
AFP-ի հաղորդմամբ՝ կիրակի օրը Կիևում կայացած Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություններին մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վոլոդիմիր Զելենսկին Քիթ Քելլոգին պարգևատրել է առաջին աստիճանի «Ծառայությունների համար» շքանշանով։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նույնպես ժամանել է Կիև Անկախության օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Ուկրաինսկա պրավդա»-ի փոխանցմամբ՝ Քարնին արարողության ժամանակ ասել է, որ Ուկրաինան սեպտեմբերին Կանադայի ավելի քան 1 միլիարդ կանադական դոլար արժողությամբ օգնության փաթեթից անօդաչու թռչող սարքեր, զինամթերք և զրահապատ մեքենաներ կստանա։
Վոլոդիմիր Զելենսկին X-ում հրապարակել է ԱՄՆ նախագահի շնորհավորական նամակը։
«Ուկրաինայի ժողովուրդն ունի անխորտակելի ոգի, և ձեր երկրի քաջությունը շատերին է ոգեշնչում։ Այս կարևոր օրը իմացեք, որ Միացյալ Նահանգները հարգում է ձեր պայքարը, հարգում է ձեր զոհերի հիշատակը և հավատում է որպես անկախ ազգ ձեր ապագային», — ասվում է Թրամփի շնորհավորական նամակում։
Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարին «բարի խոսքերի» և այն փաստի համար, որ Միացյալ Նահանգները «ուս ուսի տված կանգնած է Ուկրաինայի հետ՝ պաշտպանելով ամենաթանկը՝ անկախությունը, ազատությունը և երաշխավորված խաղաղությունը»։




