդհատ կառուցակարգ չէ։  Բնականաբար, դրանք մեկանգամյա այցեր են, բայց, իհարկե, կարևոր դերակատարություն կարող են ունենալ ցանկացած տեսանկյունից։ Մինչ այս պահը նման այց ի նկատի ունեմ, այս տարվա ընթացքում դեռևս չի գրանցվել, բայց ես հույս ունեմ, որ կգրանցվի»:

Մասնագետները խոսում են հյուպատոսական ծառայությունների միջոցով հայ գերիների մասին տեղեկություններ ստանալու հնարավորության մասին։ Անահիտ Մանասյանը ձեռնպահ  է մնում ընթացակարգերի մասին պարզաբանումներ տալուց, ասում է, որ հարցը քաղաքական քննարկումների տիրույթում  է։

«Դրանք ավելի քաղաքական քննարկումների արդյունքում են իրականացվում և մանդատը հստակ մարդու իրավունքների մանդատ չէ ի սկզբանե։ Բայց ընթացակարգերը միանշանակ գործում են և հիմնականում ձեռք են բերվում քաղաքական համաձայնությունների արդյունքում։ Ես հույս ունեմ, որ այս իրավիճակում էլ, ըստ էության, մենք ամեն դեպքում գործ կունենանք անկախ մոնիթորինգային կառուցակարգերի գործադրման հետ։ Բայց, իհարկե, այստեղ ամենակարևոր հարցը անձանց վերադարձն է»:

Գերիների վերադարձի հարցն ավելի արագ կարող է լուծվել քաղաքական քննարկումների արդյունքում՝ պնդում են շատ փորձագետներ ու միջազգային իրավունքնի մասնագետներ։ Այդ առումով հիշում են քաղաքական հայտարարությունը, որ արեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում՝ օգոստոսի 8-ին Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիխպման ժամանակ։ Նա գերիներին 23 քրիստոնյաներ անվանեց ու ասաց, որ կխնդրի Ալիևին, որպեսզի վերջինս լուծի նրանց վերադարձի հարցը։

Մի քանի օր առաջ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասաց, որ իրականում հայ գերիների թիվը ավելին է քան ներկայացվում է՝

«Չնայած Ադրբեջանը հաստատել է ընդամենը 23 հայերի գերեվարության հանգամանքը, սակայն տարբեր նյութերով հիմնավորված է շուրջ 8 տասնյակ հայերի՝ Ադրբեջանում գտնվելը»:

Ինչու Թրամփի հայտարարությունը՝ հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ, իրականություն չի դառնում՝ հարցնում է ընդդիմադիր պատգամավորը, հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ դիմել է օրինակ Բելառուսի ղեկավարին՝ կոնկրետ անձանց բանտերից ազատ արձակման համար, ինչի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ հայտնվել են ազատության մեջ:

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը ի պատասխան վստահեցնում է, որ հայ գերիների ազատ արձակման հարցը առաջնային ուշադրության առարկա է։

«Եթե երկու երկիր անկեղծորեն ասում են՝ խաղաղություն ենք հաստատում, երևի արժի առաջինը հումանիտար հարցերը կարգավորել, որովհետև դրանք զգայուն հարցեր են, մարդկանց համար ցավոտ հարցեր են: Բայց նաև պարտքս եմ համարում ասել, որ այսօր ևս մեր առաջնային ուշադրության առարկան են հումանիտար հարցերը, և հենց առաջին հերթին գերիների ազատ արձակման հարցը, պատանդառվածների ազատ արձակման հարցը, անհետ կորած մարդկանց ճակատագրերի պարզաբանման հարցը: Հավատացնում եմ ձեզ, այդ աշխատանքները հենց այսօր էլ շարունակվում են և, իհարկե, վաղն էլ չեն դադարելու»։

Նախարարը նշում է նաև, որ գերիների հարցով վերջնական լուծում, ցավոք,  դեռ չկա, թեև ադրբեջանական կողմն ունի հանրահռչակված պարտավորություն՝ բոլորին ազատ արձակելու:

Կարդացեք նաև

Back to top button