ԿարևորՀասարակություն

Հնագույն վիշապաքարերին նվիրված հայ գիտնականների ուսումնասիրությունը միջազգային ճանաչում է ստացել

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը հրապարակել են վիշապաքարերի չափերի և տեղադրման բարձրության բաշխումների առաջին վիճակագրական վերլուծության արդյունքները:

Հոդվածը տպագրվել է ազդեցության բարձր գործակից ունեցող «Nature Partner Journals – Heritage Science» սկոպուսյան ամսագրում։

«Արդյունքները հաստատում են վարկածը, որ վիշապները սերտորեն կապված են եղել ջրի հնագույն պաշտամունքի հետ, քանի որ հիմնականում տեղակայված են ջրի բարձրլեռնային աղբյուրների մոտ և գտնվում են նախապատմական ոռոգման համակարգերին կից: Ավելին, դրանց բարձրությունների անսպասելի բի-մոդալ (կրկնակի էքստրեմումով) բաշխումը ենթադրում է տեղադրման հատուկ ձևեր՝ կապված մարդկային սեզոնային գործունեության և պաշտամունքային սովորույթների հետ»,- ասում է Վահագն Գուրզադյանը:

Արսեն Բոբոխյանի կարծիքով՝ «հետազոտությունը նպաստում է վիշապ կոթողների խորհրդանշական և ֆունկցիոնալ նշանակության ավելի խորը ըմբռնմանը՝ նախապատմական սոցիալական և կրոնական համակարգերի համատեքստում»։

Հետազոտությունն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հովանավորած «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից ﬕնչև ﬔր օրերը» հետազոտական նախագծի շրջանակներում։

Վիշապաքարերը ձկնակերպ, ցլակերպ կամ ձկնացլակերպ պաշտամունքային հուշարձաններ են, որոնք հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում։ Այս քարակոթողները հայտնաբերվել են  Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափերին, Ճորոխ գետի ավազանում և այլուր։  

Կերտվել են միակտոր քարից, սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող հնագույն աստվածությունների խորհրդանիշեր։

Հոդվածի հեղինակներից պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը  Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավարն է, որի հետազոտությունները նվիրված են աստղագիտական տվյալներին և պատմական ժամանակագրություններին։ Պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենն է, որ  վերջին տասնամյակում ղեկավարել է վիշապաքարերին նվիրված լայնածավալ հետազոտությունները։

Կարդացեք նաև

Back to top button