Դեպի առաջին մեծ երազանք տանող ճանապարհն արդեն իրականություն է: Այս պատանիները հայտնվել են եվրոպական ֆուտբոլային սկաուտների ուշադրության կենտրոնում: Իրենց տաղանդով, աշխատասիրությամբ ու մեծ ցանկությամբ Հայաստանի առաջնություններում նրանք արդեն իսկ աչքի ընկել են, այժմ ժամանակն է ուժերը փորձելու իսպանական խաղադաշտերում։
«Միկա» ֆուտբոլային ակումբի սան Սերժ Անանյանը ուժերը կփորձի «Ռեալ Մուրսիայում»։ 14-ամյա կենտրոնական հարձակվողի տվյալները տպավորել են իսպանացի մասնագետներին։ Պատանին 1 մետր 84 սանտիմետր հասակ ունի, Հայաստանի նախորդ առաջնությունում 19 գոլ է խփել։
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի սաներ Ալեն Գաբրիելյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն էլ փորձաշրջան կանցնեն «Հերկուլես» ֆուտբոլային ակումբում։
Ռոբերտ Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով մոտ մեկ մրցաշրջան չի մարզվել, բայց արդեն բուժել է վնասվածքն ու գնում է սիրելի ֆուտբոլիստի հետքերով։
Դժվարին ժամանակներ ապրող հայկական ֆուտբոլի ապագան այս պատանիներն են։ Նրանց մոտ ապագայում կարող ենք տեսնել նաև Հայաստանի պատանեկան հավաքականներում։




