Օրերս Studio 20-ում բացվեց Մհեր Ազատյանի «Սիրիր այն տեղը, ուր ապրում ես» խորագրով ցուցահանդեսը։ Այն ներառում է լուսանկարներ և տարբեր օբյեկտներ, որոնք շոշափում են կյանքի գոյության ու անցողիկության գաղափարները։
Ազատյանի կարծիքով՝ արվեստը պետք է մարդուն վեր բարձրացնի և ոչ թե պայքարի մեջ մտցնի. «Մի բան պիտի մտածես, որը քեզ կբարձրացնի, որը քեզ կհանգստացնի, ոչ թե կբարկացնի։ Արվեստը քեզ երջանկություն պիտի բերի։ Հնարավոր է տխուր բան լինի, բայց դու քեզ երջանիկ զգաս»։
Արվեստագետը նշում է, որ արվեստը կիսվելու հարթակ է, ինչպես ընկերոջը որևէ լավ բանով հյուրասիրելը։ Ըստ նրա՝ կարևորը արվեստագետը չէ, այլ արվեստը։ «Արվեստագետը աշխարհի ամենախելոք մարդը չէ։ Ուժեր են գալիս իրեն օգնելու։ Միտքը ոչ մեկի սեփականությունը չէ։ Էնպես չի, որ դու այդ միտքն արտահայտեցիր և ուրիշը չի կարող ասել։ Բոլոր մտքերն արդեն ասվել են, ու այն քոնը չէ, բոլորինն է»։
Ազատյանի ցուցահանդեսը ժամանակ է տալիս խորհելու և մտածելու, քանի որ․ «Մի լավ բան կա աշխարհում՝ արվեստը»։ Նա կարևորում է արվեստի գոյությունը մարդկության պատմության սկզբից՝ քարանձավներից սկսած, քանի որ արվեստի միջոցով մարդը ցանկացել է ասել. «Ես կամ», դա իր գոյության և լինելիության մասին հայտարարություն է, որն օգնում է բոլորիս։
«Եթե չհասկանայի արվեստը, ուրեմն կյանքս էլ չէի հասկանա, կմոլորվեի ու մի հիմար բան կանեի»,- ասում է նա։ «Սիրիր այն տեղը, ուր ապրում ես» ցուցահանդեսը Studio 20-ում կգործի մինչև հոկտեմբերի 3-ը։




