
Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է մտահոգիչ միտում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում որոշ մասնագիտությունների գծով դիմորդների կտրուկ նվազում։ Այս տարի ևս այդ միտումը շարունակվեց։



Եվ, չնայած դիմորդների ընդհանուր թվի նվազման միտումը պահպանվում է, սակայն, թափուր տեղերն այս տարի փոքրաթիվ են։ Սա բացատրվում է այն փաստով, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում նախատեսված ընդունելության տեղերի քանակը այս տարի զգալիորեն պակասեցվել է։

«Այս տարի պետական բուհերում 25 մասնագիտությունների գծով դիմորդներ չեղան։ Բացի դրանից՝ ոչ պետական բուհերում, որոնք Հայաստանում գործող բուհերի 2/3-ն են կազմում, 96 մասնագիտությունների գծով դիմորդներ ընդհանրապես չեն եղել։ Սա նշանակում է, որ շատ հետաքրքիր մասնագիտություններ տարիներ շարունակ ուղղակի դիմորդներ չեն ունենում։ Իսկ պատճառներից մեկը՝ գուցե կարևորը, վերջին մի քանի տարվա ընթացքում ընդունելության կարգում փոփոխություններն են»,- ասում է ՀԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆ․մ․գ․ և մ․գ․ թեկնածու, դոցենտ, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։




