
Կենսաթոշակային ֆոնդերն առաջիկայում տնտեսության իրական հատվածում երկարաժամկետ ներդրում կանեն։ Ծրագրի մասին այս պահին մանրամասներ չկան, բայց հստակ է, որ ակնկալիքները մեծ են։ Կենտրոնական բանկի առաջարկած օրենսդրական փոփոխություններով՝ կենսաթոշակային ֆոնդերում ներդրված գումարները մինչև 10 տոկոսի չափով հնարավոր է ներդնել իրական հատվածում։ Մինչև դա ուղիղ ներդրումների հնարավորություն չկար։
Հայաստանում բիզնեսի մոտ 80 տոկոսը որպես ֆինանսական միջոց դիտարկում է վարկավորումը։ Մինչդեռ կառավարությունը փորձում է կապիտալի շուկան զարգացնել։ Այժմ իրականացվում է թողարկման ու վարկանշավորման ծրագիր։ Մանրամասները էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է հայտնում․
«Այն ընկերություններին, որոնք պարտատոմս կամ բաժնետոմս են թողարկում, մենք աջակցում ենք»։
Պապոյանն ընդգծում է՝ հայկական ընկերությունները պետք է ի վերջո, վարկին զուգահեռ, որպես ֆինանսավորման այլընտրանքային միջոց դիտարկեն նաև պարտատոմսերը։
«82 տոկոսի դեպքում որպես հիմնական գործիք վարկավորումն է, հետո՝ պետական երաշխիքը։ Ապա միայն մյուս գործիքներն են գալիս։ Նման գործիքների կիրառումը պետք է շատ արդյունավետ լինի»։
Հայաստանում կապիտալի շուկան թույլ է զարգանում՝ կարծում են նաև փորձագիտական դաշտում։ «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»–ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը զարգացման ներուժ տեսնում է։ Հայաստանը չպետք է միայն ներքին շուկայով բավարարվի՝ ասում է․
«Արտաքին ներդրողներն էլ հասկանան, որ Հայաստանում կարելի է ներդրումներ անել։ Ներուժ ունենք, պետք է սկսենք նախ՝ ներքին շուկայի զարգացումից, դրանով չբավարարվելով՝ առաջ գնանք»։
Կապիտալի շուկայի զարգացման համար Կենտրոնական բանկը կառավարության և Ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է շուկայի զարգացման ծրագիր։ Օրենսդրական վերջին փոփոխություններով կենսաթոշակային ֆոնդերն իրենց ակտիվների 10 տոկոսը կարող են ներդնել տնտեսության իրական հատվածի մեջ։ Մինչև վերջին փոփոխությունները, կուտակված գումարները ներդրվում էին տեղական կամ արտասահմանյան ֆինանսական գործիքներում։ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն արձանագրում է․
«Եթե մինչև այս փոփոխությունը մեկ երկրում ներդրման առավելագույն չափը15% էր, այժմ ԱՄՆ ֆինանսական շուկայում հնարավոր է ներդնել մինչև 30 տոկոս։ Փոփոխությունների հիմնական իմաստն այն է, որ կապիտալի շուկայում ԱՄՆ–ի կշիռը ամենամեծն է, և այդ 15%-ը հնարավորություն չի տալիս պատշաճ կերպով դիվերսիֆիկացիա անելու, այսինքն, ԱՄՆ–ի շուկայում ավելի շատ ներդրումներ անելու։ Հիմա այս պարագան դիվերսիֆիկացիայի հնարավորություն կտա»։
Կապիտալի շուկայի զարգացման համար, մասնավորապես, կենսաթոշակային ֆոնդերի գումարները պետք է պակաս ռիսկային գործքիներում ներդրվեն՝ կարծում են գլխավոր դրամատանը։ Դեռ փակագծեր չեն բացում, բայց նշում են, որ առաջիկայում ֆոնդերի՝ իրական հատվածում ներդրումային մեծ ծրագրի մասին կհայտարարեն։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․
«Մենք չենք կարող կենսաթոշակային ֆոնդերին մղել, որպեսզի իրենք ռիսկային ներդրումներ անեն, որոնք իրենց մեջ պարունակում են չվերադարձելիության էական ռիսկ։ Եթե հանկարծ մեր գումարները, որոնք կենսաթոշակային ֆոնդերում ներդրված են, որպեսզի ապահովեն մեր ծերությունը, մենք չստանանք, համակարգի նկատմամբ կլինի վստահության տոտալ ճգնաժամ։ Ուստի ես կարծում եմ, որ այդ տիպի ակտիվներում, որոնք 0 ռիսկային են, ներդրումները բավականին խելամիտ են։ Այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերը, գնաճով ճշգրտված եկամտաբերությունն եմ ասում, մոտավորապես 7 % է կազմում»։
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են երկու ընկերություն՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ն ու «Կապիտալ Ասեթ Մենեջմենթը»։ Կիսամյակային տվյալներով ամենամեծ դրական ազդեցությունն ունեցել են արտասահմանյան բաժնետոմսերը, արտասահմանյան կայուն եկամտային գործիքները, ինչպես նաև հայաստանյան բանկային ավանդները։ Մինչդեռ, տեղական պարտքային ներդրումները բացասական ազդեցություն են ունեցել ընդհանուր եկամտաբերության վրա։




