
Նորաստեղծ «Փրեշիըզ Քոր» ընկերությունը ցանկանում է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի օգտակար հանածոները։
Երկրաբանական ուսումնասիրությունները սկսելու համար ընկերությունը պետք է ստանա համայնքի բնակիչների նախնական համաձայնությունը։ Այդ նպատակով հրավիրված լսումները, սակայն, հարթ չեն անցել։
Տեղացիները նշում են, որ ընդամենը մեկ ամիս առաջ են մերժել մեկ այլ ընկերության՝ Ազատեկի մետաղական հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանք կատարելու հայտը:
Հանրային երեք լսում մեկ օրում։ Վայոց ձորի Ազատեկ, Վայք ու Զառիթափ համայնքներում լսումները նախաձեռնել է «Փրեշիըզ Քոր» ընկերությունը, որը մարզի Վայք համայնքի տարածքում ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություն կատարել։ Ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն ընդամենը մեկ ամիս առաջ է ստեղծվել՝ 2025 թ․ հուլիսի 16-ին։ Հիմնադիրն ու տնօրենը Հովհաննես Բեքմեզյանն է։
Ընկերությունը երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստանալու պարագայում խոստանում է սոցիալական ծրագրեր իրականացնել ազդակիր համայնքների համար։


«Ստեղծվելու է մի քանի հարյուր աշխատատեղ, պարբերաբար իրականացվելու են սոցիալական ծրագրեր։ Բացի պայմանագրային պարտավորություններից՝ ընկերությունը կկատարի նաև այն պարտավորությունները, որոնք կսահմանի պետությունը»։
Ընկերության երկրաբան Արկադի Հովեյանը մանրամասնում է, թե ինչ աշխատանքներ են կատարելու․
«Ընկերությունը աշխատանքներ է կատարելու 309 հա տարածքում։ 82 հորատում կկատարվի՝ մոտ 16․067 գծամետր ընդհանուր ծավալով»։
Իրավապաշտպան Օլեգ Դուգարյանը մասնակցել է քննարկմանը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ բնակիչների մեծ մասը լսումներին չի մասնակցել, իսկ մասնակիցների՝ դեմ կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակվել է։

«Օրինակ՝ Ազատեկից մի չորս հոգի էր մասնակցում, Վայքից՝ նույնպես մի չորսը։ Նույն խումբը, որը մասնակցում էր Ազատեկում, նաև Վայքում էր փորձում լռեցնել։ Շատ վատ լսումներ են, տեղական ժողովրդավարության մասին ընդհանրապես խոսք չկա»։
Երեք համայնքներում էլ լսումները թեժ են անցել, բայց մթնոլորտը լարված է եղել հատկապես Վայքում։
«Ժողովուրդ ջան, մեր գերեզմաններն են․ կա՞ այս համայնքում մի տղա, որը թույլ կտա՝ իր գերեզմաններին փոշի լցվի»։
Նորաստեղծ ընկերությունը միայն հայտարարել է, որ մտադիր է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի օգտակար հանածոները։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ հաստատված պաշարներ կան, բայց օրենսդրության պահանջ է, որ հանքավայրը շահագործել ցանկացողները ևս մեկ անգամ հետազոտություն ու պաշարների գնահատում կատարեն։
Օլեգ Դուլգարյանը հիշեցնում է՝ այս տարածքում առաջին անգամ չէ, որ հետախուզական աշխատանքներ են կատարվում․ դրանք եղել են թե խորհրդային շրջանում, թե դրանից հետո։
«Ամբողջությամբ Վայոց ձորի փեշերին է, ճանապարհներին մոտ։ Ասեմ ավելին՝ նախկինում արված հորատումների լցոնումները դեռ մնացել են, ու այդ տարածքներում բուսականություն չկա։ Ամբողջ տարածքը շրջապատում է Վայք համայնքը»։
Հուլիսի 3-ին Վայք համայնքը մերժել էր Ազատեկում ուսումնասիրություններ կատարելու մեկ այլ ընկերության՝ «Վայք Գոլդ Ռեսորսիզ» ՍՊԸ-ի հայտը։ Իրավապաշտպանը հիշեցնում է՝ Վայոց ձորի մարզը զբոսաշրջային ու գյուղատնտեսական կենտրոն է։ Մինչդեռ, Արենիից բացի, մյուս բոլոր հատվածներում հանք շահագործելու փորձեր են արվում՝ Ջերմուկից մինչև Եղեգնաձոր ու Վայք՝ ամփոփում է իրավապաշտպանը։




