
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել է մի շարք խնդիրների՝ սկսած «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային վերահսկողությունից մինչև եկամուտների հայտարարագրում։
«Զվարթնոց» օդանավակայանում մաքսավորները քաղաքացիներից պարբերաբար պահանջում են անցնել «կարմիր» գոտի, և դա մասսայական բնույթ է կրում։ Ինչո՞ւ։ Քաղաքացիների ահազանգը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին փոխանցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
ՊԵԿ նախագահը հերքեց, որ դա մասսայական բնույթ է կրում։ Նա ասաց, որ նման քայլի են դիմում միայն որոշ դեպքերում, երբ առկա է մաքսանենգության ռիսկ․
«Խոսքը համակարգիչների, հեռախոսների, թանկարժեք ժամացույցների ու զարդերի մասին է։ Ունենք կոնկրետ քաղաքներ, որտեղից մաքսանենգության դեպքերն առավել շատ են։ Հիմա աշխատում ենք ռիսկերի գնահատման ու թիրախային ստուգումների համակարգ ներդնելու ուղղությամբ»։
Արծվիկ Մինասյանի հաջորդ հարցը վերաբերում էր ակցիզային հարկի ավելացմանը՝ արդյո՞ք դրանից հետո հարկային մուտքերը ավելացել են։ Էդուարդ Հակոբյանը պատասխանեց, որ հարկերն ավելացնելու նպատակը ոչ թե մուտքերի ապահովումն էր, այլ հարկային համակարգի միջոցով տնտեսական զարգացման խթանումը․
«Ակցիզային հարկերն այս տարվա հունվար-օգոստոսին աճել են 15,5 տոկոսով, ինչը գերազանցում է ընդհանուր հարկերի աճը։ Սա նշանակում է, որ ակցիզային հարկի բարձրացումն իր արդյունքը տալիս է»։
ՊԵԿ նախագահը զեկուցեց նաև եկամուտների հայտարարագրման ընթացքի մասին։ Նա հիշեցրեց, որ շուրջ 92 հազար վարձու աշխատողներ արդեն եկամուտների հայտարարագիր են ներկայացրել։ Դա մինչև նոյեմբերի 1-ի վերջնաժամկետը ակնկալվող քանակի ընդամենը 15 տոկոսն է։ Նա քաղաքացիներին կոչ արեց չհետաձգելու գործընթացը․
«ՊԵԿ-ն արդեն իսկ ահռելի ինֆորմացիա լրացնում է քաղաքացիների փոխարեն։ Մնում է միայն լրացնել բաց հատվածները՝ այն եկամուտները, որոնց մասին տեղեկություն չունենք։ Ոչ ժամանակին հայտարարագիր ներկայացնողները նախազգուշացումներ, ապա տուգանքներ կստանան»։
Էդուարդ Հակոբյանը նշեց նաև, որ հայտարարագիր լրացնելու համար անհրաժեշտ է նոր նմուշի նույնականացման քարտ, որի տրամադրման գործընթացում ուշացումներ կան։ Չնայած դրան, ըստ ՊԵԿ նախագահի, արդեն ավելի քան 600 հազար քաղաքացի նույնականացման քարտ է ստացել։
ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի հայտարարատուների թիվը կավելանա ևս 500 հազարով։ Դրանց թվում կլինեն նաև թոշակառուները։ Նա տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ պետք է հաստատվի հարկային համակարգը բարելավող օրենսդրական նոր փաթեթ, որը հնարավորինս կհեշտացնի հայտարարագրման գործընթացը։




