ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տնտեսությունը մոտենում է իր ներուժային մակադակին․ ինչո՞ւ է կարևոր միջազգային վարկանշային գործակալության գնահատականը երկրի համար

«Ստանդարտ ընդ փուրս» միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի կառավարության՝ արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման BB–  սուվերեն վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:  «Կայուն» կանխատեսումը, ըստ մասնագետների, արտացոլում է Հայաստանի բարենպաստ տնտեսական աճի հեռանկարները և կառավարության պարտքի կառավարելի մակարդակի պահպանումը, մյուս կողմից՝ արտաքին վճարային հաշվեկշռի և աշխարհաքաղաքական ռիսկերի առկայությունը։ Ինչո՞ւ է կարևոր  միջազգային վարկանիշային գործակալության գնահատականը երկրի համար։

Տնտեսության կառուցվածքային առանձնահատկություններ,  ինստիտուցիոնալ զարգացում, մակրոտնտեսական ցուցանիշներ, պարտքի մակարդակ, բյուջեի դեֆիցիտ, հարկաբյուջետային կայունություն․ միջազգային վարկանշային գործակալությունները մեծ մասամբ այս ցուցանիշներն են հաշվի առնում՝ գնահատելու տվյալ երկրի վարկանիշը՝ «Ռադիոլուր»–ին պարզաբանում է ՖՆ մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը։

«Գնահատականները  ոչ միայն կառավարության, այլ նաև առհասարակ երկրի համար կարևոր են այնքանով, որ  երկրի համար ուղենշային ռիսկի գնահատական են տալիս համեմատության մեջ, թե, օրինակ, Հայաստանը ինչ վարկանիշ ունի։ Ներդրողները երբ ցանկանում են հասկանալ, թե ինչպիսի տնտեսության մեջ են ցանկանում ներդրումներ կատարել կամ  Հայաստանի վերաբերյալ  որևէ  նյութի են ցանկանում ծանոթանալ, առաջինը այդ  գործակալությունների ռեյտինգներն են հաշվի առնում։ Նրանց մեսիջները  ուղենիշ են ռիսկերը և հնարավորությունները գնահատելու համար»։

«Ստանդարտ ընդ փուրս» միջազգային վարկանշային գործակալությունը անփոփոխ է թողել   Հայաստանի կառավարության՝ արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման  սուվերեն վարկանիշը՝  BB –  «կայուն» հեռանկարով։ Հայաստանի ռեյտինգը երկու տարի մնացել է անփոփոխ։

Հայաստանի ներկայացուցիչները միջազգային գործընկերների հետ քննարկումներում փորձել են հասկանալ, թե ինչու ռեյտինգի բարձրացում չի եղել։ Արշալույս Հարությունյանն ընդգծում է՝ առանցքային մատնանշումը եղել է աշխարահաքաղաքական իրավիճակը։ Պաշտոնյան պատահական չի համարում, որ գործակալությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված վերջին իրադարձություններին։

«Ապագա խաղաղության համար ուղենշային այս քայլը գործակալությունները նշել են, բայց դեռ ներկա հրապարակումներում այդ իրողությունը չի արտացոլվել, ռեյտինգի բարձրացում չի գրանցվել, քանի որ  հաշվի է առնվում երկու հանգամանք։ Առաջին՝  իրենց վերլուծական աշխատանքը  կատարվել է ավելի վաղ, ու կարճ ժամանակում դժվար է վերանայել։ Երկրորդ հանգամանքն այն է, որ  սա նախնական է, բայց դրական սպասումներ ունեն։ Գործակալությունը կփորձի անել զգալի քայլեր այն ժամանակ, երբ խաղաղության կետը իրենց համար լինի առավել հիմնավոր»։

 «Կայուն» կանխատեսումը, մի կողմից, արտացոլում է Հայաստանի բարենպաստ տնտեսական աճի հեռանկարները և Կառավարության պարտքի կառավարելի մակարդակի պահպանումը, իսկ մյուս կողմից՝ արտաքին վճարային հաշվեկշռի և աշխարհաքաղաքական ռիսկերի առկայությունը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանն ընդգծում է՝ ռեյտինգային այլ կազմակերպությունների գնահատականները նույնն են՝ Հայաստանն ունեցել է տնտեսական բարձր աճի շրջան՝ պայմանավորված ռուս–ուկրաինական պատերազմով։ Իրավիճակն այժմ փոխվել է։

«Իրավիճակի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ մենք մոտեցել ենք պոտենցիալ ներուժային ՀՆԱ–ի աճի մակարդակին։ Այս  դեպքում արդեն իրենց գնահատականները հենց դրա շուրջ են։ Այսինքն` մենք որոշակիորեն ավելի մեղմ տնտեսական աճ ենք ունենում, բայց այն ավելի կայուն է։ Սա նպաստում է նաև նրան, որ կառավարությունն իր պարտավորությունների, պարտքի մարմանն առնչվող ռիսկեր չունենա, մասնավորապես եկամուտների,  պետական եկամուտների, հարկերի հավաքագրման ծախսերի կատարման հետ կապված»։

Փորձագետը նույնպես կարծում է, որ արտաքին ռիսկերը տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար էական են եղել, և  օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթերի առկայությունն  արդեն դրական ազդակ է արտաքին աշխարհի համար։

«Սա կարող է դրական  ազդել  Հայաստանի ներդրումային վարկանիշի  և տնտեսական զարգացման վրա»։

Գործակալության գնահատմամբ՝ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության աճի տեմպերն աստիճանաբար կվերադառնան բնական մակարդակին։ Աճի որոշակի դանդաղումը պայմանավորված կլինի դրամական փոխանցումների և Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի ներհոսքի՝ նախորդ տարիներին գրանցված բարձր աճի թուլացմամբ։ Կանխատեսվում է 4,8% տնտեսական աճ, որի հիմնական շարժիչ ուժը կմնան ներդրումներն ու սպառումը։

«Իրավիճակի փոփոխությունը բնականաբար կարող է ազդել այն հոսքերի փոփոխության վրա, որոնք իրավիճակ են փոխում։ Իմ գնահատմամբ՝ հոսքերը նվազել են, բայց արտարժույթի շուկան կայուն է, դրամի արժևորման տենդենց ունենք։ Այս իրավիճակը  ցույց է տալիս, որ արտաքին կապիտալի հոսքի ռիսկեր կան, բայց պետական քաղաքականությունը պետք է միտված լինի դրանց մեղմանն ու կապիտալը  որոշակիորեն դեպի տնտեսություն ավելացնելուն»։

ՖՆ մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հիշեցնում է՝ հունիսի 5-ին հրապարակվել է Միջնաժամկետ ծախսերի 2026–2028 թթ․ ծրագիրը, որտեղ արդեն տնտեսական աճը ոչ թե 7–8  է, այլ  5%–ի միջակայքում է։

«Մեր գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական աճի պոտենցյալը բարձրացել է՝ մոտենալով՝ 5–5,5%–ի։ Կանխատեսվող աճը 2025–2026 թթ համար գնահատված ներուժից ցածր է,  քանի որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունն իր ներուժից բարձր աճ է ունեցել՝ նաև արտաքին գործոններով պայմանավորված։ Դրական ներուժի ու փաստացի գնահատված ՀՆԱ-ի տարբերությունն աստիճանաբար փոքրանում է, տնտեսությունը մոտենում է իր ներուժային մակարդակին»։

Ֆինանսական ոլորտի պատասխանատուներն առաջիկայում Հայաստանի սուվերեն վարկանիշի փոփոխություն են ակնկալում՝ դրական ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button