
Անկարգություններ Թուրքիայում. այս գիշեր Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Ստամբուլի գրասենյակի ղեկավարությանը պաշտոնից հեռացնելու դատարանի որոշումից հետո։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ պաշտոնանկ արվածների փոխարեն նշանակվել են իշխող վերնախավի վստահված անձինք: Անկարգությունների պատճառով Ստամբուլի իշխանությունները մի քանի օրով արգելել են հանրահավաքներն ու ցույցերը քաղաքի վեց շրջաններում:
Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ընդդիմադիրների միջև։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը քաղաքացիներին կոչ է արել հավաքվելու գրասենյակի շենքի առջև այն բանից հետո, երբ ոստիկանությունը որոշել էր շրջափակել կուսակցության՝ Ստամբուլի գլխավոր գրասենյակը։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը դա որակել էր պաշարում։
ԺՀԿ-ի շուրջ վերջին լարվածությունն ի հայտ եկավ մի քանի օր առաջ, երբ դատարանը սեպտեմբերի 2-ին չեղյալ համարեց կուսակցության 2023 թ․ համագումարի արդյունքները և որոշեց կուսակցության ստամբուլյան մասնաճյուղի ղեկավարությանը հեռացնել պաշտոնից ու նրանց փոխարեն նշանակել իշխանության վստահված անձանց։ Դատարանը եզրակացրել էր, որ 2023 թ․ կուսակցության համագումարում խախտումներ են եղել։
Կուսակցության նախագահ Օզգյուր Օզելն իրենց կողմնակիցներին կոչ արեց հավաքվելու և ցույցեր անցկացնելու դատարանի որոշման, կուսակցության վրա գործադրված ճնշումների, ինչպես նաև գլխավոր գրասենյակի շուրջ բարիկադներ տեղադրելու և հանրության մուտքը սահմանափակելու ոստիկանության միջոցառումների դեմ։
Դատարանին ավելի վաղ հայց էր ներկայացվել՝ 2023 թ․ տեղի ունեցած համագումարի և քվեարկության ընթացքում թույլ տրված խախտումների հարցով։ Հենց այդ ժամանակ էր ընտրվել Ստամբուլի գրասենյակի ղեկավարությունը։
Ընդդիմադիր ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելն էլ դատարանին կոչ է արել չեղյալ համարելու կուսակցության ստամբուլյան մասնաճյուղի ղեկավարությանը պաշտոններից ազատելու որոշումը։
Կուսակցության գրասենյակը շրջափակած ոստիկանության և ընդդիմադիրների բախումների ժամանակ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, ցուցարարներն էլ փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը։
Ստամբուլի իշխանությունները տեղեկացրել են՝ քաղաքի որոշ շրջաններում հավաքների, ցույցերի, մամուլի համար հայտարարությունների և թռուցիկների տարածման եռօրյա արգելքի մասին։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելն իր կուսակցության աջակիցներին վստահեցրել է, որ չեն հանձնվելու։ Նրա խոսքը ծափերով է ուղեկցվել․
«Հարձակվել Ժողովրդահանրապետական կուսակցության վրա նույնն է, ինչ հարձակվել հանրապետության վրա։ Մենք կկանգնենք մեր հանրապետության վրա հարձակվող մարդկանց դեմ մեր պողպատի պես ուժեղ կամքով և առանց վախի՝ նույն վճռականությամբ և համառությամբ ինչպես 105 տարի առաջ։ Մենք չենք վախենում, մենք չենք հանձնվում և չենք հանձնվի»։
Ստամբուլի բախումներից հետո որոշ սոցիալական ցանցերում խնդիրներ են առաջացել․ անհասանելի են դարձել Telegram-ը, X-ը, Youtube-ը, Instagram-ը, Facebook-ը և WhatsApp-ը։ Խնդիրներ են առաջացել նաև կապի օպերատորների, ինչպես նաև բջջային ինտերնետի հասանելիության հետ կապված։
Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտնել է անկարգությունների և սոցիալական ցանցերում «սադրիչ» գրառումների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։
Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի ղեկավար Էբուբեքիր Շահինը հայտարարել է, որ հեռարձակման լիցենզիայից կզրկվեն այն լրատվամիջոցները, որոնց հրապարակումները կորակվեն հանրային անվտանգությանը սպառնացող։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է՝ սեպտեմբերի 21-ին արտահերթ համագումար անցկացնելու մասին այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը կասեցրել է կուսակցության ղեկավարության լիազորությունները կաշառակերության մեղադրանքով՝ գրում է AFP-ն։
Պարբերականը գրում է, որ դատարանի որոշումը կայացվել է ընդդիմադիր ուժի վրա աճող քաղաքական ճնշման շրջանակում, մասնավորապես երբ մի քանի օր առաջ չեղյալ հայտարարեցին՝ Ստամբուլում 2023 թ․ հոկտեմբերին անցկացված նահանգային համագումարի արդյունքները՝ հեռացնելով կուսակցության առաջնորդ Օզգյուր Չելիքին ու ևս 195 անդամի։
AFP-ն գրում է, որ ընդդիմադիր կուսակցության ավելի քան 900 անդամներ դիմել են Թուրքիայի տեղական ընտրական խորհուրդ համագումարի անցկացման թույլտվություն ստանալու համար։ Ակնկալվում է, որ համագումարը կորոշի կուսակցության հետագա ռազմավարությունը։
Թուրքիայի խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը 2024 թ․ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ։
Դրանից հետո կուսակցությունը հայտնվեց իշխանությունների թիրախում։ Ձերբակալվեցին հարյուրավոր անդամներ՝ ներառյալ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը։ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում վերջին տասնամյակի՝ բողոքի ամենամեծ ցույցերը տեղի ունեցան։
ԺՀԿ-ն հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։ Կուսակցությունը համարում է, որ իրավական միջոցառումները քաղաքականացված փորձեր են՝ վերացնելու Էրդողանի դեմ ընտրական սպառնալիքները և թուլացնելու ընդդիմությունը։




