ՆԱՏՕ-ի ուժերը կտեղակայվեն Լեհաստանի տարածքում
Անցած չորեքշաբթի օրը Լեհաստանի օդային տարածքում ռուսական անօդաչուների հայտնվելու և ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի ուժերով ոչնչացվելու պատմությունն Էլ ավելի Է սրել հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի առանց այն Էլ լարված հարաբերությունները:
Լեհերն արձագանքել են, սահմանամերձ տարածքներում լրացուցիչ զորամիավորումներ և ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ տեղակայելով, Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն ընդունել են խիստ հայտարարություններ:
Սեպտեմբերի 12-ին Էլ ՆԱՏՕ-ն նախաձեռնել Է Eastern Sentry, թարգմանաբար՝ Արևելյան պահակ գործողությունը, որի նպատակն Է հզորացնել արևելաեվրոպական անդամների ու, մասնավորապես, Լեհաստանի պաշտպանությունը:
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ստորագրել Է հրամանագիր, որով ՆԱՏՕ-ի ուժերն Արևելյան պահակ գործողության շրջանակում կտեղակայվեն այդ երկրի տարածքում:
Պատահականության վարկածը բացառվում Է
Ռուսական կողմը պնդում Է, թե դրոններով հարվածներ Է հասցրել միայն Ուկրաինայում գտնվող թիրախներին և լեհական որևԷ թիրախ չի ունեցել: Մոսկվան չի ասում, թե մարտական անօդաչուները սխալմամբ են հասել ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածք, քանի որ նման պարագայում ստիպված կլինի ներողություն հայցել կամ գոնե ափսոսանք հայտնել:
Ի՞նչ պատահականություն, մեկը-երկուսը լինեին՝ դեռ կընդունվեր պարզաբանումը, բայց երբ մարտական անօդաչու թռչունների մի ամբողջ երամ Է հատում օդային սահմանը՝ պատահականության վարկածը պարզապես ծիծաղելի Է դառնում:
Ռուսաստանի անզգույշ և անխոհեմ պահվածքը
ՆԱՏՕ-ն նաև օդային ուժեր Է ուղարկում Լեհաստան: Ռաֆալ տեսակի երեք ֆրանսիական մարտական ինքնաթիռներ շաբաթ օրվանից պարեկություն են անում լեհական օդային տարածքում: Ֆրանսիան Լեհաստան Է ուղարկել ոչ միայն օդանավեր, այլև դրանց անձնակազմը, սպասարկող թիմը և զինամթերքը:
Անցած շաբաթ օրը դրոնների հարցին անդրադարձել Է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Դե, շատ քննարկումներ են անցկացվում, դա չպետք է տեղի ունենար, չեմ կարծում, որ որևէ մեկը գոհ է դրանից։ Դուք տեսաք, թե ինչպես ՆԱՏՕ-ն համապատասխան կերպով արձագանքեց։ Մենք չենք ուզում, որ դրոնների պատմությունը կրկնվի: Դա անընդունելի, ցավալի և վտանգավոր զարգացում է»,- ասել Է պետքարտուղարը:
«Կինժալներ», «Ցիրկոններ» և «Իսկանդերներ»
Ռազմական առճակատման տրամաբանությունը շատ պարզ Է՝ ռուսները դրոններով հարվածում են Ուկրաինային, մոտ երկու տասնյակ ԱԹՍ-ներ հասնում են Լեհաստան, դրան ի պատասխան ՆԱՏՕ-ն սկսում Է «Արևելյան պահակ գործողությունը», որին ռուսները պատասխանում են «Զապադ-2025» կոդային անվամբ ռուս-բելառուսական լայնածավալ զորավարժություններով:
Ռուսները Բելառուսի տարածքում արձակում են Իսկանդերներ, մարտական օդանավերից պայմանական հակառակորդին Կինժալ տեսակի գերձայնային բալիստիկ հրթիռներով են հարվածում, Բարենցի ծովում մարտական նավերից Էլ Ցիրկոն տեսակի հրթիռներ են արձակում
Բելառուսում են ՆԱՏՕ-ի զինվորական դիտորդները
Պատերազմները հազվադեպ են ավարտվում զորավարժություններով, մինչդեռ զորավարժությունները հաճախ են վերաճում իսկական պատերազմների: Ի՞նչ անել, որ գործն արյունահեղության չհասնի: Միջազգային ընդունված գործելակերպը՝ զորախաղերին հյուրի կարգավիճակով հետևելն Է: Դրա համար հրավեր Է պետք:
Բելառուսները ՆԱՏՕ-ին առաջարկել են ժամանել և դիտարկում անցկացնել: Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ամերիկացի զինվորականներին ասել Է, թե նրանք կարող են դիտել ինչ կուզեն:
Բելառուս են ժամանել 23 երկրների դիտորդներ, ամերիկացիներից զատ ՆԱՏՕ-ից ներկա են նաև թուրքերն ու հունգարացիները: Բելառուսի զինվորականները սիրալիր են օտարերկրացի պաշտոնակիցների հետ:
ՆԱՏՕ-ն պաշտպանում Է իր տարածքի յուրաքանչյուր թիզը
Բարեկամական ձեռքսեղմումներ, հանգիստ աշխատանքային զրույցներ, հակակրանքի նշույլ իսկ չկա: Չի բացառվում, որ դա Վաշինգտոնի և Մինսկի հարաբերությունների որոշակի բարելավման հետևանք Է: Այնուամենայնիվ, Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում Է, որ ռուսական հնարավոր ագրեսիայի պարագայում կդիմի ամենակոշտ միջոցների:
«Լեհաստանը և դաշինքի բոլոր քաղաքացիները պետք է վստահ լինեն, տեսնելով այս շաբաթասկզբին մեր արագ արձագանքը և լսելով մեր հայտարարությունները։ ՆԱՏՕ-ն կշարունակի պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։




