ԿարևորՀասարակություն

Վրաստանում կկայանա Meet Dilijan նախաձեռնության շնորհանդեսը

Դիլիջանը կներկայացվի որպես զբոսաշրջային յուրահատուկ ուղղություն սեպտեմբերի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունենալիք «Զբոսաշրջության ստանդարտներ» 7-րդ միջազգային համաժողովում։ Այն կազմակերպվում է Զբոսաշրջության համաշխարհային օրվա շրջանակում։

«Զբոսաշրջության ստանդարտներ» միջազգային համաժողովը ամենամյա է և անցկացվում է 2020 թվականից։ Այս կարևոր հարթակը միավորում է տարբեր երկրների զբոսաշրջության մասնագետների, որոնք ներկայացնում են իրենց երկրների ստանդարտներն ու կարգավորումները։

Համաժողովը հրաշալի հնարավորություն է կապերի հաստատման և բազմազան համագործակցությունների ձևավորման համար։ Հայաստանը այս համաժողովին կներկայանա առաջին անգամ։

Սեպտեմբերի 23-ին Վրաստանում առանձին միջոցառմամբ կներկայացվի Meet Dilijan նախաձեռնությունը։ Միջոցառմանը կմասնակցեն Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն, Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը (GNTA) և Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիան (GTA)։ 

Meet Dilijan նախաձեռնության նպատակն է ներկայացնել Դիլիջանի յուրօրինակ գրավչությունը որպես առաջատար զբոսաշրջային ուղղություն՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային այցելուների համար։ Հարթակը կտրամադրի տարբեր գործիքներ և ռեսուրսներ՝ այցելուներին հնարավորություն տալով խորությամբ բացահայտել քաղաքը՝ բնությունը, հարուստ մշակույթը, խոհանոցը և այլ կարևոր շերտեր։

Նպատակն է Դիլիջանը դարձնել ավելի ճանաչելի վրացական շուկայում և նպաստել Դիլիջանում զբոսաշրջության զարգացման խթանմանը։ Միջոցառման մասնակիցները կծանոթանան Դիլիջանի հարուստ պատմությանը, մշակութային ժառանգությանը և զբոսաշրջային ներուժին։ Հատուկ ուշադրություն կդարձվի HoReCa ոլորտին (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ), քանի որ հյուրանոցներն ու հանրային սննդի օբյեկտները լինելու են Վրաստանից զբոսաշրջային հոսքի ավելացման հիմնական շահառուները։ Կանցկացվի նաև պանելային քննարկում, որտեղ կքննարկվեն տարածաշրջանի զարգացման հնարավորությունները։ 

«Դիլիջանն այս միջազգային հարթակում ներկայացնելը եզակի հնարավորություն է ոչ միայն բացահայտելու քաղաքի զբոսաշրջային և մշակութային ներուժը, այլև ամրապնդելու Հայաստանի դիրքերը տարածաշրջանային զբոսաշրջային քարտեզի վրա։ Մենք համոզված ենք, որ Դիլիջանը կարող է դառնալ մի կամուրջ Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջային շուկաների միջև՝ շնորհիվ իր բարենպաստ լոգիստիկայի, մոտիկ աշխարհագրական դիրքի և կարճատև հանգստյան ուղևորությունների հասանելիության։ Բացի այդ, Դիլիջանը մեծ ներուժ ունի համակցված տարածաշրջանային տուրերի համար՝ գրավելով միջազգային այցելուների, ովքեր ցանկանում են մեկ ուղևորության ընթացքում բացահայտել և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը։ Այս մասնակցությունը միաժամանակ մեծ պատասխանատվություն է և հնարավորություն ցույց տալու, որ Հայաստանը պատրաստ է նոր մակարդակով ներկայանալ միջազգային գործընկերներին»,- նշել են Meet Dilijan նախաձեռնությունից։ 

Կարդացեք նաև

Back to top button