
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Պաղեստինը որպես պետություն գոյություն չի ունենա, հաղորդում է Reuters-ը։
«Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, չորեքշաբթի օրը պատասխանելով Պաղեստին պետություն ստեղծելու ծրագրերի մասին հարցին, ասել է, որ նման բան չի լինի», — գրում է Reuters-ը։
Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 երկրների, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ 2024 թվականին Միացյալ Նահանգները վետո է դրել Պաղեստինի ՄԱԿ-ում լիիրավ անդամակցությանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 24-ին հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Նա ասել է, որ նամակ է ուղարկել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին՝ խոստանալով դա անել։ Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը հայտարարել է, որ Լոնդոնը կճանաչի Պաղեստինը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, եթե Իսրայելը չհամաձայնի հրադադարի և քայլեր չձեռնարկի Գազայում «սարսափելի» իրավիճակին վերջ դնելու համար։




