
35 տարի առաջ Հանրային ռադիոյի Գրական հաղորդումների խմբագրության աշխատակից Հովիկ Հովեյանը Հայրիկ Մուրադյանին հրավիրեց ձայնագրության, վերջինս արդեն 85 տարեկան էր, բայց լեցուն աշխատելու և իր ստանձնած ազգային մեծ գործը ազնվորեն շարունակելու վճռականությամբ:
1905թ. Վանի Շատախի Ջնուկ գյուղում ծնված տղային անվանակոչել էին Խրիմյան Հայրիկի պատվին: Նա ուսուցիչներից, որոնց թվում նաև Սիլվա Կապուտիկյանի հայրն էր՝ Բարունակ Կապուտիկյանը, շատ բան էր սովորել իր ժողովրդի, հայրենիքի, ավանդույթների, բանահյուսության, երգերի մասին:
1915 թվականից սկսած՝ ահռելի փորձությունների ենթարկվելով՝ 2 անգամ ականատես լինելով չքնաղ Վանի անկմանը, 10- ամյա Հայրիկն անցավ 6 տարիների մի երկար, տանջալից ճանապարհ, մինչև որ մոր, եղբոր և հորեղբոր հետ 1921-ին հասավ Արևելյան Հայաստան:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, ժամանակի մեծ մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Մկրտիչ Մկրյանի և ուրիշների հետ ջերմ բարեկամություն։ Սովետական իշխանությունները 1937-ին նրան կեղծ ամբաստանությամբ բանտարկեցին՝ իբր ժողովրդի թշնամի Աղասի Խանջյանի հետ համագործակցած մեկի:
1980-ականներին, Հայաստանում նա մշակութային մի մեծ հեղաշրջում արեց: Երգեց մեզ համար ազգագրական բացառիկ երգեր և արթնացրեց, օգնեց մեզ վերստին բացահայտելու տասնամյակներով ճնշված մեր իրական էությունը:
«Այս երգերը ոչ միայն շոյում են մեր զգացումները, այլև՝ բարություն, քաջություն, նվիրվածություն, աշխատասիրություն են պատգամում։ Դրանք օգնում են մեզ ուրախության, թե տխրության պահերին»,- ասում էր Հայրիկ Մուրադյանը։
Հայրիկն իր իմաստուն պատասխանն ունի մեր ազգագրական երգին սպասվող ապագայի մասին: Նա վստահ էր, որ դրանք վախճան չունեն, մահ չունեն: Նրա և իր դուստր Մարոյի ջանքերով 1980 թ. հիմնադրվեց «Ակունք» ազգագրական համույթը, որը Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի այն ժամանակվա ղեկավարն առավ իր հովանու տակ: Համույթը մեծ ճանաչում ստացավ և վայելեց հանրության սերը: Շուտով Ակունքը հյուրախաղերի մեկնեց Էստոնիա և մեծ հաջողություն ունեցավ: Շատ հետաքրքիր է Հայրիկ Մուրադյանի մոտեցումը ջահելների սիրած դիսկո-ռոք և ժամանակակից երաժշտության այլ դրսևորուների նկատմամբ:
«Առաջնայինը աստվածայինն է, հոգին պետք է մաքրել ամեն տեսակ թույներից, արատներից»։ Նա համոզված էր, որ միայն, Կոմիտասի սկզբունքների վրա հիմնված՝ երաժիշտները կարող են իսկապես արվեստի գործեր ստեղծել:
Հայրիկ Մուրադյանն ազնվորեն պայքարեց հայ ազգագրական, ինչպես և հայրենասիրական երգերի անաղարտության և դրանք մեր ժողովրդին մաքուր վիճակում վերադարձնելու ուղղությամբ: Նա դա արեց խորհրդային տարիներին՝ արհամարհելով կուսակցական և քաղաքական հետադիմական բոլոր արգելքներն ու ճնշումները:
Հիշատակը վառ այս տարի իր 120-ամյակը բոլորող վանեցի Հայրիկ Մուրադյանի և 1980-ականներին Հայաստանի հեռուստառադիոյի պետական կոմիտեի ղեկավար՝ Ստեփան Պողոսյանի, որը ասպարեզ բացեց Հայրիկի և «Ակունք-ի համար և ռադիոյի ու հեռուստատեսության եթերով անվախ սփռեց այդ երգերը Հայաստանի և սփյուռքի ունկնդիրների համար:




