ԿարևորՔաղաքական

Օգոստոսի 8-ի հռչակագիրը մեծ հեռանկարներ կբացի տարածաշրջանի տնտեսական զարգացման համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը այսօր հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո։

Հայաստանի վարչապետը նախագահ Փեզեշքիանին է ներկայացրել Վաշինգտոնում  օգոստոսի 8-ին  ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները։ Վարչապետը շեշտել է, որ այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։

«Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից առաջինը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է` երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում` Նախիջևան- Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և ի վերջո, դեպի Սև ծով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա ամբողջությամբ համապատասխանում է Խաղաղության խաչմերուկ նախագծին։

Հայաստանի կառավարության ղեկավարը փաստել է, որ ԻԻՀ հետ փոխգործակցությունն ընդգրկում է բազմաթիվ բնագավառներ` տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ, առողջապահական, մշակութային, բնապահպանական և այլն։

«Հայաստանի և Իրանի միջև առկա ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր արդեն իսկ թևակոխել են գործնական փուլ, և պետք է նշեմ, որ այդ ծրագրերը ռազմավարական կարևորություն ունեն Հայաստանի համար։ Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրերից է Քաջարան- Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Նա տեղեկացրել է, որ Հայաստան- Իրան սահմանին 2-րդ կամուրջ կառուցելու համաձայնություն է ձեռք բերվել , նշվել է, որ Հայաստան- Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գիծը հնարավորինս սեղմ ժամկետներում պիտի շահագործման հանձնվի, քանի որ դրանով «Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել»։

Կարդացեք նաև

Back to top button