
Իրանական միջուկային ծրագրի շուրջ շարունակվող հակամարտության ֆոնին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գործարկել են մեխանիզմ, որը թույլ է տալիս երկարաձգել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք վերջին տասնամյակում կասեցվել էին, օգոստոսի 28-ին հայտնել են dpa և Reuters գործակալությունները՝ հղում անելով «Եվրաեռյակ»-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակին։
Հինգ էջանոց փաստաթղթում ընդգծվում է, որ վերջին վեց տարիներին Իրանը բազմիցս խախտել է միջուկային համաձայնագիրը։ 2019 թվականից Թեհրանն արդիականացրել է իր միջուկային ենթակառուցվածքները և կուտակել մինչև 60 տոկոս հարստացված շուրջ 408 կգ ուրան, ինչը, ըստ եվրոպական երկրների, չի կարող արդարացվել խաղաղ նպատակներով։
«Իրանի գործողությունները հստակորեն հակասում են միջուկային էներգիայի բացառապես խաղաղ օգտագործման սկզբունքին»,-նշվում է նամակում։
«Եվրաեռյակ»-ի երկրները նաև քննադատել են Թեհրանի վարքագիծը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ համագործակցության հարցում՝ հայտարարելով, որ անկախ ստուգման գործընթացն այժմ գրեթե անհնար է դարձել։
ԱՄՆ-ի արձագանքը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ողջունել է եվրոպական երկրների որոշումը՝ այն որակելով որպես «պատասխանատու քայլ» Իրանի կողմից միջուկային պարտավորությունների չկատարման պայմաններում։
Իրանի արձագանքը
Իրանը, իր հերթին, խստորեն դատապարտել է պատժամիջոցների վերականգնումը՝ դրանք անվանելով «անօրինական և ցավալի»։ Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ այս քայլերը ուղղված են դիվանագիտական լուծման խոչընդոտմանը և հայտարարել է, որ Իրանը պահպանում է պատասխան քայլերի իրավունքը, ներառյալ ԱԷՄԳ-ի հետ համագործակցության սահմանափակումը։
Օգոստոսի կեսերին եվրոպական երկրները նախազգուշացրել էին Թեհրանին նոր պատժամիջոցներով, եթե վերջինս հրաժարվի բանակցային ճանապարհով լուծել խնդիրը։ Օգոստոսի 27-ին հաղորդվել էր, որ երկամսյա ընդմիջումից հետո Իրանը թույլատրել է ԱԷՄԳ տեսուչներին կրկին ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում։




