ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունները՝ կայուն այլընտրանք հանքարդյունաբերությանը

Չեխիայի արտգործնախարարության աջակցությամբ Հայաստանի մի շարք մարզերում, որտեղ առկա է շրջակա միջավայրին վնասելու վտանգը, մշակվում են համայնքների զարգացման սոցիալ-էկոլոգիական քաղաքականություններ՝ որպես այլընտրանք անհեռանկար ծրագրերին։ Հանրության բոլոր շահագրգիռ շերտերի կարծիքները մեկտեղելով՝ ձևավորվում են  փաստաթղթեր, որոնք դառնալու են համայնքների կայուն զարգացման անձնագրեր։

Արմեն Սաֆարյանը Մարգահովտում տոֆուի և ամբողջահատիկ հացի փոքրիկ արտադրություն է հիմնել, նաև առողջարանային տուրիզմով զբաղվելու ծրագրեր ունի.

«2018-ից մինչ հիմա ստեղծել ենք տոֆուի փոքրիկ արտադրամաս, որն արդեն սուպերմարկետների ցանցում է վաճառվում, ունենք նաև ամբողջահատիկ հացի արտադրություն։ Առողջության կենտրոն եմ ցանկանում ստեղծել, դա է մեր հիմնական ուղին, որտեղ մարդը կգա ոչ միայն կհանգստանա, այլև կառողջանա»։

Գոքոր Բանդիկյանն էլ 2020-ից կիվամորու տնկարան է հիմնել։ Մարգահովտի կլիման շատ նպաստավոր է այս բույսի համար։

Առայժմ փոքր ծավալներով, հետո՝ ընդլայնվելու և արտահանման հույսով.

«Եթե չգիտեք ինչ է կիվամորին, պատկերացրեք խաղողի չափ կիվի է, խաղողից ավելի քաղցր, անմազ։ Կուզեմ արտահանում ծավալեմ, որովետև ընդամենը ունեմ 2-3 հեկտար հող։ Եթե գյուղով միանանք, խոսում ենք 20-40 հեկտարի մասին»։   

Լոռու և Տավուշի մարզերի միջև է մեր գյուղը, մաքուր օդ ու ջրով, զարգացման մեծ ներուժով՝ այսպես է բնութագրում Մարգահովիտը Էմիլիա Մարտիրոսյանը։ Մի խումբ համախոհների հետ բնակիչների ու համայնքային առաջնորդների կարծիքները մեկտեղել, գյուղի զարգացման քաղաքականություն են մշակել ու ավագանուն ներկայացրել։ Ավագանու որոշումները, ասում է պիտի բխեն բնակիչների իրական կարիքներից։

«Մարգահովտի երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ Էմիլիա Մարտիրոսյան. «Զարգացման ծրագրերն այնքան էլ կարիքահեն չեն։ Այս փաստաթղթի հիման վրա Փամբակի ՏԻՄ-ը կկարողանա ավելի հասցեական ծրագրեր մշակել»:

Տուրիզմ, օրգանական գյուղատնտեսություն, մեղվաբուծություն, արհեստների զարգացում՝ ի հակադրություն հանքարդյունաբերության․ քննարկումների գլխավոր եզրահանգումներն են։

Էմիլիա Մարտիրոսյան. «Մարգահովտի համար ընդունելի են տուրիզմը՝ իր տարբեր դրսևորումներով, մաքուր էկոլոգիական գյուղմթերքի արտադրությունը։ Իսկ կարճաժամկետ տնտեսական էֆեկտ ունեցող հանքարդյունաբերությունը մերժելի էր բնակիչների կողմից։ Այս տեսակետին էին ինչպես Մարգահովտի, Փամբակի, այնպես էլ հարևան համայնքների ՏԻՄ ներկայացուցիչները։ Հիմնվելով այս փաստաթղթի վրա՝ Փամբակի ՏԻՄ-ը կկարողանա ավելի հասցեական ծրագրեր մշակել»։

Մեր մարզն ավանդաբար գյուղատնտեսական մարզ է եղել՝ հայտնի իր անուշահամ մրգերով։ Մարդիկ հող են մշակել, ծառ խնամել ու եկամուտ ստացել՝ Արարատի մարզի Այգեզարդ բնակավայրից Արփինե Խաչատրյանն է ասում։ Հանքարդյունաբերությամբ ծանրաբեռնված  բնակավայրերի համար սոցիալ-էկոլոգիական զարգացման ռազմավարությունը  անհեռանկար ծրագրերից ապահովագրման լավագույն այլընտրանքն է։

«Կորիզ» երիտասարդական կենտրոնի համակարգող Արփինե Խաչատրյան. «Վերաարժևորենք մաքուր միջավայրի դերը, գյուղատնտեսության դերը՝ որպես մեր տնտեսության կայուն և երկարաժամկետ զարգացման մոդել։ Հանքարդյունաբերությունը մեր համայնքում այլընտրանք չունի։ Մենք մեր գյուղի զարգացումը տեսնում ենք մաքուր էկոլոգիական միջավայրում։ Նման փաստաթղթի առկայությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի»։

Նման քաղաքականությունների մշակումը հնարավոր է դարձել չեխական «Նեսեհնուտի» ՀԿ աջակցությամբ՝ Չեխիայի արտգործնախարարության «Փոխակերպման համագործակցություն» ծրագրի շրջանակում։

Կազմակերպության հայաստանյան ծրագրերի ղեկավար Ալյոնա Մարչկովան «Ռադիոլուր»-ի հետ զրուցում ասում է, աջակցելով քաղաքացիական նախաձեռնություններին՝ փորձ է արվում համայնքի զարգացման գործընթացներում ներգրավել բնակիչներին ու համատեղ լուծումներ գտնել, զորացնել տեղական ժողովրդավարությունը։

Չեխական «Նեսեհնուտի» կազմակերպության հայաստանյան ծրագրերի ղեկավար  Ալյոնա Մարչկովա. «Այլընտրանքային կանաչ գյուղատնտեսությունը, էկոլոգիապես մաքուր արտադրությունը կարող են փոխարինել արդյունաբերությանը, կարող են դառնալ եկամտի աղբյուր և օգնել պահպանել բնությունը, բարելավել մարդկանց կյանքի որակը։ Հայաստանում շատ են լեռները և առաջին հայացքից թվում է՝ դրանց տակ թաքնվածը կարելի է օգտագործել, բայց իրականում այն հսկայական ներուժ է՝ անասնապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման համար»։

Համայնքի բնակիչների մասնակցությունն ինքնին կարևոր ու նշանակալի է դարձնում քաղաքականության էությունը՝ ասում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Փաստաթուղթը, որ դրվելու է ավագանու սեղանին, պիտի ամրագրի համայնքների էկոլոգիական զարգացման հատուկ կարգավիճակը։

«Դա իրա համար լծակ ա, ռեսուրս, որ ինքը, օրինակ, եթե ցանկանան հանք բացեն, ասի գիտեք էս համայնքը ավագանու որոշմամբ հատուկ կարգավիճակ ունի, դրա համար նպատակահարմար չէ այստեղ, որ դուք գործունեություն իրականացնեք։ Եթե էդ պրակտիկան Հայաստանում գնա, չի բացառվում, որ նաև ՀՀ օրենսդրությամբ ՏԻՄ օրենքով ամրագրվի, որ համայնքներն իրավունք ունեն ավագանիներով առաջնահերթություններ սահմանեն և եթե արգելանք է դրվում որոշակի վնասակար գործունեության համար տվյալ բնակավայրում»։

«Նեսեհնուտի» կազմակերպության աջակցությամբ սոցիալ-էկոլոգիական զարգացման քաղաքականություններ են մշակվում Հայաստանի մի շարք մարզերում։ Նման փաստաթղթերի մշակումը կարող է օրենսդրական փոփոխությունների հիմք դառնալ, որպեսզի համայնքների սոցիալ-էկոլոգիական պաշտպանությունն ամրագրվի օրենքով։

Կարդացեք նաև

Back to top button