Վերնատուն

Գրականության մեջ ես փորձում եմ բազմաձայնություն ապահովել․ Լուսինե Խառատյան. «Վերնատուն»

Գրքի երևանյան միջազգային փառատոնի «Սարոյանի անվան կարճ պատմվածքների մրցույթի» գլխավոր մրցանակին է արժանացել գրող և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի «Ամերիկատեղ հղի» պատմվածքը։

Լուսինե Խառատյանը գրում է տարբեր ժանրերով՝ ուղեգրություններից մինչև էսսե և պատմվածք։ Նրա ստեղծագործությունները ոգեշնչվում են ոչ միայն մարդաբանական հետազոտություններից, այլև ճամփորդություններից։ Ներկայումս նա ավարտին է հասցնում իր նոր վեպը։ Խառատյանի խոսքով՝ իր ստեղծագործությունը Սարոյանի գրականությանը հարազատ է հումանիզմի առումով։

Նրա մրցանակակիր պատմվածքը նույնպես ընդհանրություններ ունի սարոյանական գործերի հետ, քանի որ այն Ամերիկայի մասին պատմություն է՝ հայի տեսանկյունից։ Գրողը նշում է, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են ճամփորդում և միգրանտ են, հայրենիքը կարող են տեսնել ու զգալ ամենատարբեր փոքր բաներում։ Ըստ նրա՝ մոբիլ աշխարհում օգնում է «հայրենիքը հետդ տանելը» կամ այն փոքրիկ բաներում զգալը։

Խառատյանը բացատրում է, որ իր համար թեման ինքն է գալիս ու պարտադրում է գրել դրա մասին։ «Դա կարող է լինել հասարակ մի պատմություն, որն ամեն կերպ ուզում եմ պատմել։ Թեման նաև պարտադրում է իր լեզուն, որով ուզում եմ պատմել»,- ասում է նա։ Լուսինե Խառատյանը կարծում է, որ հետազոտողի աչքը օգնում է իրերին այլ տեսանկյունից նայել։

«Իմ մասնագիտությունն ոչ այնքան մասնագիտություն է, որքան կենսակերպ։ Ես ուղղակի աշխարհի հետ այդ կերպ եմ հարաբերվում։ Որքան շատ են ու տարբեր տեսանկյունները, մենք աշխարհն ավելի բազմաձայն ենք տեսնում։ Եվ գրականության մեջ ես փորձում եմ բազմաձայնություն ապահովել»,- շեշտում է գրողը։

Նա նշում է, որ իրեն չի համարում հայ գրականության որևէ ավանդույթի շարունակող, քանի որ «թե լեզուն է տարբեր, թե աշխարհը, որի մասին պատմում եմ»։ Նրա գրականությունը «ֆրագմենտար է», նույնիսկ կարճ պատմվածքի սյուժետային գիծը, որն ավելի շատ «ֆրագմենտար է, քան դասական պատմություն պատմելու ձևը»։

Խառատյանի համոզմամբ՝ գրականության դերերից մեկը «հոսուն ու փոփոխական իրականությունը փոխանցելն է»։ Նա կարևորում է, որ գրականության տարածքում լինի բազմաձայնություն և երևան բոլոր շերտերը, քանի որ «մենք ամեն մեկս կրկնագիր ենք՝ մեզնից առաջ եղած մարդկանց, պատմությունների, վայրի»։

Կարդացեք նաև

Back to top button