
«Հոգալ ուրիշների մասին և ուրիշների համար․ սովորեցնելով հոգալ»՝ սա էր օգոստոսի 7-9-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում՝ Տամպերեի համալսարանում անցկացված Բարոյակրթության 51-րդ միջազգային կոնֆերանսի հիմնական թեման։
Կոնֆերանսը միավորել էր գիտնականների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների՝ աշխարհի տարբեր անկյուններից՝ բարոյական կրթության, բարոյական զարգացման, էթիկայի և հոգատարության շուրջ գիտական և պրակտիկ խնդիրներ քննարկելու նպատակով։
Ուշադրության կենտրոնում էր հոգատարության և բարոյական զարգացման դերը կրթական միջավայրում՝ դպրոցից մինչև համալսարան։ Կոնֆերանսը կազմակերպվում է Բարոյակրթության ասոցիացիայի, Տամպերեի համալսարանի և Տեխասի A&M համալսարանի համագործակցությամբ։



«Հիմա կրթությունը բավական դժվարացել է։ Կրթության գործընթացում, երբեմն, տեսնում ենք դաժան երևույթներ՝ բռնության տարբեր դեպքեր, անախորժություններ և այլն։ Բարոյակրթության 51-րդ կոնֆերանսում թեմաները, թե ի՞նչ է բարին, ի՞նչ է բարիքը, շատ կային։ Եվ այո, կրթության մեջ վերջին տարիներին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում գիտելիքներին, կարողություններին, հմտություններին։ Մեր հանրակրթության պետական չափորոշչում կա արժեքների բաղադրիչ, և կա դիրքորոշումների վերաբերմունքի բաղադրիչ։ Ցավոք, մենք դրանց ուշադրություն չենք դարձնում։ 2004 թվականից պետական չափորոշիչներում կա արժեքային բաղադրիչը։ Բայց, եթե հիմա զրուցենք ուսուցիչների հետ, կտեսնենք, որ տիրում է կատարյալ անորոշություն։ Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ արժեքներ պետք է դասավանդի, ի՞նչ ձևերով, ի՞նչ մեթոդներով։ Այս կոնֆերանսին մասնակցելու նպատակներից մեկն էլ սա էր, որ փորձենք այս արժեքային կրթության բաղադրիչը Հայաստանում առաջ տանել»,- ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։




