
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամները երեքշաբթի այցելել են Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզ անցակետ։
ICANA գործակալության փոխանցմամբ՝ այցի ընթացքում պատգամավորները զրուցել են ուղևորների հետ և տեղեկացել տերմինալի թերությունների և խնդիրների մասին։ Տեղական պաշտոնյաների խոսքով՝ հայ-իրանական սահմանն ամեն օր հատում է մոտ 2000 ուղևոր և 400-450 բեռնատար, իսկ տոների ժամանակ ուղևորների թիվը հասնում է 7000-8000-ի։ Բացի այդ, տարեկան մոտ մեկ միլիոն տոննա տարանցիկ ապրանք է անցնում այս անցակետով, որի հզորությունը զգալիորեն աճել է։
Հանձնաժողովի անդամները ընդգծել են խելացի ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և կոչ արել նահանգային պաշտոնյաներին միջոցներ ձեռնարկել այս անցակետի թույլ կողմերը վերացնելու և կարողությունները բարելավելու համար։




