ԼուրերԿարևորՔաղաքական

Հայկական կողմից՝ երաշխիքներ, իրանական կողմից՝ մտահոգություններ․ Փեզեշքիանի այցից առաջ Իրանը թարմացրել է «կարմիր գծեր»-ը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  Փեզեշքիանը Հայաստանից հետո կայցելի Բելառուս։  Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իրանական լրատվամիջոցների հետ զրույցում ընդգծել է՝ Մասուդ Փեզեշքիանի այցի նպատակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխությունն ապահովելն է: «Իրանի դիրքորոշումը չի փոխվել, մենք դեմ ենք տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության կամ օտարերկրյա ռազմական ներկայության»,-հայտարարել է արտգործնախարարը։ Վերջինը նաև ծավալուն հոդվածով է անդրադարձել հայ-իրանական համագործակցությանը՝ մշակույթից մինչև առևտուր ու քաղաքականություն։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մինչև Երևան  ժամանելը Մեհրաբադ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին և ասել, որ իր այցը պետք է դիտարկել հարևան երկրների հետ հարաբերությունները ամրապնդելու և գործակցության ավելի լայն հնարավորություններ բացելու Իրանի  քաղաքականության համատեքստում։

IRNA-ի փոխանցմամբ՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ մշտապես ձգտել է պահպանել քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական ամուր գործակցությունը Երևանի հետ։ Ըստ գործակալության՝ Իրանի նախագահը Հայաստանը բնութագրել է որպես «բարեկամ և հարևան» երկիր, որի հետ Իրանն ունի «ռազմավարական հարաբերություններ»։

Նույն լրատվամիջոցի հետ զրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այցի նախօրեին ասել էր, որ Հայաստան կատարելիք այցի առանցքը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության հարցն է։

«Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան։ Աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիություն ասելով՝ նկատի ունեմ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը, սահմանների տեղաշարժը կամ տարածաշրջանի պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը: Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ նման բան չենք հանդուրժի: Մեր քաղաքականությունը միշտ էլ հստակ է եղել»։

Արաղչին ընդգծել է, որ և՛ Երևանը, և՛ Բաքուն ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում հռչակագրի և Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո պարտավորվել են հարգել գոյություն ունեցող սահմաններն ու երկրների ինքնիշխանությունը։ «Այդ տեսանկյունից, կարծես, մեր աշխարհաքաղաքական մտահոգություններն առայժմ լուծվել են: Բայց մենք ուշադիր կհետևենք՝ արդյոք նրանք ապագայում հավատարիմ կմնան դրան», — լրատվամիջոցի փոխանցմամբ ասել է Իրանի արտգործնախարարը, միաժամանակ հայտարարել, որ տարաշաշրջանային ապաշրջափակման և այդ հարցում ԱՄՆ-ի ներգրավման հարցում Իրանի մտահոգությունները դեռ փարատված չեն։

«Մտահոգություն կա, որ այդ ուղին կարող է դառնալ տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության պատրվակ»։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ հայ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թեհրանին երաշխիքներ են տվել, որ ամերիկյան ուժերը կամ նույնիսկ անվտանգության ոլորտի մասնավոր ընկերությունները ոչ մի կերպ չեն մտնի Հայաստան այդ ճանապարհի պատճառով։ Իրանագետ Ժաննա Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացատրում է՝ անգամ երկրների տարածքային ամբողջականության մասին Իրանի մտահոգությունը փարատվելու դեպքում այդ երկիրը որոշակի զգայունություն է ունենալու «Թրամփի ուղու» նկատմամբ։

«Այսինքն, եթե փարատվեն այն կասկածները, որ դա որևէ վնաս չի հասցնելու տարածքային ամբողջականությանը, հայ-իրանական սահմանին կամ հայ-իրանական կապի կամ Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա Իրան կապին, դա, իհարկե, որոշակիորեն կփարատի իրանական կողմի մտահոգությունները, բայց միևնույն է, քանի որ այստեղ խոսքը գնում է Միացյալ Նահանգների մասին,Իրանը միևնույն է ունենալու այդ մտահոգությունը, որ այստեղ Նահանգներն իր ազդեցությունն է ընդլայնում։ Այն կարող է օգտագործվել նաև իր դեմ։ Այսինքն՝ ճանապարհը անմիջապես Իրանի սահմանների հարևանությամբ է,  բնականաբար, այդ մտահոգությունը որևէ կերպ չի կարող փարատվել, բացի նրանից, որ Նահանգները որևէ ներգրավվածություն չունենա այստեղ»։

Իրանագետի խոսքով՝ Փեզեշքիանի՝ Հայաստան այցելելու մասին քննարկումներ կային դեռ վաշինգտոնյան իրադարձություններից առաջ, հետևաբար, չի կարծում, թե երկօրյա այցի գլխավոր պատճառը ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերն ու ձեռք բերված պայմանավորվածություններն են․

«Բայց, ընդհանուր առմամբ Իրանի նախագահի Հայաստան այցը բավականին կարևոր իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ այդքան էլ հաճախ չի լինում, երբ Իրանի նախագահներ են այցելում Հայաստան։ Իհարկե, մենք ունենք նախագահների այցեր, բայց դրանք ոչ հաճախ են եղել, և այս առումով սա կարևոր է։ Վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները իրականում բավականին ինտենսիվ են դարձել և աճել են դինամիկ կերպով տարբեր ոլորտներում, ու կարծում եմ, մենք ունենք քննարկման թեմաներ բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսականից,  առևտրից, ենթակառուցվածքային ոլորտում համագործակցությունից, մինչև իսկ քաղաքական, մշակութային, մեդիա ոլորտում համագործակցություն»։

Իրանի արտգործնախարարը  հայ-իրանական բարեկամության մասին նաև ծավալուն հոդված է հրապարակել։ Արաղչին երկու երկրների հարաբերությունները նկարագրելու համար նա մեջբերում է արել  Հովհաննես Թումանյանից․ «Ընկերությունը նման է խոր արմատներ ունեցող ծառի․ որքան շատ ջրես, այնքան ավելի պտղաբեր և հաստաբուն կդառնա»։ Հայ-իրանական փոխհարաբերությունները համեմատելով հաստաբուն ծառի հետ՝ Արաղչին գրել է, որ երկրները դարեր ի վեր «ջրել են» այն՝ փոխադարձ հարգանքի, մշակութային ու տնտեսական համագործակցությամբ։ Արաղչին հիշեցրել է, որ Հայաստանի համար տարածաշրջանային բարդ ու ծանր շրջանում Իրանը մնացել է Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկը։

«Այն փաստը, որ Իրանը նույնիսկ անարդար միակողմանի պատժամիջոցների պայմաններում մնացել է Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը, ցուցիչ է, որ երկու երկրները միմյանց համար հուսալի գործընկերներ են: Մեր տնտեսությունների փոխլրացումն անթիվ հնարավորություններ է ընձեռում աճի և զարգացման համար, որոնք կարող են բարօրություն բերել մեր երկու ժողովուրդներին»։

Ուշագրավ է, որ նախարարն ուղիղ տեքստով որևէ բան չի գրել «Թրամփի ուղու» մասին, փոխարենը հիշեցրել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին, որն ունի 13 անդամ-երկիր և կապում է Իրանի հարավային նավահանգիստները Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Աֆղանստանի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ։ Արաղչին պնդել է, թե ի դեմս այդ միջանցքի, Հայաստանն ու Իրանն ունեն առևտրային համագործակցության դեռևս չօգտագործված ներուժ․

«Հենց այս համատեքստում է, որ նախագահ Փեզեշքիանի այցը ձեռք է բերում հատուկ կարևորություն։ Այս այցը ոչ միայն նշանավորում է ևս մեկ դիվանագիտական ​​հանդիպում, այլև վերահաստատում է մեր համատեղ հանձնառությունը՝ հարաբերություններում նոր հորիզոններ բացելու ուղղությամբ։ Պատմական կապերը, աշխարհագրական առումով մոտ գտնվելը, փոխլրացնող տնտեսությունները և համընկնող տարածաշրջանային շահերը միասին վերցրած հզոր թափ են հաղորդում համագործակցության ամրապնդմանը»։

Իրանագետ Ժաննա Վարդանյանը չի բացառում, որ եռօրյա այցի ընթացքում Հայաստանն ու Իրանը կստորագրեն ռազմավարական համագործակցության մասին նոր փաստաթղթեր․

«Իրանը ցանկանում է բոլոր հարևանների հետ կնքել ռազմավարական համագործակցության մասին երկարաժամկետ փաստաթղթեր, և Հայաստանի դեպքում ևս հիշատակվել է նման փաստաթղթի մասին, գուցե նման փաստաթուղթ ևս քննարկվի կամ արդեն իսկ քննարկվել է և, օրինակ, այցի ընթացքում ստորագրվի»։

Իրանական Mehrnews գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանից հետո Իրանի նախագահը Բելառուս կգնա։ Ըստ լրատվամիջոցի՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկու երկրների դեպքում էլ կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։

Կարդացեք նաև

Back to top button