Վերնատուն

Ազգային երգի պահապանը․ Հայրիկ Մուրադյան-120. «Վերնատուն»

Այս տարի լրանում է ազգագրական երգիչ, մշակույթի գործիչ և բանահավաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120- ամյակը։ Այդ առիթով Հայաստանում և արտերկրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ` այդ թվում գիտաժողով և համերգ։

«Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահ, ջութակահար Նարինե Դելալյանը խոսում է Հայրիկ Մուրադյանի գործի առանձնահատկության և հոբելյանական միջոցառումների մասին։ Հայրիկ Մուրադյանը կարողացել է ամենուր իր շուրջը հավաքել մարդկանց և նրանց փոխանցել ազգայինը՝ հրաշալի գիտակցելով, որ ազգային մշակույթն է այն առանցքը, որի շուրջ համախմբվում է ազգը, նրա մտածողությունը, դիմագիծն ու ինքնությունը։

Նա իր ողջ կյանքի ընթացքում ժողովրդից ստացած ազգային մշակույթը վերադարձրել է նույն ժողովրդին։ Դելալյանի խոսքով՝ Հայրիկը Կոմիտասի գործի շարունակողն է այն իմաստով, որ նա իր հետ բերել է այդ երգերի հիշողությունն ու դրանց կարևորության գիտակցությունը։ Նա ժառանգություն է թողել մի ամբողջ կատարողական դպրոց, որը սովորեցնում է, թե ինչպես պետք է հնչի հայկական երգը, որտեղ պետք է լինեն շեշտադրումները, և ինչն է կարևոր՝ բառերի երանգը, հնչողությունը։

Նարինե Դելալյանը նշել է, որ ուրախալի է՝ Հայրիկ Մուրադյանի հոբելյանական միջոցառումների մի զգալի մասը կազմակերպվում է ոչ միայն իրենց կողմից։ Մասնավորապես, սեպտեմբերի 5-ին իրենց նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի գործունեությանը, իսկ սեպտեմբերի 9-ին նախատեսվում է համերգ, որտեղ նրա երգերը կհնչեն տարբեր ժանրերով՝ ջազի, ռոքի և դասականի «լեզվով»։

Հայրիկ Մուրադյանի ժառանգությունը մեծ նշանակություն ունի հայկական մշակույթի և երաժշտության պատմության համար։ Նա համարվում է ազգագրական երգի և բանահավաքչության վարպետներից մեկը։

Կարդացեք նաև

Back to top button