Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հաղորդակցության ղեկավար, երիտասարդ հետազոտող և սցենարիստ Վովա Արզումանյանը կարծում է, որ արվեստի ոլորտում տեսական գիտելիքները կարևոր են, քանի որ դրանք հիմք են ծառայում նոր ու արժեքավոր գործեր ստեղծելու համար։
Այսօր աշխարհն այնքան արագ է զարգանում, որ մասնագետները հազիվ են հասցնում հետևել նորագույն միտումներին։ Մի քանի տարի առաջ դա համաշխարհային գրականության և արվեստի նորությունների մասին տեղյակ լինելն էր, իսկ հիմա, ըստ Վովա Արզումանյանի, առաջընթացի տեմպերն այնքան արագ են, որ դժվար է հասկանալ՝ առաջ ես գնում, թե` հետ։ Նորագույն տեխնոլոգիաները մշտապես զարգանում են, իսկ արվեստում սահմաններ, գրեթե, չկան։ Թեմաների բազմազանությունը թույլ է տալիս ստեղծագործողներին լիարժեք ազատություն ունենալ։
Չնայած արվեստում առկա ազատությանը` դասական մոտեցումները պահպանում են իրենց կարևորությունը։ Տեսությունն ոչ միայն անցյալն ուսումնասիրելու, այլև ինքնազարգանալու միջոց է։ Կրթությանը հատկացված ժամանակը բավարար չէ ամբողջական գիտելիքներ ձեռք բերելու համար, ուստի կարևոր է անընդհատ նոր գրականություն կարդալ և նոր գաղափարներ «պեղել»։
Շատ ստեղծագործողներ կենտրոնանում են միայն գործնականի վրա՝ անտեսելով տեսական հիմքերը, սակայն Վովա Արզումանյանը շեշտում է, որ առանց ամուր տեսական հիմքի հնարավոր չէ կառուցել որակյալ ստեղծագործություն։ Լինի դա ֆիլմ, թե ներկայացում, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել տվյալ ոլորտը՝ նոր, արժեքավոր, մարդկանց հուզող և նրանց խնդիրներին անդրադարձող գործեր ստեղծելու համար։
18-րդ կամ 19-րդ դարի բեմադրությունների մասին գիտելիքները կարող են անիմաստ թվալ, սակայն, հին բեմադրական ձևերը և կառուցվածքները հաճախ նոր գաղափարների աղբյուր են դառնում։ Տեսությունն օգնում է հասկանալ անցյալի փորձը, որի վրա հիմնվելով կարելի է ստեղծել նորը։
Արվեստագետը պետք է ոչ թե սահմանափակի իրեն, այլ ջնջի այդ սահմանները։ Ստեղծագործությամբ մարդը պետք է ձգտի ազատության, այլ ոչ թե ինքնասահմանափակման։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա տիրապետում է արվեստի հիմքերին, քանի որ միայն այդ դեպքում կարող է իսկապես ազատորեն մտածել և ստեղծել։




