ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Զանգովի» արդարադատությունից մինչև հոգևոր «նորոգում»․ «եռացող» ԱԺ-ում արդարադատությունն էին քննարկում

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր խորհրդարանում փակ, գաղտնի քվեարկությամբ 65 կողմ ձայնով ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Արմեն Դանիելյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է:
Մինչև ընտրությունը խորհրդարանում շարունակվել է դատավորի թեկնածուների շուրջ քննարկումը, ինչը, սակայն, վերաճել է քաղաքական բանավեճի, իշխանություն-ընդդիմություն փոխադարձ վիրավորանքների։ Մի կողմից հնչել են մեղադրանքներ, այսպես կոչված, «զանգովի» արդարադատության մասին, մյուս կողմից՝ պատասխան հիշեցումներ։ Այս համատեքստում ԱԺ նախագահն արդեն առանձին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ գործող խորհրդարանում ընդդիմություն չկա, և հույս է հայտնել, որ առաջիկա ընտրություններից հետո իրավիճակը կպարզվի։ Լենա Բադեյանն է ներկայացնում խորհրդարանական անցուդարձը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղյակ չէ լուրերից, թե գործադիրի ղեկավարը դժգոհ է իր աշխատանքից և, հնարավոր է, պահանջի հրաժարականի դիմում գրել։ Ինքը՝ Գալյանը, համոզված է, որ վարչապետին դժգոհելու առիթ չի տվել։

«Նախարարի պաշտոնն այնպիսի պաշտոն է, որը լքելու ռիսկ միշտ կա, քանի որ  բնույթով այն քաղաքական է։ Բայց ես մինչև օրս դժգոհության որևէ առիթ չեմ տվել և չեմ լսել որևէ դժգոհություն իմ հասցեին»։

Գործադիր իշխանությունում նախարարի ներկայացրած հանգիստ մթնոլորտը, սակայն, նույնքան հանգիստ չէ օրենսդիր մարմնում։ Երկու օր է՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրելիս խորհրդարանում սուր քննադատություններ են հնչում արդարադատության ոլորտի ու վճիռների, այսպես ասենք, «որակի» վերաբերյալ։ Խորհրդարանական մեծամասնության առաջադրած երեք թեկնածուներից ոչ մեկն ընդդիմադիր պատգամավորների սրտով չէ։ Ըստ պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ դատավոր թեկնածուների խոսքերը հակասում են վիճակագրությանը։

«Էս ամբիոնից ով խոսեց, ասաց` ես այլընտրանքային խափանման միջոցներ եմ օգտագործում։ Բա որ էդպես է, բա որ այդքան մարդասեր եք, ո՞նց է ստացվում, որ երկրի բանտերում միջին տվյալներով այս պահին 2826 պահվողներից 1498–ը նախնական կալանքի տակ է գտնվում։ Այս թիվն ավելի մեծ է, քան դատապարտվածներինը։ Այդ ո՞նց է լինում, այդքան մարդասեր եք, ու մարդիկ կալանքի տակ են»:

Ընդդիմադիր պատգամավորների համար հատկապես տարակուսելի են դատավոր թեկնածուների պատասխանները Բաքվում պահվող հայ գերիների դատավարությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյան․

«Սիրելի թեկնածուներ, ձեզ արգելվա՞ծ է ասել, որ գերիներ կան Բաքվի բանտում ու շինծու դատավարություն է ընթանում։ Դա ի՞նչ պատասխան էր։ Անկեղծ եմ ասում` ի՞նչ է նշանակում` ես ՀՀ դատավոր եմ ու կաշկանդված եմ ՀՀ օրենքներով»։

Ընդդիմադիրներն այս համատեքստում շեշտադրում էին հենց կալանավորված արքեպիսկոպոսների գործերը՝ այդ գործերով կալանավորված այլ անձանց մասին խոսելիս ևս օգտագործելով «քաղբանտարկյալ» ձևակերպումը։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անցավ, այսպես կոչված, «զանգովի» և «ընտրովի» արդարադատություն ձևակերպումներին։

«Հայաստանում ոչ մի իշխանություն չպիտի ուղղորդի դատական համակարգին, որ դեռ մարդու չբռնած՝ դուք արդեն վճիռները «դակում» եք՝ տեռորիստ, ահաբեկիչ, չգիտեմ այս, այն։ Լավ, լրջացե՛ք։ Լավ, սա՞ է ձեր արդարադատությունը, ու՞ր մնաց անմեղության կանխավարկածը»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր թևից հնչած հայտարարություններին հակադարձեց՝ Հայ առաքելական եկեղեցու երկու արքեպիսկոպոսներին առնչվող քրեական նույն գործերը ներկայացնելով իշխանության տեսանկյունից։ Բայց մինչև այդ՝ տարօրինակ տեսարան համարեց այն, որ, այսպես ասած, «զանգովի» արդարադատությունից բողոքում է քոչարյանական պատգամավորը։

«Ես համարում եմ, որ այս հարցը լակմուսի թուղթ է ընդհանրապես մեր քաղաքական դաշտում՝ հասկանալու, թե ով ինչ է ուզում։ Սկսենք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից։ Նախ՝ Հայաստանի քրեական օրենսգրքում կա հոդված` իշխանությունը բռնի կերպով զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ Հարցազրույցում ասել է, որ պետք է անել ռազմական հեղաշրջում, հետո մյուս հարցազրույցում ինչ–որ դրա մասին հարցին ասել է` ես արել եմ ռազմական հեղաշրջում անելու կոչ։ Բառացի։ Հետո էլ գնացել է տուն, օրագրի մեջ գրել է՝ այսօր  տվեցի հարցազրույց, արեցի հեղաշրջման կոչ։ Կարո՞ղ եք բացատրել ինձ` ինչու՞ է հարգարժան, մեծապատիվ սրբազան հայրը քաղբանտարկյալ։ Անցնենք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Մեղադրանքի մեջ չկա, բայց ես չգիտեմ` ինչու չկա, որ այդ մարդը ամիսներ շարունակ ասում էր  հրապարակայնորեն, որ իր հետ շփվում են օտարերկրյա ուժային կենտրոններ ցիտում եմ։ Ու դրան զուգահեռ պարզվում է՝ իրենք, ըստ դատախազության մեղադրանքի, այսպիսի բաներ են կազմակերպելիս եղել»։

Նախօրեին՝ հարց ու պատասխանի ժամանակ, Հայաստանի վարչապետը հաստատել էր, որ դեռ քննարկում են Հայ առաքելական եկեղեցու հետ իշխանության ունեցած տարաձայնությունները լուծելու տարբերակները։ Անգամ ճանապարհային քարտեզ հրապարակեց ու առաջիկա քայլերը ներկայացրեց․

«Մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Այս պրոցեսի նպատակը ինտրիգը չէ, այս պրոցեսի նպատակը ինչ–որ կադրային հարց լուծելը չէ։ Այս պրոցեսի նպատակը հոգևոր նորոգումն է։ Կուլմինացիան լինելու է Էջմիածնի կենտրոնական հրապարակում, բայց դա չի լինելու մեզ ծանոթ քաղաքական, հեղափոխական։ Դա ունենալու է բացառապես հոգևոր–քրիստոնեական արժեքների, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, չեն հնչելու քաղաքական բովանդակության ելույթներ։ Փոխանակ եկեղեցին այդ խնդիրը լուծի, որ հոգևոր կյանքը տարածվի աշխարհիկների շրջանում, իրենք աշխարհիկ կյանքը տարածում են հոգևորականների շրջանում։ Չի կարող այդպիսի բան լինել, չի լինելու կոմպրոմիս, ես ուղիղ եմ ասում` բացառված է կոմպրոմիսը»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր քաղաքական գործիչների կեցվածքին և ԱԺ-ում իշխանության հասցեին հնչող քննադատություններին, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրանց այլևս լուրջ չի վերաբերվում։ Ծանրակշիռ ընդդիմություն նա ակնկալում է տեսնել արդեն հաջորդ խորհրդարանում․

«Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի, կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար։ Հայաստանի Հանրապետության պառլամենտում այլևս ընդդիմություն գոյություն չունի, կարծում եմ` արտախորհրդարանական ընդդիմություն կա, ինչպես նաև պառլամենտից դուրս կան արդեն ձևավորված ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք հույս ունեն, որ կհայտնվեն պառլամենտում, և վերջապես մենք պառլամենտում կունենանք ընդդիմություն»։

Ալեն Սիմոնյանը թեմային անդրադարձավ՝ անգամ որոշ ընդդիմադիր գործիչների անվանապես հիշելով։ Առաջիկա ընտրություններին նախկին նախագահների և նրանց թիմերի առաջադրումը ԱԺ խոսնակը ձեռնտու է համարում ՔՊ-ի համար։ Նորաստեղծ «Մեր ձևով» ուժին Սիմոնյանը մրցակից չի համարում իշխող ուժի համար, կարծում է՝  բանտում հայտնված մեծահարուստ մարդու համար փորձում են քաղաքական ապաստարան գտնել խորհրդարանում։ Իսկ Արթուր Վանեցյանին Սիմոնյանն առհասարակ քաղաքական գործիչ չի համարում՝ համարելով հնարովի կերպար։

ԱԺ նախագահը չի փորձում կանխատեսել, թե ձայների որ տոկոսը ՔՊ-ն կստանա ընտրություններին, բայց համոզված է, որ կրկին մեծամասնություն կձևավորեն խորհրդարանում։ Պատկերավորության համար ասում է՝ անգամ իր նկարին մրցակից չի տեսնում գործող ընդդիմության շարքերում։

Կարդացեք նաև

Back to top button